Աշխարհում այսպիսի անպաշտպանվածություն գոյություն չի ունեցել
Աշխարհն այսօր տարատեսակ «անվտանգություններով» են լցրել, սակայն, Քրիստոսից հեռացած լինելով՝ այն մեծագույն անպաշտպանվածություն է զգում: Որևէ դարաշրջանում այնպիսի անպաշտպանվածություն գոյություն չի ունեցել, որպիսին՝ ժամանակակից մարդիկ ունեն: Եվ քանի որ մարդկային անվտանգությունները նրանց չեն օգնում՝ նրանք դեպի Եկեղեցու նավն են վազում, որպեսզի իրենք իրենց հոգևոր անվտանգության մեջ զգան, քանի որ տեսնում են՝ աշխարհի նավն անդունդն է գնում: Սակայն, եթե նրանք տեսնեն, որ Եկեղեցու նավն էլ է ջուր լցվում և այնտեղ այս աշխարհի ոգով են զբաղված, իսկ Սուրբ Հոգին չկա, ապա մարդիկ կհուսահատվեն, քանի որ դրանից հետո ոչինչ չի մնա, որից կարելի լինի կառչել:
Աշխարհը տառապում է, կործանվում և ցավոք սրտի, բոլոր մարդիկ ստիպված են այդ աշխարհիկ տառապանքի մեջ ապրել: Մարդկանց մեծամասնությունը մեծագույն լքվածություն և անտարբերություն է զգում, հատկապես հիմա դա ամենուրեք է զգացվում: Մարդիկ չգիտեն, թե ինչից կառչեն: Իսկն ասացվածքի պես է. «Խեղդվողը սեփական մազերից է կառչում», այսինքն խեղդվողը փնտրում է, թե ինչից կառչի, ինչպես փրկվի:
Նավը խորտակվում է, իսկ ինչ-որ մեկը՝ փրկվել կամենալով, ուզում է կայմից բռնվել: Նա չի մտածում այն մասին, որ կայմն էլ նավի հետ անդունդն է գնում: Նա կառչում է կայմից և ավելի արագ է խորտակվում: Ուզում եմ ասել, որ մարդիկ փնտրում են, թե ինչի վրա հենվեն, ինչից բռնվեն: Եվ, եթե նրանք հավատ չունեն, որպեսզի հենվեն դրա վրա, եթե Աստծուն չեն հուսացել այնքան, որպեսզի լիովին Նրա վրա հույս դնեն, ապա տառապանքներից չեն խուսափի: Աստծուն հուսալն ու վստահելը մեծ գործ է:
Այս տարիները, որ ապրում ենք, շատ ծանր ու վտանգավոր են, բայց վերջ ի վերջո Քրիստոս կհաղթի: Ա՛յ կտեսնեք, թե մարդիկ ինչպիսի հարգանքով կսկսեն վերաբերվել Եկեղեցուն, միայն թե մենք՝ (քրիստոնյաներս) ճիշտ ապրենք: Մարդիկ կհասկանան, որ այլ կերպ ոչ մի լավ բան չի լինի: Քաղաքական գործիչներն արդեն հասկացել են, որ եթե կան մարդիկ, որ կարող են հոգեբուժարանի վերածված աշխարհում ապրող մարդկանց օգնել, ապա դրանք Եկեղեցու մարդիկ են:
Այո՛, մի՛ զարմացեք: Մեր քաղաքական գործիչներն ընդունել են իրենց անկարողությունը և ձեռքերը վեր են բարձրացրել: Մի անգամ. մի քանի քաղաքական գործիչներ եկան իմ խուց և ասացին. «Վանականները պետք է աշխարհ գնան՝ քարոզելու, մարդկանց լուսավորելու: Այլ ելք չկա»: Ինչպիսի՜ ծանր տարիներ են… Եթե միայն իմանայիք, թե մինչև ուր ենք հասել, և ի՜նչ է մեզ սպասում ապագայում…
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի