Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս․ Սարգսի տոնը:
Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր:
Ժամանակին այս օրվա սովորություններից էր նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին ու սպասել զորավարի ձիու պայտի հետքին:
Ում մատուցարանի մեջ այն հայտվեց, այդ տարի կիրականանա նրա երազանքը:
Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն առավել կարևոր է հոգևոր խորհուրդը․ սա մեծ սիրո տոն է, որը վկայում է պայքարի, ինքնազոհաբերման, հանուն սիրո նահատակվելու մասին։
Ամենահաղթ ռազմիկ, գերազանց սպարապետ, արագահաս օգնական, երիտասարդների ու սիրո բարեխոս, սիրահարների պահապան. Ս․ Սարգսին ներկայացնում են բազմաթիվ դրական հատկանիշներով:
Այս զորավարը հայերի ամենասիրելի սրբերից է, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Հիշեցնում է` զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում:
Այդ հաղթանակների վկայությունն է նաև աստվածային սիրո հաղթանակը։
Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Տեր Շահեն տեղեկացնում է՝ Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ:
Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող երկու եկեղեցիներում:
Այդ օրը Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում լինում է Ս․ Խորանի վրա:
Ավետարանը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ՝ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի է բերվում նաև Ս․ Սարգսի աջը:
Սուրբ աջը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:
Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, կազմակերպվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այս տարի կլինի ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ:
Այնուհետև սիրահարները կկարողանան միմյանց սեր խոստովանել գրքերի միջոցով։
Նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես։