Լուրջ խնդիրներ են դրված. Պուտինի վերադարձը

Տեւական ժամանակ անհետացած մնալուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջապես հայտնվեց հասարակության առջեւ: Այն օրերին, երբ նա չէր երեւում, միջազգային մամուլն ինչ անհավանական տարբերակ ասես առաջ քաշեց` մեկնաբանելով Պուտինի բացակայությունը: Գրում էին` Պուտինը մահացել է, նրան պատանդ են վերցրել, նախագահին կաթված է խփել, նա արտասահմանում է` սիրուհին իրենից երեխա է ունեցել…
Պուտինը վերադարձավ եւ հումորով պատասխանեց այս վարկածներին:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը Պուտինի անհետացման թեմայով զրուցել է քաղաքագետ Նիկոլայ Պետրովի հետ: Վերջինը գտնում է, որ Պուտինի վերադարձը ոչինչ չի փոխում` «ռեժիմը ճգնաժամի մեջ է»:
«Նրա բացակայությունը ռեժիմի համար քրաշ-թեսթ էր, այն ցույց տվեց, որ առաջնորդի անձից շատ բան է կախված եւ որ ռեժիմը ճգնաժամի մեջ է: Այս ամենը ցույց տվեց, որ նախագահը եթե չլինի, քաղաքական խիստ ճգնաժամ կսկսվի»,- ասել է նա:
Քաղաքագետը նշել է, որ Պուտինի անհետացման լուրերը խիստ ուռճացված էին.
«Դժվար է պատկերացնել, որ երկրի նախագահը կարող է 10 օրով անհետանալ, քանի որ նրա առջեւ լուրջ խնդիրներ են դրված, թերեւս ինչ-որ ավելի թեթեւ պատճառ է եղել»,- ասել է նա:
Պետրովը նշել է նաեւ, որ Պուտինի վերադարձը ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չտվեց: Իսկ ամենակարեւոր հարցը` ինչպես կարող է նախագահը վերցնել ու անհետանալ` հասարակության համար անհայտ պատճառներով:
«Եթե ապագայում էլ նման բան կրկնվի, ապա դա իբրեւ քաղաքական անկայունության լրջագույն ֆակտոր կդիտվի»,- ասել է նա: