Իսրայելում ստորգետնյա ստուդիա է կառուցվել
Իսրայելական “IBA” հեռուստաալիքը Հայֆա քաղաքում ստորգետնյա ստուդիա է կառուցել, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը չդադարեցնել հեռարձակումները նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է “The Israel National News”-ը:
Ստուդիան գտնվում է 7 մետր խորության վրա, նրա պատերի լայնությունը 30 սմ է: Բացի հաղորդավարի համար նախատեսված տարածքից, ստուդիայում կա նաեւ ռադիոխցիկ, ինչպես նաեւ այլ սարքավորումների խցիկ, որտեղից հեռուստատեսային ազդանշան է ուղարկվում դեպի մակերեւույթ:
Հեռուստաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ բունկեր-ստուդիան կառուցվել է արտակարգ իրավիճակների համար: 2006-ին “IBA” հեռուստաալիքն ստիպված էր ընդհատել հեռարձակումը, երբ շիաների “Հիզբալլա” զինված խմբավորումը սկսեց հրթիռային գրոհը Հայֆայի վրա: Ստորգետնյա ստուդիաներ կկառուցվեն նաեւ Թել-Ավիվում եւ Երուսաղեմում:
2012-ի փետրվարին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարեց, որ Իսրայելը հնարավոր է հենց այս տարվա վերջին ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ: