22 տարեկան՝ 5 երեխաների մայր … կարկուտը մի կողմից է խփում է, լույսը՝ մյուս
Երեկ Ջրառատում ու Կառնուտում էի կարկուտից հետո: Միայն պատկերացնեք գյուղացիների լացակումած հայացքները ավերված կարկտահարված դաշտերին նայելիս: Ինչ անեն մարդիկ, ինչով ապրեն, ինչով կերակրվեն: Հարցնում եմ, բա որ հոսանքն էլ թանկանա՝ ինչ եք անելու:
Պատասխանում են` կանջատենք, չենք օգտագործի: Ավելի քան հազար երեք հարյուր բնակիչ ունեցող գյուղի կեսն է մնացել: Գյուղի նման մի գյուղ էլ ջրառատցիներն ունեն Ռուսաստանում` արտագաղթածներն են:
Հասմիկը գյուղում մնացած հատուկենտ ջահել հարսներից է. քսաներկու տարեկան է՝ 5 երեխաների մայր: Ունեն հինգ երեխա, որից երկուսն արդեն հաշմանդամ են: Տարրական կենցաղային պայմանները նրանց համար ուղղակի դրախտային իրականություն են: Ընտանիքի հայրը աշխատանք չունի: Երբ հարցնում եմ մասնագիտությամբ ինչ է, ձեռքով թափ է տալիս՝ անցնենք, միեւնույն է աշխատանք չկա:
Հիմա էս ընտանիքը ինչով է իր օրվա հացի հարցը լուծելուց զատ մտածելու նաեւ լույսի վարձ մուծելու մասին: Նրանք քսանմեկերորդ դարի անկախ երկրի` Հայաստանի քաղաքացիներն են:
Արման Գրիգորյան