Հետսովետական երկրները “ամենաճգնաժամային” տարածքներն են. “Freedom House”
Ամերիկյան “Freedom House” հասարակական կազմակերպությունը հետսովետական տարածքը եւ Միջին Ասիայի երկրները համարում է “աշխարհում ամենաճգնաժամային տարածքները”: Կազմակերպության նոր զեկույցում ասվում է, որ 2012-ին նախկին Սովետական Միության երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված իրավիճակն զգալիորեն վատացել է, գրում է “Росбалт”-ը:
Ըստ կազմակերպության` ժողովրդավարությունը հատկապես անկում է ապրում 27 երկրներում: “Ոչ ազատ” երկրների կամ տարածքների շարքին, որտեղ առավել ծանր է ժողովրդավարության վիճակը, դասվում են Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Բելառուսը: Ազատության սանդղակում ստորին հորիզոնականներ են զբաղեցրել նաեւ Սաուդյան Արաբիան եւ Հյուսիսային Կորեան, ինչպես նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը:
Ղրղըզստանը միակ երկիրն է Կենտրոնական Ասիայում, որ դասվում է “մասամբ ազատ” երկրների շարքին: Այս ցանկում են դասվել նաեւ Մոլդովան, Պակիստանը, Հայաստանը եւ Վրաստանը:
“Freedom House“-ը 2012-ին ընդհանուր առմամբ “ոչ ազատ” է հռչակել 47 երկիր կամ աշխարհի երկրների 24 տոկոսը: