Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է /վիդեո/
Ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Այս տոնն ամենահին միջազգային տոներից է: Այն հիմնելու մասին որոշումը կայացվել է 1925-ին` Ժնեւում կայացած համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցությանը:
Պատմության մեջ չի նշվում, թե ինչու է հատկապես հունիսի 1-ն ընտրվել որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ըստ տարբերակներից մեկի` Չինաստանի Գլխավոր հյուպատոսը 1925-ի հենց այս օրն է հավաքել որբ չինացի երեխաներին եւ նրանց համար կազմակերպել վիշապ-նավակների փառատոն: Երջանիկ պատահականությամբ` այդ օրը համընկել է Ժնեւում կայացած “մանկական” կոնֆերանսի օրվա հետ:
2-րդ համաշխարհայինից հետո, երբ երեխաների առողջության պահպանման եւ բարեկեցության խնդիրներն ինչպես երբեք արդիական էին, 1949-ին Փարիզում կայացավ կանանց կոնգրեսը, որի ժամանակ երդում տրվեց ապահովել աշխարհի խաղաղությունը` որպես երեխաների երջանկության միակ երաշխիք:
Մեկ տարի անց` 1950-ի հունիսի 1-ին առաջին անգամ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որից հետո այն նշվում է արդեն ամեն տարի: Տոնն ունի իր դրոշը` կանաչ ֆոնի վրա, որը խորհրդանշում է աճ, թարմություն եւ ներդաշնակություն, Երկրի նշանի շուրջը կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ եւ սեւ մարդկային ֆիգուրներ են, որոնք խորհրդանշում են զանազանություն եւ համբերատարություն: Կենտրոնում տեղադրված Երկրի նշանը` ընդհանուր տան խորհրդանիշն է: