Հայտնի Բիգ Բենը կանվանափոխվի
Բրիտանացի պատգամավորները քվեարկել են Բիգ Բենի անվանափոխության համար, գրում է “The Guardian”-ը: Ուեսթմինսթերյան պալատի հայտնի աշտարակն այսուհետ կկոչվի ի պատիվ թագուհի Եղիսաբեթ 2-րդի: Այս առաջարկությանը կողմ է քվեարկել Համայնքների պալատի անդամների մեծ մասը, այդ թվում` 3 խոշոր կուսակցությունների` պահպանողականների, աշխատավորական եւ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարները:
Աշտարակի անվանափոխության վերջնական որոշում կընդունվի հունիսի վերջին Համայնքների պալատի հատուկ հանձնաժողովի կողմից, սակայն այն դրական կլինի, քանի որ ոչ միայն պատգամավորների մեծ մասն է դրան կողմ քվեարկել, այլ նաեւ այն պատճառով, որ անվանափոխման առաջարկին կողմ են նաեւ կառավարությունը եւ Բուկինհեմյան պալատը:
Աշտարակի անվանափոխության որոշում է կայացվել Եղիսաբեթի թագավորման 60-ամյակը տոնելուց առաջ: Առաջարկի նախաձեռնող, պահպանողական Թոմաս Էլվուդի խոսքով` բացի Եղիսաբեթից, այդքան երկար թագավորել է միայն մեկ միապետ` Վիկտորյա թագուհին: Ի պատիվ թագուհու անվանել են նաեւ Ուեսթմինսթերյան պալատի աշտարակներից մեկը:
Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյակին նվիրված միջոցառումները Բրիտանիայում տեղի կունենան հունիսի 2-3-ին: Հանդիսավոր արարողությունների թվում կկազմակերպվի նաեւ 1000 նավակների երթը Թեմզայով, ինչպես նաեւ համերգ հայտնի աստղերի մասնակցությամբ, ինչպիսիք են Ռոբի Ուիլյամսը, Էլթոն Ջոնը եւ Սթիվի Ուանդերը: