Պատգամավորը “հետաձգել” է աշխարհի վերջը

Հասարակական միությունների եւ կրոնական կազմակերպությունների հարցերով Պետդումայի հանձնախմբի ղեկավար Յարոսլավ Նիլովը` Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, հայտարարել է, որ 2012-ի ավարտին աշխարհի վերջ չի լինի: “Կարիք չկա վախենալու, ոչ մի “աշխարհի վերջ” էլ չի լինի հիմա”,-համոզմունք է հայտնել Նիլովը:
Նա նաեւ բոլորին խորհուրդ է տվել Աստվածաշունչ կամ այլ սուրբ գրեր կարդալ:
Ի դեպ, Նիլովն առաջին մարդը չէ, ով “հետաձգում է” աշխարհի վերջը: Նոյեմբերի սկզբին ռուսական Հիդրոմետ կայանի ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտարարեց, որ ներկա պահին շրջական միջավայրում “աշխարհի վերջ“-ի որեւէ նշան չկա:
Շատերը հավատում են, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին Երկիր մոլորակը կդադարի գոյություն ունենալ: Այդ հիպոթեզի կողմնակիցները կարծում են, որ դրա մասին վկայում է այն փաստը, որ հնդկացի մայաների օրացույցը վերջանում է հենց այդ օրը: Միաժամանակ բազմաթիվ մարդիկ պարզապես կատակով են մոտենում “աշխարհի վերջ” հասկացությանը: Օրինակ, Տոմսկում արդեն սկսել են “աշխարհի վերջ“-ի համար անհրաժեշտ ապրանքներ վաճառել. հավաքածուի մեջ մտնում է օղի, շպրոտ, օճառ, պարան, մոմեր, դեղեր եւ այլ առարկաներ: