14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Համաշխարհային մամուլը՝ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց Ցեղասպանությունը՝ «Ցեղասպանություն» ճանաչելու մասին

Հայոց Ցեղասպանությունն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ Պատարագը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում Հռոմի պապը Հայոց Ցեղասպանությունը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլի էջերում, գրում է Interpress.am-ը:

The Associated Press գործակալությունը, անդրադառնալով Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկո պապի հայտարարաությանը, մեջբերում է իր խոսքը, ուր Պապն ասում է, որ չարիքի մերժումը կամ կոծկումը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի՝ առանց վիրակապելու այն, և որ իր պարտքն է հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ովքեր սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից:

Աշխարհի հայությանն ուղղված իր ուղերձում, AP գործալության փոխանցմամբ, Հռոմի պապը կոչ է արել բոլոր պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին ճանաչել ճշմարտությունը և ընդդիմանալ նման հանցագործություններին «առանց տեղի տալու երկիմաստությանը կամ փոխզիջումներին»։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը, ով, ըստ լրատվական գործակալության, ջերմ հարաբերություններ ունի հայկական համայնքի հետ դեռևս Արգենտինայից, Վատիկանի առաջին հոգևոր առաջնորդը չէ, ով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

2001 թվականին Հայոց Մեծ Եղեռնը ցեղասպանություն է ճանաչել Պողոս II պապը: Գործակալության փոխանցմամբ, Հռոմի պապի այս հայտարարությունը գոհունակությամբ և երախտագիտությամբ է ընդունվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդների կողմից, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու և հայ կաթոլիկների առաջնորդների կողմից, ովքեր ներկա էին գտնվում սբ. Պետրոս տաճարի կիրակնօրյա պատարագին: AP անդրադարձել է նաև թուրքական կողմի արձագանքին, որը խստորեն դատապարտել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը: Գրեթե նույն բովանդակությամբ նյութը արտատպվել է The Washington Post, The New York Times, The Washington Times, TIME, The Huffington Post, Voice of America, Hamilton Spectator, RFE/RL, Daily Mail էջերում:

Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ Հռոմի պապի՝ Մեծ Եղռնի  որակումը ցեղասպանություն մեծ աղմուկ է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում:

Գործակալությունը մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վատիկանում իր պատվին տրված ընթրիքի ժամանակ, ուր նախագահ Սարգսյանն իր երախտագիտություն է հայտնել Ֆրանցիսկոս պապին «այս աննախադեպ պատարագի գաղափարի համար», որը խորհրդանշում է «քրիստոնյա աշխարհի համերաշխությունը» հայ ժողովրդի հետ: Գործակալությունը անդարադառնում է նաև թուրքական կողմի արձագանքին, որը դատապարտել է հայտարարությունը: Թուրքիայի արտգործնախարարությունը Վատիկանի դեսպանին հրավիրել է բացատրություններ տալու Հռոմի պապի հայտարարությունների վերաբերյալ:

Գործակալության փոխանցմամբ, Ֆրանցիսկոս պապը նաև նամակով կոչ է արել հասնելու թուրք-հայկական և հայ-ադրբեջանական հաշտեցմանը: Հռոմի պապը նաև ասել է, որ քրիստոնյաների դեմ ցեղասպանությունը շարունակվում է առայսօր: Գործակալությունը հիշեցնում է, որ Իսլամական պետության գրոհայինները, ովքեր Սիրիայում և Իրաքում հռչակել են խալիֆայություն, որը սահմանակից է նաև Թուրքիային, սպանում են քրիստոնյաներին, շիիաներին և բոլոր նրանց, ովքեր չեն կիսում ռադիկալ սունի իսլամիստների գաղափարները: Գրեթե նույն բովանդակությամբ նյութը տպագրել է Al Jazeera:

CNN տեղեկացնում է, որ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից: Մեջբերելով Ֆրանցիսկոս պապի խոսքերը, CNN նշում է, որ Վատիկանի առաջնորդի հայտարարությունը զայրացրել  է թուրքական կողմին:  Ըստ լրատվամիջոցի՝ Հռոմի պապը ընդգծել է անցած դարվա երեք աննախադեպ ողբերգությունները, որոնք են Հայոց Ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը:

Վատիկանում Թուրքիայի նախկին դեսպան Քենան Գուրսոյը, մեկնաբանելով CNN-ին այս առիթով, ասել է, որ չնայած սա առաջին դեպքն է, որ Թուրքիայի դեսպանը հետ է կանչվում Վատիկանից՝ դա չի նշանակում, որ թուրք-վատիկանական դիվանագիտական կապերը խզված են: CNN նաև տեսանյութ է պատրաստել սույն առիթով:

USA Today տեղեկացնում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ, Վատիկանը կիրակնօրյա պատարագի ընթացքում 11-րդ դարի հայ հոգևորական Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է եկեղեցու դոկտորի տիտղոս, որը մինչև այդ ստացել են միայն 35 այլ անձինք: Թերթի փոխանցմամբ իր խոսքում, Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս, Ֆրանցիսկոս պապը ասել է, որ չկա հայ ընտանիք, որին անդրադարձած չլինի Մեծ Եղեռնը կամ Մեծ չարիքը: Նա նաև նշել է, որ անցած դարի երեք ոճրագործություններից առաջինը բաժին է հասել հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և օրտոդոքս սիրիացիներին, ասորիներին, խալդերին և հույներին: Հռոմի պապն, իր խոսքում, հիշատակել է նաև Հոլոքոստն ու ստալինիզմը, ինչպես նաև Կամբոջիայի, Ռուանդայի, Բուրունդի և Բոսնիայի մասսայական բնաջնջումները:

Fox News-ը իր անդրադարձում ընդգծել է, որ կիրակնօրյա պատարագի ընթացքում հնչել է հայկական ավանդական երաժշտություն, իսկ պատարագին մասնակից երեխաների հագին եղել է հայկական տարազ: Fox News-ի հաղորդմամբ, Հռոմի պապի հայտարարությունը տարբեր արձագանքներ է ստացել Ստամբուլի փողոցներում, ըստ որի՝ մի հատվածը աջակցել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, մյուսը՝ քննադատել այն:

Sky Newsհաղորդմամբ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունը, չնայած նրան, որ բազմաթիվ պատմաբաններ 1915-1917 թթ. իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն: Լրատվամիջոցը մեջբերում է թուրք պաշտոնյայի խոսքը Reuters գործակալությանը, ըստ որի՝ Անկարան հիասթափված է Հռոմի պապի հայտարարությամբ, որը, ըստ թուրք պաշտոնյայի,  ստեղծել է «վստահության խնդիր»:  Sky News-ը հաղորդում է, որ Անկարան բացատրություններ է պահանջել այստեղի Վատիկանի ներկայացուցիչ Անտոնիո արքեպիսկոպոս Լուչիբելլոյից Պապի «ցեղասպանություն» որակման կապակցությամբ:

Los Angeles Timesհաղորդում է, որ չնայած Ֆրանցիսկոս պապը առաջինը չէ, որ Վատիկանի անունից ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, իր կիրակնօրյա հայտարարությունը առանձնահատուկ է, քանի որ արվել է ցեղասպանության տարելիցի նախօրեին և Հայաստանի նախագահի ու հայ հոգևոր առաջնորդների ներկայությամբ: Թերթը նշում է, որ Թուրքիան դատապարտել է հայտարարությունը՝ ի պատասխան հետ կանչելով իր դեսպանին Վատիկանից և բացատրություններ պահանջելով Անկարայում Վատիկանի ներկայացուցչից:

Թերթի վկայությամբ Թուրքիայի ցեղասպանության նկատմամբ մերժողական դիրքորոշումը հակասում է այդ շրջանի պատմաբանների մեծ մասի մոտեցմանը, ովքեր 1915 թվականի տեղի ունեցած ջարդերը որակում են ցեղասպանություն: LATimes-ը մեջբերում է նաև Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը, որի ընթացքում, ըստ թերթի, 13 անգամ հնչել է «ցեղասպանություն» բառը:

Wall Street Journal-ը, խոսելեվ Վատիկանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, ընդգծում է, որ վերջին շրջանում թուրքական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը և շարունակաբար մեղադրում է հայկական Սփյուռքին և արևմտյան առաջնորդներին ցեղասպանության մեղադրանքի համար: Թերթը նշում է, որ տարելիցի մոտեցման հետ թեժանում է աշխարհաքաղաքական պայքարը այս հարցի շուրջ Վաշինգտոնում՝ հիշեցնելով, որ 2008 թվականին նախագահի թեկնածու Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սակայն մինչև վերջերս հետ է կանգնել իր խոստումից:

Bloombergհաղորդում է, որ Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր խոսքում պատարագի ժամանակ հիշատակել է նաև Կամբոջիայի, Ռուանդայի, Բուրունդի և Բոսնիայի մասսայական բնաջնջումները և նորից կոչ արել անտարբեր չմնալ քրիստոնյա և այլ փոքրամասնությունների նկատմամբ ընթացող բռնությունների:

Հայոց Ցեղասպանությանն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը լայնորեն անդրադարձել է նաև եվրոպական մամուլը:

BBC-ին նշում է, որ Վատիկանի հայտարարությունը զայրացրել է թուրքական կողմին և այն կանդրադառնա նաև հայ-թուրքական հարաբերություններին:

BBC հաղորդմամբ Պապը, ով անցած տարի այցելել էր Թուրքիա, հրաշալի գիտակցում էր, որ ցեղասպանություն բառի օգտագործումը կզայրացնի թուրքական կողմին, սակայն իր ազդեցիկ ուղերձը, ուր նշվում է, որ «թաքցնել կամ հերքել չարիքը համարժեք է վերքը առանց վիրակապի արնահոսության թողնելուն» տարածվել է նաև այլ, ավելի նոր շրջանի մասսայական ոճրագործությունների: BBC-ի կարծիքով, այս որոշումը լիովին համապատասխանում է Ֆրանցիսկոս պապի բարոյականության արգումենտների մասին բաց քննարկման փիլիսոփայությանը:

The Guardian անդրադառնում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված պատարագին և դրա ընթացքում Պապի արած հայտարարությանը՝ մեջբերելով հայագետ պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանից Թեո վան Լինտի և Հայոց պատմության ու մշակույթի հարցերով հետազոտող գիտնական Իգոր Դորֆման-Լազարևի խոսքերն այս կապակցությամբ:

Ըստ վան Լինտի՝ շատ կարևոր է այն փաստը, որ Վատիկանի առաջնորդը մեծ տեղ է տվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, և դա ևս վկայում է, որ նա ընդունում է Հայոց Ցեղասպանությունը:

Իր հերթին  Դորֆմանն-Լազարևը նկատել է, որ այս արարողությունը ցույց է տալիս ծայրամասային շրջանների քրիստոնյա խմբերին կաթոլիկ եկեղեցու ուշադրության կենտրոնում պահելու Հռոմի պապի ջանքերը, և որ սա առաջին անգամն է, որ Հայաստանը դառնում է կաթոլիկ կյանքի և քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոն: Գիտնականի կարծիքով, սակայն, այս ճանաչումը դժվար թե փոխի հայ-թուրքական հարաբերությունները:

Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Independent-ը, կարծիք է հայտնում, որ Հռոմի պապի հայտարարությունը հնչել այն բանից հետո, երբ թուրքական մամուլը հաղորդել է, որ Թուրքիան բեմի ետևում մեծ ջանքեր է գործադրում ՝ փորձելով հետ պահել հոգևոր առաջնորդին այդ քայլից: Թերթը տեղեկացնում է նաև, որ որոշ աղբյուրների համաձայն, թուրքական կողմը նաև փորձեր է արել կանխելու Հայոց Մեծ Եղեռնի առիթով սւորբ պատարագը Վատիկանում:

Euronewsմեջբերում է Հռոմի պապի հայտարարությունը, ըստ որի՝ նա ասել է. «Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական և աննախադեպ ողբերգություններ։ Առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է որպես XX դարի առաջին ցեղասպանություն պատահել է Հայ ժողովրդի հետ»:  Euronews-ը հիշեցնում է, որ ավելի քան 20 երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, որը ճանաչվել է նաև Եվրոպարլամենտի և այլ միջազգային կառույցների կողմից: Հրապարակումը ուղեկցվում է նաև տեսանյութով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի կիրակնորյա պատարագից:

Գերմանական Deutsche Welle ընդգծում է, որ Հռոմի պապի հայտարարությունը երախտագիտությամբ է ընդունվել հայկական կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հայ հոգևոր առաջնորդները շնորհակալություն են հայտնել Ֆրանցիսկոս պապին իր՝ ցեղասպանությունը դատապարտող հայտարարության համար: Թուրքիան իր հերթին, ինչպես գրում է DW, դատապարտել է Վատիկանի մոտեցումը:

Թերթը ընդգծում է, որ չնայած հայերի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը չուներ բացեիբաց կրոնական բնույթ՝ Ֆրանցիսկոս պապը զուգահեռներ է անցկացրել հայ նահատակների և վերջին շրջանի քրիստոնյա փախստականների միջև, ովքեր փախել են իսլամական պետության հետապնդումներից: Գերմանական մեկ այլ պարբերական՝ Spiegel Online, ևս անդրադարձել է Հայոց Ցեղասպանության խնդրին այս առիթով:

Հայոց Ցեղասպանությանն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած սուրբ պատարագին և Մեծ Եղեռնի որակմանը որպես ցեղասպանություն անդրադարձել է նաև ֆրանսիական առաջատար մամուլը՝ հենվելով Agency France Press (AFP) գործակալության տրամադրած տեղեկատվության վրա: Խնդրին անդրադարձած լրատվամիջոցներից են Le Figaro, Libération, France 24 և այլ պարբերականներ.

Պապի կողմից տրված որակման մասին գրել է նաև իսրայելական մամուլը: The Jerusalem Post և Haaretz անդրադարձել են Հայոց Ցեղասպանությանը և Վատիկանի կիրակնօրյա սուրբ պատարագին՝ հենվելով Reuters գործակալության տրամադրած նյութի վրա: JP նաև տեսանյութ է տեղադրել սուրբ պատարագի ընթացքի մասին:

Այս առիթով հոդվածներ են հրապարակել նաև The Globe and Mail, Independent Catholic News, ABC, National Monitor, The Daily Star և բազմաթիվ այլ միջազգային լրատվամիջոցներ:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ