Օբաման հաղթել է նախընտրական հեռուստաբանավեճում /վիդեո/
ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական բանավեճերի 2-րդ փուլում հաղթող է ճանաչվել գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբաման: “CNN”-ի հարցման արդյունքներով` գործող նախագահի օգտին է քվեարկել հեռուստադիտողների 46 տոկոսը: Նրա հակառակորդ Միթ Ռոմնին հավաքել է ձայների ընդամենը 39 տոկոսը:
Սակայն ամերիկացիները Ռոմնիին ավելի հարմար թեկնածու են համարում երկրի էկոնոմիկայի վերականգնման համար: Ամերիկացիների 58 տոկոսի կարծիքով` այդ առաջադրանքն ավելի լավ կկատարի Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, քան Օբաման, ում այդ առաջադրանքի համար հարմար է գտնում ընդամենը 40 տոկոսը:
Օբաման եւ Ռոմնին արդեն 2 անգամ հանդիպել են նախընտրական քարոզչության շրջանակներում: Առաջին բանավեճում նախագահը պարտվել էր: Իրավիճակը հաջողվեց փոքր-ինչ փոխել փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդենի եւ Փոլ Ռայանի հանդիպման շնորհիվ, որն ավարտվեց ոչ-ոքի:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Հոկտեմբերի 22-ին թեկնածուները կհանդիպեն վերջին անգամ քվեարկությունից առաջ: