06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահանալուց մինչեւ որդու ծնունդ. Պուտինի անհետացման պատճառաբանությունները շատ են, իսկ նախագահը չկա ու չկա

Արդեն 11 օր է` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի երեւում հանրության առջեւ: Նա հետաձգել է մի շարք կարեւորագույն հանդիպումներ ու պարզապես անհետացել: Ողջ աշխարհի զլմ-ները գլուխ են կոտրում` պարզելու համար` որտեղ է ի վերջո Պուտինը: Նախագահի փնտրտուքների գործընթացի արդյունքում մի շարք անգամ անհավանական վարկածներ են առաջ քաշվում:

Հարկ է նշել, որ այս ընթացքում մի քանի տեսանյութեր հայտնվեցին ռուսական եթերում, որտեղ Պուտինը երեւում էր, սակայն լրագրողներին շատ արագ հաջողվում էր պարզել, որ կադրերը հին են:

Միջազգային զլմ-ները հեղեղված են լուրերով, որ Վլադիմիր Պուտինը ծանր հիվանդ է, որոշները անգամ գրում են, որ նա մահացել է: Այս լուրերը, սակայն, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը «գարնանային սրացումներ» անվանեց` ասելով, որ նախագահի հետ ամեն ինչ կարգին է:

Երեկ Дождь հեռուստաալիքը հայտնեց, որ իրեն հաջողվել է պարզել Պուտինի անհետացման պատճառը: Հեռուստաընկերության աղբյուրները հայտնել էին, որ Պուտինը գրիպով է հիվանդացել եւ մեկնել է Վալդայ` լճի ափին կազդուրվելու: Այս լուրը, սակայն, Պեսկովը չմեկնաբանեց. «Չենք մեկնաբանում, թեման փակված է»,- ասել էր նա:

Ավստրիական Kurier-ը գրեց, որ Պուտինը մեջքի հատվածում ուժեղ ցավեր ունի, եւ անգամ Ավստրայից բժիշկ է մեկնել Մոսկվա` նրան զննելու, հայտնում է Newsru.com-ը: Այս լուրերը եւս պաշտոնապես չմեկնաբանվեցին:

Կրեմլը հաղորդագրություն տարածեց, թե այսօր` մարտի 16-ին, Պուտինը Պետերբուրգում հանդիպելու է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի հետ, սակայն շուտով լուրեր տարածվեցին, որ այս հանդիպումը եւս հետաձգվել է: Այս մասին Twitter-ի իր էջում գրեց բլոգեր Ռուստեմ Ադագամովը: Որոշ բլոգերներ էլ նշեցին, որ Պուտինը մահացել է, եւ անգամ Կրեմլի գլխին ուղղաթիռներ են նկատվել, այնտեղ հեղաշրջում է նախապատրաստվում:

Հարկ է նշել, որ օրեր առաջ շվեյցարական Blick հանդեսը Պուտինի անհետացման բացարձակ պատճառ էր հայտնաբերել: Պարբերականը գրել է, որ նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան Պուտինից երեխա է ունեցել Շվեյցարիայում, եւ Պուտինն այս ընթացքում նրա հետ է:

Դմիտրի Պեսկովն այս հրապարակումից հետո հայտարարել էր, թե ինքն արդեն ստիպված է լինելու մրցույթ հայտարարել` «լրագրողների լավագույն անհեթեթությունը» թեմայով:

Չնայած Պուտինի անհետացման բազմազան պատճառաբանումներին ու վարկածներին հարկ է նշել, որ ՌԴ նախագահը չկա ու չկա, Պուտինը շարունակում է անհետացած մնալ` այսպիսով կրքերն էլ ավելի բորբոքելով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ