Սարսափելի ջրհեղեղ Սոչիում. մարդկանց տարհանում են /վիդեո/
Սոչիում տեղումների հետևանքով հեղեղումներ են սկսվել, ինչի արդյունքում քաղաքի ղեկավարությունն արդեն սկսել է մարդկանց տարհանումը: Կրասնոդարի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ իրավիճակն այս պահին ծայրահեղ չէ, սակայն հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի, հայտնում է Tass գործակալությունը: Նշվում է նաեւ մեկ զոհի մասին` Ադլերի շրջանում զոհված տղամարդու մարմին է հայտնաբերվել:
400-ից ավելի տուն է հեղեղվել սաստիկ անձրեւների պատճառով: Վտանգավոր գոտուց տարահանվել է քսան ընտանիք: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:
Երկաթուղային կայարանն ու օդանավակայանը ջրով են լցված, դրանց աշխատանքը կասեցված է: Հազարավոր ուղեւորներ չեն կարողանում մեկնել քաղաքից, քանի որ Ռոսավիացիան թռիչքուղու հեղեղման պատճառով փակել է Սոչիի օդանավակայանը:
«Խերոտա գետը դուրս է եկել ափերից, երկաթուղային կայարանը հեղեղված է, գնացքները դադարեցրել են երթեւեկությունը, հեղեղված է օդանավակայանը, որտեղ ջրի բարձրությունը հասել է մեկ մետրի: Ներկայում շուրջ 2 հազար ուղեւորներ են գտնվում օդանավակայանում»,- հայտարարել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը: