ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորներից միայն 2-ն են հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Ըստ թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah» պարբերականի՝ ԵԽԽՎ-ի՝ «Իսլամական պետությունն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մասին մի զեկույցի ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը, որի անունը աղբյուրը չի նշում, ընդգծել է, որ ԻՊ-ն այսօր Միջին Ասիայում քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացնում ճիշտ այնպես, ինչպես Օսմանյան կայսությունում թուրքերն են արել հայերի նկատմամբ, գրում է Ermenihaber.am-ը:
Ապա ԵԽԽՎ նախագահից խնդրել է, որպեսզի վեհաժողովի անդամները հարգեն բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ: Սակայն թուրք և ադրբեջանցի պատվիրակությունների անդամները՝ Դենիզ Բայքալը և թուրքական իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը և ոտքի չեն կանգնել:
Միայն երկու թուրք պատգամավոր Գյուլսում Բիլգեհան Թոքերը և Նազըմ Գյուրն են հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչի պատճառով քննադատության թիրախ են դարձել իրենց հայրենակիցների և հայրենի լրատվամիջոցների համար: Նրանք ներկայացնում են թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից երկուսին. Թոքերը` «ժողովրդահանրապետական» կուսակցությանըմ իսկ Գյուրը` «Ժողովուրդների դեմոկրական կուսակցությանը»:
Աղբյուր` Ermenihaber.am