Դարվինը 4 հազար ձայն է հավաքել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Բրիտանացի հանգուցյալ բնագետ Չարլզ Դարվինը Ջորջիա նահանգի կողմից 4 հազար ձայն է ստացել ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում, հաղորդում է “The Athens Banner-Herald”-ը: Խոսքը նահանգի միայն մեկ` Աթենս-Կլարկ շրջանից ստացված ձայների մասին է: Թե որքան ձայն է հավաքել Դարվինը մյուս` 24 շրջաններում, հայտնի չէ:
Ջորջիայի բնակիչները քվեարկել են Դարվինի օգտին` ի նշան բողոքի հանրապետական Փոլ Բրաունի վերընտրվելու դեմ, ով առանց այլընտրանքի թեկնածու է եղել այդ ընտրություններում: Բնագետի անունն ընտրողներն իրենք են ավելացրել քվեաթերթիկներում: Դարվինի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Բրաունը կտրականապես մերժում է նրա տեսությունը: Ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Բրաունը Դարվինի տեսությունը “սուտ” էր անվանել եւ կոչ արել ամեն ինչում որպես հիմք ընդունել Աստվածաշունչը: Սակայն Ջորջիայի ոչ այնքան կրոնական բնակիչները քննադատել էին քաղաքական գործչի խոսքերը, իսկ բնագետներից մեկը “Facebook”-ում խումբ էր բացել` “Դարվինը` ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու” անունով: Նրա խոսքով` իր քարոզարշավն ավելի հաջող է ստացվել, քան ինքն էր սպասում:
Ընտրողները բացի Դարվինից քվեարկել են նաեւ այնպիսի “թեկնածուների” օգտին, ինչպիսիք են “ով ասես, միայն ոչ Բրաունը”, “ինչ-որ ուրիշ մեկը”, “մեծ թռչուն”, “Բիլլի Հայ, գիտնական տղա” եւ այլն: Այնուամենայնիվ, Բրաունը 209 հազար ձայն է հավաքել եւ կրկին Կոնգրեսում է:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի պատվին կոչված Աթենս քաղաքի բնակչության մեծ մասն ուսանողներ, դասախոսներ եւ գիտական աշխատողներ են: Քաղաքը նաեւ համարվում է անկախ երաժշտության կենտրոններից մեկը եւ հայտնի է որպես “R.E.M.” խմբի ծննդավայր: