Եվրախորհրդարանը հանդուրժողականություն է ցուցաբերել Պուտինի հանդեպ
Եվրախորհրդարանը որպես ընթացող նստաշրջանի թեմա է ընտրել նախագահական ընտրությունները Ռուսաստանի Դաշնությունում: Երկուշաբթի այն քննարկել է միջազգային հարցերով կոմիտեն, իսկ երեքշաբթի` ֆրակցիաները: Այսօր կկայանա ընդհանուր խորհրդարանական քննարկում, որի արդյունքները կհիմնավորեն ընտրությունների օրինականության հարցը: Համապատասխան բանաձեւի փաստաթուղթը կներկայացվի վաղը, եւ հավանաբար այն ավելի “մեղմ” կլինի, քանի ՌԴ Պետդումայի ընտրություններին վերաբերող նմանատիպ փաստաթուղթը: Ընդ որում, ընդդիմությունը չի կորցնում հավատը եվրոպական ինստիտուտների նկատմամբ եւ դեռեւս հուսով է փոխել ապագա բանաձեւի ընթացքը, տեղեկացնում է “Коммерсант”-ը:
Փաստաթղթի նախագծում, որը պատրաստել է “Սոցիալ-դեմոկրատների պրոգրեսիվ դաշինք”-ի ղեկավարը, ի տարբերություն դեկտեմբերին ներկայացված բանաձեւի, որում ասվում էր, որ Պետդումայի ընտրությունները “անազատ են, անարդար եւ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին”, այս բանաձեւում նշվում է միայն “նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների”, ինչպես նաեւ “քվեարկողների ընտրության սահմանափակման” մասին:
Փաստաթուղթը չի առաջարկում չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները, ինչպես դեկտեմբերին, այլ միայն կոչ է անում ՌԴ իշխանություններին “խախտումների ընդհանրական եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել, որպեսզի ամրապնդվեն դեմոկրատական չափանիշներն ապագա ընտրությունների համար”:
Հարկ է նշել, որ սոցիալ-դեմոկրատները Մոսկվային ամենահավատարիմն են Եվրախորհրդարանում: