Սերբիան նոր նախագահ ունի
Սերբիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է նախկին նացիոնալիստ, ընդդիմադիր Սերբիայի պրոգրեսիվ կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նա հավաքել է ձայների 50,21 տոկոսը` 3 տոկոսով առաջ անցնելով իր մրցակից` Դեմոկրատական կուսակցության ղեկավար, այժմ արդեն նախկին նախագահ Բորիս Տադիչից, տեղեկացնում է “дни.ру”-ն:
Նիկոլիչը դեռ մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն էր հայտարարել իր հաղթանակի մասին եւ խոստացել, որ ինքը կլուծի Տադիչի պատճառով առաջացած խնդիրները, կզարգացնի տնտեսությունը, կպայքարի կոռուպցիայի եւ աղքատության դեմ, աշխատատեղեր կբացի:
Տադիչն արդեն ընդունել է իր պարտությունը` անվանելով այս ընտրությունները թափանցիկ եւ արդար: Նա շնորհավորել է Նիկոլիչին եւ նրան հաջողություններ մաղթել:
Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 6-ին, 0,3 տոկոսով հաղթանակ գրանցեց Տադիչը: Նիկոլիչն առաջին անգամ չէ, որ նախագահի թեկնածու է եղել: Նա 2 անգամ նախագահական ընտրություններում պարտվել է Տադիչին` 2004-ին եւ 2008-ին:
Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի կառավարման ժամանակ Նիկոլիչն աշխատել է որպես փոխվարչապետ: Նա կառավարության կազմում էր, երբ 1999-ին ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Սերբիան: Ժամանակին նա հայտնել էր, որ գերադասում է համագործակցել Ռուսաստանի հետ, քան թե լինել Եվրամիության անդամ: