Քլինթոնը` ԱՄՆ նախագա՞հ /վիդեո/
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պաշտոնը լքող պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն առաջին անգամ համատեղ հարցազրույց են տվել` “CBS” հեռուստաընկերության եթերում, գրում է “Известия”-ն: Օբաման բարձր է գնահատել նրա բացառիկ դերը` որպես պետդեպի ղեկավար, սակայն շրջանցել է 2016-ի նախագահական ընտրությունների մասին հարցը, որոնց ժամանակ նա, ըստ որոշ տեղեկությունների, սատարելու է Քլինթոնի թեկնածությունը:
Ուղիղ տրված հարցին նախագահը կատակով է պատասխանել. “Դուք` լրագրողներդ, անուղղելի եք: Ես դեռ մի քանի օր առաջ եմ երդում տվել, իսկ դուք արդեն խոսում եք հաջորդ ընտրությունների մասին, որոնք 4 տարի անց են կայանալու”: Երբ նույն հարցը Քլինթոնին է տրվել, նա եւս խուսափողական պատասխան է տվել. “Ես դեռեւս ԱՄՆ պետքարտուղար եմ, ես դուրս եմ քաղաքականությունից եւ նման հարցեր չպիտի լսեմ”:
Քլինթոնի հասցեին մի շարք գովաբանություններ ասելուց հետո Օբաման խոստովանել է. “Ես կկարոտեմ նրան: Մեր համատեղ աշխատանքի 4 տարիները հիանալի ժամանակ էին”:
Քլինթոնը պաշտոնից հեռանալու իր որոշումը բացատրում է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու մտադրությամբ, սակայն մասնագետների կարծիքով` այդ քայլն արված է սեփական նախագահական քարոզարշավը կազմակերպելու նպատակով: