Ծեծկռտուք Գյումրիում՝ «Տիկ-Տոկում» «գեղացի լակոտ» անվանելու համար

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է գյումրեցի հարևանների միջև փետրվարի 5-ին սկսված և փետրվարի 9-ին շարունակված ծեծկռտուքը, որի ժամանակ հասցվել են մարմնական վնասվածքներ, շտապբուժօգնություն կանչել։ Փետրվարի 9-ին՝ գիշերը ժամը 02․55-ի սահմաններում հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի բուժաշխատակիցները օգնություն են ցուցաբերել 46-ամյա մի տղամարդու, ում մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի վնասվածք, ձախ ծնկան հոդի դրսային մակերեսի հեմատոմա»։ Շտապօգնությունից այս մասին տեղյակ են պահել ոստիկանությանը։ Ավելի ուշ՝ ժամը 04․30-ի սահմաններում մարմնական վնասվածքներ ստացած տղամարդը հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը, որ դեռ 4 օր առաջ՝ փետրվարի 5-ին, ժամը 22․00-ին իրենց շենքում բնակվող 17-ամյա մի երիտասարդ իրեն անծանոթ երկու այլ երիտասարդների հետ իրենց շենքի շքամուտքի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 4 օր անցել էլ՝ փետրվարի 9-ին, ժամը 02․00-ին 17-ամյա երիտասարդը իրենց շենքում բնակվող 24-ամյա մի տղայի հետ շենքի դիմաց իր հետ շարունակել են վիճաբանությունը նույն հարցի շուրջ՝ դարձյալ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածք։








































