Մոսկվայում երթեւեկությունը կաթվածահար է եղել
Նոյեմբերի 28-ի երեկոյան ՌԴ մայրաքաղաքին վրա հասած ձնաբուքը գրեթե “դադարեցրել” է քաղաքի ակտիվ կյանքը: Ինչպես գրում է “РБК” կայքը, Մոսկվայում 14-16 սմ ձյուն է տեղացել, ինչն ամսական նորմայի մեկ երրորդն է:
Ամբողջությամբ խաթարված է երթեւեկությունը թե կենտրոնական մասերում, թե քաղաքի մուտքերում: Մոսկովյան ճանապարհների ծանրաբեռնվածությունը 10 բալլանոց սանդղակով գնահատվում է 9 բալլ: Քաղաքը մաքրելու համար 12 հազար մաքրման սարքեր են աշխատում, ինչպես նաեւ 7 հազար մարդ: Բարեբախտաբար, ոչ մի դժբախտ պատահար ձնաբքի հետ կապված չի գրանցվել:
Խաթարված է նաեւ օդանավակայանների աշխատանքը: 70 չվերթ հետաձգվել է միայն Դոմոդեդովո օդանավակայանում, 20-ական չվերթներ` Շերեմետեւո եւ Վնուկովո օդանավակայաններում:
Քաղաքը ներկա պահին կրկին գտնվում է ցիկլոնի ազդեցության տակ: Օդերեւութաբանների կանխատեսումները լավատեսական չեն: Առաջիկա օրերին կթափվի տեղումների ամսական նորման, իսկ նոյեմբերի 30-ին ՌԴ մայրաքաղաքին նաեւ սառը անձրեւ է սպառնում: