Հիվանդների համար աղոթքի մասին
– Հա՛յր, այժմ, երբ հիվանդ եմ, ի՞նչ կանոնի հետևեմ:
– Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ:
Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ է, որպեսզի աղոթքը սրտից բխի:
Ըստ էության հենց դա է վանականի գլխավոր գործը: Եթե դու դա հասկանաս, ապա չես տխրի, այլ կսկսես անդադար աղոթել՝ երախտագիտություն հայտնելով Աստծուն:
– Հա՛յր, ոմանք հիվանդների անունները գրում են հիշատակելու համար ու այդ թերթիկներն ուղարկում տարբեր մենաստաններ:
– Լավ է, սակայն բավարար չէ: Մարդիկ իրենք էլ պետք է աղոթեն ու հիվանդներին ասեն, որպեսզի նրանք էլ աղոթեն:
Պետք չէ միայն անուններն ուղարկելով բավարարվել:
– Միտքը երբեմն հուշում է, որ պետք է Աստծուն խնդրեմ, որպեսզի Իր մոտ վերցնի եղբորս, որը շատ է տանջվում հաշմանդամության պատճառով:
– Հարկ չկա Աստծուն սովորեցնելու, թե Ինքն ինչ պետք է անի: Ամեն ինչ Աստծո՛ւն թող և Նրա՛ն վստահիր: Աստված գիտե, թե ինչն է Իր զավակի համար լավ, և որպես սիրող Հայր՝ կվարվի համապատասխան կերպով:
– Հա՛յր, իսկ ինչպե՞ս եք աղոթում, երբ հիվանդի վրա կախված է մահվան սպառնալիքը:
– Աղոթքի ու ճգնության առումով ուժերիս ներածին չափով ամեն ինչ անում եմ, իսկ ապա ամեն ինչ հանձնում եմ Բարեգութ Աստծու ձեռքը:
– Եթե Աստված գիտի, թե հիվանդի համար ինչն է օգտակար, ապա աղոթելու ի՞նչ կարիք կա, հա՛յր:
– Մենք պետք է խնդրենք Աստծուն, և եթե ապաքինումն ու կյանքը երկարացնելը հոգու փրկությանն են ծառայելու, ապա Բարեգութ Աստված միանգամից կօգնի:
Իսկ եթե Նրան չխնդրենք, ապա հիվանդությունը կզարգանա բնական հունով:
Սուրբ Պաիսիոս Աթոսացի