Հունաստանը եւս 32,6 մլրդ եվրո օգնության կարիք ունի
2013-2016-ին Հունաստանի բյուջեի դեֆիցիտի կրճատման համար կպահանջվի եւս 32,6 մլրդ եվրո, հայտնում է “Bloomberg”-ը:
Նախօրեին Բրյուսելում մեկնարկած Եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպմանը քննարկվում է Հունաստանին եւս 2 տարի տրամադրել` բյուջեի կայունացման եւ երկրին 32,6 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու համար:
Հունաստանի պարտատերերի “եռյակի”` Եվրոպական Կենտրոնական բանկի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի գնահատականների համաձայն` երկրին հավելյալ 2 տարի տրամադրելու համար կպահանջվի 32,6 մլրդ եվրոյի չափով օգնության լրացուցիչ փաթեթ, որից 15 մլրդը 2013-14-ի համար, իսկ 17,6 մլրդը` 2015-16-ի:
Հանդիպման սկզբում Եվրախմբի անդամները որոշել են ընդհանրապես հետաձգել Հունաստանին օգնության լրացուցիչ փաթեթ տրամադրելու հարցի քննարկումները: Օրինակ` Գերմանիայում օգնություն տրամադրելու հարցը չի կարող անմիջապես որոշվել, քանի որ այն պետք է հավանության արժանանա նաեւ խորհրդարանի կողմից: Եվրախմբի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին:
Միաժամանակ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ իր երկիրը “կփլուզվի”, եթե մինչեւ նոյեմբերի 16-ը ֆինանսական օգնություն չստանա, եւ հավելել է, որ որոշումը պետք է կայացվի որքան հնարավոր է շուտ: