Օլանդը հաստատել է հայերին տրված խոստումը /վիդեո/
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները շարունակում են մնալ աշխարհում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Արդեն սկսվել է նախընտրական քարոզարշավի վճռական շրջանը` ընտրությունների 2-րդ փուլին նախապատրաստվելը: 2-րդ փուլը կկայանա մայիսի 6-ին, հաղորդում է “Вести.ру”-ն:
Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ առաջին փուլում հաղթանակած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն այժմ պայքարում են Մարին Լե Պենի կողմնակիցների ձայների համար: Լե Պենն առաջին փուլում հավաքել էր ձայների 18 տոկոսը, իսկ հիմա հայտարարել է, որ 2 թեկանծուներից ոչ մեկի քարոզչությամբ չի զբաղվելու:
Նախօրեին Ֆրանսուա Օլանդը Փարիզում գտնվող Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին: Օլանդը հայտնել է հայերին, որ ինքն առաջին անգամ չէ գալիս այդ վայրը եւ ցեղասպանության հարցում երբեք էլ չի փոխել իր հստակ դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ առաջիններից մեկն է եղել, ով աջակցել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես նաեւ առաջիններից մեկը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առաջարկողների թվում:
Նա խոստացել է ֆրանսահայերին, որ ամեն ջանք կգործադրի արդարություն հաստատելու համար: “Իմ նախագահ ընտրվելու հենց հաջորդ օրն իսկ ես խոստանում եմ զբաղվել այդ հարցով,”-հայտնել է Օլանդը: