Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ գագաթաժողովը
Մոսկվայի Մեծ Կրեմլյան պալատում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակի հոբելյանական գագաթաժողովը: Այն ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտաքին քաղաքական միջոցառումն է: Գագաթաժողովին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ-երկրները` Ղրղըզստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, հաղորդում է “Ведомсти”-ն:
Պուտինը նախ ընդունել է հյուրերին եւ ողջունել, որից հետո սկսվել է նիստը: Նրա ելույթից հետո ելույթ է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը` շնորհակալություն հայտնելով Պուտինին գագաթաժողովի կազմակերպման համար:
ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բացի գագաթաժողովին մասնակցությունը, նախատեսված է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Հիշեցնենք, որ 2012-ի աշնանը Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները: Դրանց կմասնակցեն 6 երկրներ: