Թուրք հովիվը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար /վիդեո/

Այս ամիս ողջ աշխարհի հայերը կնշեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, գրում, գրում է crossnews.am-ը:
Հայոց Ցեղասպանության ընթացքում օսմանյան թուրքերի կողմից սպանվել է 1,5 միլիոն հայ: Սա ոճիր է, վայրագություն, որ Թուրքական կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չի ընդունում:
Այսուհանդերձ, կան ծնունդով թուրք անհատներ, ովքեր ընդունում ու գիտակցում են իրենց նախնիների կողմից իրականացրած հրեշավոր ոճիրը:
Հինգշաբթի օրը մի թուրք հովիվ այցելել է Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանի Առաջին Հայ Երիցական եկեղեցի և ներողություն խնդրել հայերից իր նախնիների կողմից իրագործած ոճրագործության համար:
Հայոց Եղեռնի մասին թուրք հովիվը տեղեկացել է ընդամենը 7 տարի առաջ՝ այցելելով Երևանի Ցեղասպանության թանգարան:
«Ես ամոթ վերապրեցի ու արտասվում էի: Ողջ մարմինս փշաքաղվել էր»,- ասել է նա՝ ներողություն խնդրելով:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա այս հրապարակված տեսանյութում չի երևում: Խուսափելով կրոնական հալածանքներից՝ նա ներկայումս ԱՄՆ-ում է՝ որպես գաղթական:
Ինչպես նշեցինք, հինգշաբթի օրը նա ուղերձով դիմել է հայերին Ֆրեզնոյի Հայկական եկեղեցում՝ ներողություն խնդրելով իր նախնիների գործած ոճրագործության համար:
«Ես խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, ներեք իմ ազգին: Խնդրում եմ, ներեք իմ ազգին: Նրանք մեղավոր են: Նրանք մեղավոր են Աստծո աչքերում: Նրանք մեղավոր են ձեր աչքերում»,- արցունքներն աչքերին դիմել է նա հավաքվածներին:
Նրա խոսքն ընդունվել է արցունքներով ու ծափահարություններով:
Հայկական եկեղեցու հովիվ Գրեգ Հարությունյանը կատարվածը կարևոր քայլ է համարել հայ ժողովրդի վերքերի բժշկության համար.
«Մեր ժողովուրդը նման բան առաջին անգամ էր լսում: Եվ կային արդեն 80-ն անց մարդիկ, ովքեր պարզապես ապշած էին: Նրանք չէին հավատում, որ նման բան է կատարվում»,- իր խոսքում նշել է հովիվը:
Տեսանյութը` այստեղ: