23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ննջեցյալները մեր աղոթքի կարիքն ունեն

Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը:

Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար:

Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է:

Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, թե որքան կարևոր է աղոթել նրանց համար, ովքեր այլևս մեր կողքին չեն, այլ հեռացել են այլ աշխարհ:

Մեռելոցի օրերին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան արարողություն:

Նախքան Պատարագի սկսվելը ննջեցյալների անունները փոխանցում են պատարագիչ քահանային:

Հոգեհանգստյան արարողության ժամանակ քահանան բարձրաձայն ընթերցում է ննջեցյալների անունները և աղոթում նրանց հոգիների հանգստության և խաղաղության համար:

Խնդրում է Աստծուն ներել ննջեցյալների կամա և ակամա գործած մեղքերը ու նրանց հոգևոր երանություն շնորհել:

Արարողության ընթացքում ընթերցվում է Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի 24-րդ համարը.

«Ճշմարիտ, ճշմարիտ են ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքն կմնա, իսկ եթե մեռնի բազում արդյունք կտա»:

Աստվածաշնչում՝ Մակաբայեցիների գրքում էլ նշվում է մեռյալների համար աղոթքի անհրաժեշտությունը (Բ Մակաբայեցիներ 12:43-46):

Մահացածի համար աղոթքն անհրաժեշտ է հենց իրեն՝ աղոթողին, քանի որ երբ հեռանում է հարազատ մեկը, ապա առաջ է գալիս կորստի բնական զգացմունք, որից անձը խորապես տառապում է:

Հարազատը, որ մահացել է, շարունակում է ապրել, բայց այլ աշխարհում:

Ննջեցյալի համար աղոթքի շնորհիվ չի խզվում կապը մահացածի հետ, այլ զգալի է դառնում նրա ներկայությունը և այն, որ նա չի հեռացել իր հարազատներից ու նրանց միջև եղած կենդանի կապը պահպանվել է:

Աշխարհից հեռացած մարդը զրկվում է այն ամենից, ինչ իրեն տվել էր աշխարհը, մնում է միայն իր անմահ հոգին:

Այն, ինչ որ նա ձեռք էր բերել երկրի վրա, մնում է այնտեղ: Իսկ հոգին գնում է այլ աշխարհ, ուր դատվելու է Աստծու կողմից ողորմությամբ և արդարությամբ:

Մահացածն Աստծու առջև պատասխան է տալու իր բոլոր արարքների համար, իսկ երկրի վրա մնացած նրա հարազատները, աղոթելով, խնդրում են Աստծու անչափելի ողորմությունն իրենց ննջեցյալի համար:

Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի հերոս սրբահայր Զոսիման (նրա նախատիպը եղել է սբ. Տիխոն Զադոնսկին) մահացածների համար աղոթքի մասին ասել է.

«Ամեն օր և երբ կարող ես, ամրապնդիր քեզ համար հետևյալ աղոթքը.

«Տե՛ր Աստված, ողորմի՜ր այսօր Քո առջև գտնվողներին»:

Քանի որ ամեն ժամ և ամեն վայրկյան հազարավոր մարդիկ են հեռանում այս աշխարհից, և նրանց հոգիները կանգնում են Աստծու առջև:

Շատերն այս երկրից հեռանում են բոլորի աչքից հեռու, մեն-մենակ, տխրության և տառապանքի մեջ՝ առանց որևէ մեկի ցավակցության…

Եվ ահա հնարավոր է, որ աշխարհի մեկ ուրիշ ծայրից քո աղոթքը հնչի այդ մարդու հոգու հանգստության համար, թեև ոչ դու ես իրեն ճանաչել և ոչ էլ ինքը քեզ:

Որքան հուզիչ է այդ հոգու համար, ով Աստծու առջև կանգնած է վախի մեջ, զգալ, որ այդ պահին իր համար մեկն աղոթում է, որ երկրի վրա մնացել է մեկը, ով սիրում է իրեն:

Եվ Աստված կողորմի երկուսիդ էլ, եթե դու ցավ ես ապրել նրա համար և աղոթել ես, ապա որչափ առավել Աստված, Ով ամենաողորմածն է, կների նրան հանուն քեզ»:

Հավատավորներն, ի տարբերություն անհավատների, մահվան մեջ տեսնում են հարություն, հոգու անմահություն և հավիտենական կյանք:

Յուրաքանչյուրիս պարտքն է մեռելոց օրերին ոչ միայն գերեզման գնալ, այլև առաջին հերթին եկեղեցում նրանց համար հոգեհանգիստ պատվիրել:

Բոլոր ննջեցյալները կարոտ են քահանայական աղոթքի և պաշտամունքի:

Բացի աղոթելուց, ննջեցյալների համար նաև նրանց հիշատակի համար ողորմություն ենք անում.

«Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):

Քրիստոնեական կրոնը, հարգելով ննջեցյալներին, աղոթում է նրանց համար՝ իմանալով, որ նրանց հոգիները կենդանի են և Վերջին Դատաստանի օրը, երբ գերեզմաններից հարություն առնեն կատարյալ մարմիններով, ստանալու են պարգևներ կամ պատիժներ հավիտենության մեջ՝ ըստ իրենց ապրած կյանքի ու հավատքի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ