Պուտինը եւ Մեդվեդեւը պաշտոնների փոխանակում են արել
ՌԴ Պետդուման հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը, այն է` ՌԴ վարչապետ նշանակել նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, գրում է “Der Standard”-ը:
Պատգամավորների առաջ Պուտինն իր առաջարկած թեկնածությունը հիմնավորել է նրանով, որ Մեդվեդեւը փորձված է քաղաքականության մեջ եւ ճիշտ է կողմնորոշվում փոփոխությունների եւ զարգացման հարցում: Պուտինը վստահություն է հայտնել, որ Մեդվեդեւը կհամագործակցի բոլոր կուսակցությունների եւ հասարակական շարժումների, երկրի խորհրդարանի եւ խորհրդարանական ֆրակցիաների հետ:
Նախկին նախագահի թեկնածությանը վարչապետի պաշտոնում կողմ են քվեարկել 450 պատգամավորներից 299-ը:
Ինչպես նշում է պարբերականը, նոր պաշտոնը Մեդվեդեւի վրա “թանկ է նստել”: Նա ստիպված է եղել հրապարակայնորեն հրաժարվել իր լիբերալ իմիջից, որի վրա երկար էր աշխատել, որպեսզի կարողանա հենվել կրեմլյան կուսակցության աջակցության վրա: Նախկին նախագահը խոստովանել է, որ “ինքն իրեն միշտ ավելի շատ պահպանողական է համարել, քան լիբերալ”: Նման հայտարարությունը հավանաբար հիասթափեցրել է “կրեմլյան ճամբարում “մնացած լիբերալներին:
Ռուս հրապարակախոս Ստանիսլավ Կուչերն իր հերթին Մեդվեդեւին “կարիերիստ” է անվանել` նշելով, որ գաղափարախոսությունը նորանշանակ վարչապետի համար երբեք դեր չի խաղացել, կարեւորը` պաշտոն ունենալն է: