Թալիբները խոստացել են վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից
“Թալիբան” խմբավորումը խոստացել է վրեժխնդիր լինել նախօրեին ամերիկացի զինվորի կողմից սպանված 16 խաղաղ աֆղաննների համար: Ըստ “Sky News”-ի տեղեկությունների` նման հայտարարություն են իրենց կայքում տեղադրել թալիբները:
Գրոհայինները սպանվածներին անվանել են “մարտիրոսներ”` նշելով, որ նրանց մեծ մասը կանայք, ծերեր եւ երեխաներ են եղել: Ամերիկացի զինվորներին թալիբներն անվանել են “զավթիչներ” եւ “վայրագներ”:
Թալիբների հայտարարությունը հաջորդել է ամերիկյան կողմի մի շարք ներողություններին: Անձամբ Բարաք Օբաման, իր աֆղան գործընկեր Համիդ Քարզայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ամերիկացի զինվորների եւ իր անունից ներողություն է խնդրել: Նա նաեւ խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել, պարզել մեղավորներին եւ պատժել: Նմանատիպ խոստումներ են տվել նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան եւ գեներալ Ջոն Ալենը:
Խաղաղ բնակիչների վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 11-ի գիշերը Կանդագար նահանգում` ԱՄՆ-ի բազայից ոչ հեռու: Ամերիկացի զինվորի բոլոր 16 զոհերը սպանվել են իրենց տներում: Ամերիկացին եղել է հարեւան 2 գյուղերի ընդամենը 3 տներում: Սպանություններից հետո նա վերադարձել է բազա, որտեղ նրան ձերբակալել են:
Թե ինչն է դարձել ամերիկացի սերժանտի արարքի պատճառը, առայժմ հայտնի չէ: Ըստ “BBC News”-ի` նրա մոտ նյարդային խանգարում է եղել: