25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արագահաս Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգսի տոնը հայերիս մեջ ամենասիրված տոներից մեկն է, իսկ Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սուրբը, որին ժողովուրդը դիմում է առանձնակի ջերմեռանդությամբ և խոր հավատքով՝ ապավինելով ամենահաս և արագահաս սուրբի բարեխոսությանը, և՛ վտանգի, և՛ նեղության անելանելի վիճակներից սրբի միջոցով ազատվելու համար:

Ճիշտ է Սուրբ Սագիսը հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ:

Քրիստոնեական հավատքի մեկնիչը, իր ապրած կյանքով սիրելի դարձավ ողջ քրիստոնյա Արևելքում, այդ թվում և Հայաստանում:

Այն, որ Սբ. Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերիս մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում):

Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ:

Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է:

Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):

Շնորհք արքեպիսկոպոսը իր աշխատության մեջ հետևյալ կերպ է ներկայացրել Սուրբ Սարգսին.

«Սուրբ Սարգիսը ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում:

Մյուս եկեղեցիները մեծ կարևորություն չեն տվել նրա հիշատակին և եթե մինչև իսկ հնում հիշատակել են նրան, այսօր գրեթե մոռացության են տվել:

Իսկ մյուս կողմից՝ նկատի ունենալով, որ մեր մեջ, ընդհակառակը, ամենամեծ ժողովրդականություն շահած սուրբերից է, ուստի մենք կդասենք նրան հայազգի սուրբերի շարքին»:

Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում (4-րդ դար):

Մարտնչող նահատակը ջերմեռանդ և գթասիրտ քրիստոնյա էր, սիրում էր Աստծուն ողջ սրտով և զորացած էր Սուրբ Հոգով:

Իմաստուն ու հանճարեղ էր, ծանոթ բոլոր դատավորներին և իշխաններին:

Նա զորական էր և նրա իշխանության ներքո կար մի զորագունդ:

Արքունական հրամանով կարգված էր ծառայության Կապադովկիայի թագավորական զորքում:

Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը:

Նա ամենուր օգնում էր ժողովրդին իր ունեցվածքով, սիրահոժար ողորմություն անում, պաշտպանում էր խեղճերին ու տկարներին և քրիստոնեություն քարոզում նաև իր գնդի զինվորներին:

Ուժեղ և քաջարի զորավար լինելով՝ նա ոչ թե բռնությամբ էր թելադրում իր կամքը, այլ փորձում էր հնազանդությամբ ու գթասրտությամբ վերաբերվել իր զինվորներին ու նույնիսկ իր թշնամիներին:

Բարեպաշտ Կոստանդիանոսի և նրա որդիներից հետո գահին է բազմում Հուլիանոս Ուրացող կայսրը (361-363թթ.):

Ամբարիշտ Հուլիանոսի թագավորության ժամանակ աստվածային հայտնությամբ Սբ. Սարգսին թելադրվում է հեռանալ Հռոմեական կայսրության սահմաններից:

Նա իր որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան:

Սակայն հայոց Տիրան արքան, վախենալով Հուլիանոսի հետ պատերազմի մեջ մտնելուց, խորհուրդ է տալիս Սբ. Սարգսին հեռանալ Հայաստանից և գնալ Պարսկաստան:

Նա գնում է Պարսկաստան:

Պարսից Շապուհ արքան, տեղեկացված լինելով Սուրբ Սարգսի քաջագործությունների մասին, մեծ ուրախությամբ և պատիվներով ընդունում է նրան և առաջին զորագլուխներից մեկը կարգում:

Սբ. Սարգիսը այստեղ էլ մեծ համբավ է ձեռք բերում՝ իբրև քրիստոնյա քաջ զորավար:

Բազմաթիվ պատերազմներում Աստծո օգնությամբ մեծ հաղթանակներ է ունենում, այդ թվում և Հուլիանոս Ուրացողի դեմ պատերազմում:

Մեծ էր նրա ազդեցությունը պարսիկ զորքի վրա.

նրանցից շատերը սրբի քարոզչության շնորհիվ ընդունում են քրիստոնեությունը:

Սբ. Սարգիսը, բազմաթիվ կենդանիներ էր մորթել տալիս և առատորեն բաժանում աղքատներին:

Դրանով իսկ նա փորձում էր օրինակ ծառայել իրեն ենթակա զինվորներին, որոնք կուռքերին էին զոհ մատուցում, փոխանակ աղքատներին ողորմեն:

Չարախոսները Շապուհ արքայի առջև ամբաստանում են Սուրբ Սարգսին և հայտնում նրա քրիստոնյա լինելը:

Երբ թագավորը իմանում է, որ Սուրբ Սարգիսը քրիստոնյա է և իր զինվորներին նույնպես քրիստոնեության է մղում, սաստիկ տրտմում է, քանի որ չէր ցանկանում նրա նման քաջ մարդուն կորցնել և այդ ամենից դուրս գալու տրամաբանական ելքեր էր փնտրում:

Շապուհ արքան աստվածների տոնին հրամայում է բոլորին, այդ թվում և Սբ. Սարգսին ու իր որդուն, հավաքվել ատրուշանների մոտ կրակ վառելու և զոհ մատուցելու արքունի մեհյանում՝ ըստ պարսկական օրենքի:

Սբ. Սարգիսը անվարան մերժում է, ասելով, որ ինքը պաշտում է կրակի ու արևի Արարչին և երկրպագում է Նրան, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ով կենդանի է և հավիտենական.

«Դուք բոլորդ պարտավոր եք երկրպագել և փառավորել միակ ճշմարիտ Աստծուն, իսկ կրակը և կուռքերը աստված չեն, որոնք մարդը կարող է ոչնչացնել»:

Եվ խոսքը գործի վերածելով՝ կործանում է բագինն ու հանգցնում կրակը:

Զայրացած մոգերը և ամբոխը, հարձակվելով Սուրբ Սարգսի և նրա որդու վրա, սկսում են ծեծել և չարչարել նրանց:

Ամբոխի զոհն է դառնում Մարտիրոսը՝ հորից առաջ ընդունելով մարտիրոսական պսակը:

Թագավորը Սուրբ Սարգսին ազատում է և բանտ նետում, հույս ունենալով, որ նա կարող է զղջալ ու կրակապաշտ դառնալ:

Տեսնելով Սուրբ Սարգիս զորավարի հաստատուն հավատքը՝ թագավորը գլխատման վճիռ է արձակում:

Գլխատման վայրում երանելին այսպես է աղոթում.

«Ով Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, ովքեր կհիշեն իմ անունը նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակը ուխտով և պատարագով, ինչ որ ուզեն Քեզանից, լսի՛ր և շնորհի՛ր նրանց խնդրանքը»:

Նահատակվում է Սուրբ Սարգիսը և նույն պահին ծագում է երկնային լույսը և շրջապատում նրա մարմինը իր ցոլքերով:

Նահատակվում է, բայց չի մեռնում:

Տիրոջ ձայնը ասում է.

«Զորացի՛ր, քաջ նահատակ Քրիստոսի, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանելու, որովհետև բացվեց քեզ համար Երկնքի Արքայության դուռը:

Ինչ որ խնդրեցիր Աստծուց, տրվեց քեզ:

Եվ հավատացյալների կողմից կատարված խնդրվածքները պիտի կատարվեն Աստծո կողմից»:

Տասնչորս պարսիկ զինվորները, ովքեր հավատարմորեն հետևում էին Սուրբ Սարգսին, տեսնելով այս ամենը, ավելի հաստատվեցին իրենց քրիստոնեական հավատքի մեջ:

Նրանք վերցրեցին սրբի մարմինը, մաքուր զգեստներով պատեցին՝ պատվով թաղելու համար:

Բայց Շապուհ թագավորի հրամանով նրանք ևս գլխատվեցին:

Թագավորը հրամայում է նրանց մարմինները գազանների առջև նետել:

Ի զարմանս ներկաների՝ ոչ մի գազան չի դիպչում նահատակ մարմիններից և ոչ մեկին:

Այդժամ հավատացյալները թաղում են Սուրբ Սարգսի, Մարտիրոսի և 14 զինվորների սուրբ մարմինները Համիան քաղաքի մոտ:

Ըստ «Հայսմավուրք»-ների՝ նրանց նահատակությունը տեղի է ունեցել 363թ. հունվարի 31-ին, Մազանդարան նահանգի Դաղման քաղաքի մոտ:

Ավանդության համաձայն՝ հետագայում Սբ. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխեց Կարբի (Աշտարակի մոտ), ուր եկեղեցի կառուցեց նրա անունով:

Սրբի ատամներից մեկը Սբ. Մեսրոպ Մաշտոցը տեղադրում է խաչափայտի մեջ և օծում այն:

Հետագայում խաչափայտը իր հետ տանում է Վրաստան և կանգնեցնում Գագա բլրի վրա:

Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցու տոնացույցում ունի իր պատվավոր տեղը:

Նրա հիշատակը Հայ եկեղեցին նշում է Սբ. Զատկից 9 շաբաթ առաջ, Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը:

Տոնը ունի 35 օրվա շարժականություն և տոնվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը ընկած ժամանակահատվածում:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի հրահանգով Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր։

Այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթում՝ հայցելով Սբ. Սարգսի բարեխոսությունը, մասնակցում Սբ. Պատարագին։

Իսկ երիտասարդները քահանայից ստանում են օրհնություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ