Նախագահի կանայք քաղաքական սկանդալի մեջ են նրան ներքաշել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում` իր նախկին կնոջ` Սեգոլեն Ռուայալի եւ ներկա ընկերուհի Վալերի Տրիրվեյլերի միջեւ առաջացած կոնֆլիկտի պատճառով: “Le Monde”-ը սկանդալն անվանել է “նորմալ նախագահի առաջին խնդիրները”, “Le Figaro”-ն` “շփոթմունք` պետության վերնախավում”:
Ռուայալը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին` որպես պատգամավորի թեկնածու Լա-Ռոշել քաղաքից: Նույն քաղաքից իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Օլիվյե Ֆալորնին, ում իր միկրոբլոգում հաջողություններ է մաղթել Տրիրվեյլերը: Առաջին փուլում սոցիալիստ Ռուայալը հաղթել է Ֆալորնիին, 2-րդ փուլը կկայանա հունիսի 17-ին:
Ռուայալը Տրիրվեյլերի խոսքերին մեկնաբանություն է արել մի քանի օր հետո` նշելով, որ Օլանդի ներկայիս զուգընկերուհու խոսքերը “շատ դաժան” էին եւ հավելել, որ ինքն իրեն շատ կոտրված է զգում: Օլանդը, ով ձգտում էր հեռու մնալ խորհրդարանական ընտրություններից, պաշտոնապես հայտնել է իր աջակցությունը Ռուայալին: Հենց դրա համար էլ Տրիրվեյլերն իր աջակցությունն է հայտնել նախագահի նախկին կնոջ մրցակցին:
Սեգոլեն Ռուայալը իր թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրել է 2007-ին, սակայն 2-րդ փուլում նրան հաղթել է Նիկոլա Սարկոզին: Ռուայալը եւ Օլանդը երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել, սակայն միասին են ապրել 25 տարի եւ 4 երեխա ունեն: Նրանք բաժանվել են 2007-ին, երբ Օլանդը սիրավեպ սկսեց Տրիրվեյլերի հետ: