2012-ին ռեկորդային թվով լրագրողներ են զոհվել

Անցնող տարվա ընթացքում 119 լրագրող է զոհվել` իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: 2012-ը գերազանցել է մյուս տարիներին` մահացած լրագրողների թվով: Այդ մասին նշվում է մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցում, որն իր հաշվետվությունները կազմում է 1997-ից: Դրանցում ընդգրկվում են բոլոր այն լրագրողները, ովքեր մահացել են մասնագիտական գործունեության պատճառով կամ առաջադրանք կատարելիս:
2012-ին լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը դարձավ Սիրիան, որտեղ արդեն իսկ մահացել են 36 լրագրողներ եւ ԶԼՄ-ների այլ ներկայացուցիչներ: Մամուլի միջազգային ինստիտուտի կարծիքով` այդ լրագրողներից շատերը դիտմամբ են սպանվել, որպեսզի կանխվի այնպիսի ինֆորմացիայի տարածումը, որը կարող է հակամարտող կողմերից որեւէ մեկի քարոզչական ջանքերին խանգարել:
Լրագրողների մահերի քանակով երկրորդ տեղում Սոմալին է: Այնտեղ մեկ տարվա ընթացքում 16 լրագող է մահացել: Ամենավտանգավոր տարածաշրջաններն են համարվել Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան, իսկ ամենավտանգավոր երկրները` Մեքսիկան, Պակիստանը եւ Ֆիլիպինները: ԱՊՀ երկրները հաշվետության մեջ չեն հիշատակվել: