НТВ-ի լրագրողին չեն հեռացրել աշխատանքից /վիդեո/
Նախօրեին հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ ռուսական НТВ հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է լրագրող Անաստասիա Պակին եւ օպերատորին` Երեւանում ցույցերը լուսաբանելու համար, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:
Այդ մասին ակտիվիստներին պատմել էր անձամ Անաստասիան` լաց լինելով:
Քիչ առաջ, սակայն, НТВ հեռուստաընկերությունը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել, որով հերքում է այս տեղեկատվությունը:
«Հարգելի գործընկեր լրագրողներ կամ պարզապես ընկերներ, այն լուրը, թե Անաստասիա Պակին հեռացրել են աշխատանքից, իրականությանը չի համապատասխանում: Պարզապես երբ Անաստասիան դեպքի վայրից ուղիղ եթեր էր մտել, մի խումբ «բարի կամեցողներ» նրա դեմքը փակում էին պաստառներով: Տեսնելով, թե ինչ է կատարվում, նրան Մոսկվայից զանգահարել էր ղեկավարությունը, եւ Անաստասիայի նյարդերը տեղի էին տվել: Նա բարկացած ասել է, թե իրեն ազատել են աշխատանքից:
НТВ-ին խանգարում էին աշխատել ցույցի ժամանակ, այնինչ ռուսական հեռուստաընկերություններից հենց НТВ-ն է Երեւանից հստակ եւ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդում…
Հ.Գ.
Այնպես որ, հարգելիսներս, ցանկանում էինք լավ, իսկ ստացվեց…»:
Տեսանյութը` News.am-ի