15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց քաջ նահատակների հիշատակը

Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց քաջ նահատակների հիշատակը։
Հինգերորդ դարում, նկարագրելով Ս. Վարդանանց նահատակների անկոտրում ոգին և աներկբա քաջությունը, Ս. Եղիշեն գրում է. «Աստծո սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես անմարմին զորքերը հրեշտակների»։
Արդարև, Աստծո սերը ամենազորավոր իրականությունն է այս աշխարհում, ինչպես և հանդերձյալում։ Աստծո կողմից սիրված լինելու գիտակցությունը քաջալերում է մարդու հոգին, իսկ Աստծո նկատմամբ սերը զորացնում է սիրտը։
Աստվածաշունչն Սուրբ Գիրքն ասում է, որ աստվածային այդ սերն է փարատում երկյուղի և վախի խավարը։ Մարդ չի կարող սիրել և վախենալ միևնույն ժամանակ, եթե իհարկե սիրում է կատարյալ սիրով։ Երբ աստվածային կատարյալ սերն ունենք մեր սրտերում, ապա երբեք չենք վախենա։
Ծնողները, իրենց կյանքը վտանգելով, փրկում են իրենց երեխաներին, որովհետև սիրում են։ Սուրբ Վարդանանք քաջաբար դուրս եկան պարսկական բանակի դեմ, որովհետև սիրում էին։ Արցախյան պատերազմում մեր քաջարի զինվորները իրենց կյանքը զոհեցին հայրենիքի համար, որովհետև սիրում էին։
Եթե մեր բոլոր արարքների մղիչ ուժը սերն է, ապա վախը տեղ չունի մեր սրտերում։ Ինչպես Առաքյալն է ասում. «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա Հովհաննես 4.18)։
Սիրելինե՛ր, երբ զգում ենք, որ վախը գլուխ է բարձրացնում մեր սրտում, մի պահ դադար տանք և մեր միտքը կենտրոնացնենք Աստծո սիրո վրա։ Այն սիրո վրա, որ «Աստված առատությամբ մեզ վրա հեղեց մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացած հույսի համաձայն՝ ժառանգներ լինենք հավիտենական կյանքի» (Տիտոսին 3.6-7)։
Եթե վախենում ենք, նշանակում է, որ մտահոգվում ենք ինքներս մեր համար։ Սիրառատ մարդը չի կենտրոնանում իր անձի վրա, այլ ամբողջապես նվիրվում է Աստծուն և իր սիրելիներին։
Ուրեմն, Սուրբ Վարդանանց օրինակով ներշնչված, սերը դարձնենք մեր կյանքի առանցքը և Աստծո ներկայության մեջ ապրենք ու արարենք քաջ, անվախ ու համարձակ ոգով։ Որքան շատ սիրենք, այնքան ավելի խիզախ և աներկյուղ պիտի լինենք և անվախ հռչակենք Ս. Վարդանանց հետ Առաքյալի խոսքով. «Ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմեացիներին 8.38-39)։

Տեր Զարեհ քահանա Աշուրյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ