Պորոշենկոն Պուտինին առաջարկել է «վերցնել Դոնբասը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս գործարարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը, գրում է Forbes-ը` իր աղբյուրներին հղումով:
Աղբյուրները պնդում են, թե Պորոշենկոն նման առաջարկ է արել փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» բանակցություննների ժամանակ:
«Նա ինձ ուղիղ ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես , ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե այն ձեզ պետք չէ, հայտարարեք դրա անկախացման մասին»,- իբր ասել է Պուտինը:
Պորոշենկոն պատասխանել է, թե իրենք չեն կարող նման քայլի գնալ: Այս խոսքերը լսելով` Պուտինը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն թոշակները, նպաստներն ու վերականգնեն բանկային համակարգը:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Forbes-ի հրապարակմանը:
«Forbes-ն ընդգծել է, որ դա եղել է նիստի փակ մասի ժամանակ, իսկ մենք երբեք չենք մեկնաբանում փակ շփումները»,- ասել է Պեսկովը: