23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի առաջին օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Այսօր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնն է, կատարվում է հունվարի 6-ին:

Այն ճշմարիտ ավանդությամբ պաշտում է Ս. Եկեղեցին՝ Քրիստոսի առաքյալներից մինչև այսօր:

Եվ թե ինչպես՝ եկեղեցու հայրերի գրվածքներում սահմանված է:

Նախ ճրագալույցին՝ Հակոբոս Տեառնեղբոր կողմից պատվիրված է, և ապա մյուս օրերի պակասությունը՝ Կյուրեղ Հայրապետի կողմից լրացված:

Հայտնի է, որ այս տոնի առաջին օրն արարչագործության առաջին օրվապատկերն է:

Արդ, արարչության առաջին օրում Աստված ստեղծեց 7 իր՝ 3 լույս և 4 տարերք:

Եվ 3 լույսերը սրանք են. առաջինը՝ լուսեղեն երկինքը, երկրորդը՝ բոլոր հրեշտակների դասերը, երրորդը՝ արեգակի, լուսնի ևաստղերի լույսը: 4 տարերքները՝ հողը և ջուրը, օդը և հուրը:

Եվ մեկ իր՝ ժամանակը, որ ութերորդն է (*Ս. Ծննդյան տոնի օրերի թվով):

Իսկ նոր արարչությունը գերազանց է առաջինից, որովհետև նոր արարչությունում ո´չ թե հրեշտակներին ստեղծեց լույսից, կամ ո´չ թե մարդ ստեղծեց հողից, այլ Ինքն Աստված եկավ, և ստեղծվեց մարդ՝ մեր բնությամբ, ու ծնվեց Ս. Կույս Մարիամից, որպես և Ինքը կամեցավ՝ անթերի մարմնով՝ պահելով ծնողի կուսությունն անխախտ, անարատ և անապական:

Եվ մենք այսօր տոնում ենք Նրա ծննդյան օրը՝ Աստծո Ծնունդը Ս. ԿույսՄարիամից և Նրա Մկրտությունը, որն եղավ 30 տարի հետո նույն օրը, ինչԾնունդը՝ հունվարի 6-ին:

Այդ պատճառով էլ Հակոբոս Տեառնեղբայրըկարգադրեց այս օրը Ծննդյան և Մկրտության տոները միասին տոնել:

Եվ նրանից հետո Ս. Կյուրեղ Հայրապետը՝ Ս. Հակոբոսի աթոռակալը, 8 օր կարգադրեց տոնել.

7 օր՝ ըստ արարչագործության օրերի և մեկ օր՝ որպես օրինակ հանդերձյալ օրվա (*հավիտենականության). ըստ սաղմոսի՝ տալ բաժին յոթին, նաև ութին (հմմտ. Ժողովող 11.2):

Արդ, հայտնի է, որ Աստված կրկին արարչություն արեց և մարդուն հասցրեց աստվածային փառքին, որը կամենում էր սկզբից:

Ահա տոնախմբության առաջին օրը ստեղծված լույսի փոխարեն անստեղծ ճշմարիտ լույսը երկրում ծավալվեց:

Որպես և Ինքն իսկ, մեր Տերն ասաց, թե.

«Ե´ս եմ աշխարհի լույսը. և Ես լույս աշխարհ եկա»:

Հրեշտակները առաջացան՝ լույսից գոյանալով:

Իսկ նոր արարչությունում մարդիկ մկրտության շնորհներով հրեշտակակերպ ծնվում են վերստին՝ որպես սուրբերի անթիվ բազմություններ, ու միանում են երկնավոր հրեշտակների բազմաթիվ զորքերին:

Եվ վերին երկնքի փոխարեն մարդկային հոգիները, որոնք երկրային բնությամբ ապականված էին, անգիտությամբ խավարած և ամբարշտությամբ հնացած, նորոգվեցին ու լուսավորվեցին և երկնքից ավելի պայծառ փայլեցին ճշմարիտ աստվածգիտությամբ, այսինքն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատով:

Երկրի հաստատության փոխարեն մարդկային մարմինն աղտաղտուկ հողից ու տղմալի մեղսասիրությունից, զորանալով Քրիստոսով, հաստատվեց գործելու անշարժ հույսով:

Եվ փոխանակ ջրի՝ աստվածգիտության հոսանքները երկրում ծավալվեցին, ըստ այն խոսքի, որն ասում է.

«Երկիրը լցվեց Տիրոջ գիտությամբ, իբրև ջրերի բազմությամբ, որ ծածկում են ծովերը»:

Կենդանական օդի փոխարեն Սուրբ Հոգու շնորհները տարածվելով՝ սփռվեցին մարդկային բնությունում:

Ըստ Պողոսի, ով ասում է. «Քրիստոսով անուշահոտություն ենք առ Աստված» (հմմտ. Եփեսացիներ 5.2):

Քանզի զգայական հոտը զգալի (*նյութական) օդով է տարածվում, իսկ հոգևոր անուշահոտությունն իմանալի կերպով տարածվեց Սուրբ Հոգու շնորհներով մարդկային բնությունում, իր ընդունիչների մեջ և վերաբերեց նրանց մահվանից դեպի կյանք:

Ոչ թե դեպի վերին օդը, այլ երկինք վերանալու մասին է ավետարանում:

Եվ հրի փոխարեն աստվածային սիրո հուրը երկրում բորբոքվեց ըստ Տիրոջ խոսքերի.

«Հուր եկա գցելու երկրի վրա» (հմմտ. Մատթեոս 3.11):

Եվ փոխանակ Աստծո Հոգու շրջելուն ջրերի վրա, որ սկզբում էր (Ծննդոց1.2), այսօր ստուգապես, Հոր և Սուրբ Հոգու գալով Որդու վրա Հորդանանի ջրերում, հայտնի դարձավ Ամենասուրբ Երրորդության միությունը:

Որդին մկրտվելով, Հայրը վկայելով, և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնելով Իր փառակցի վրա:

Որ ամենքը լսեցին և տեսան՝ արդարները ումեղավորները:

Նաև այսօր Հորդանանում Ամենասուրբ Երրորդության հայտնությամբ բոլոր ջրերը սրբվեցին ու զորացան ծնելու ոչ թե անմիտ ձկներին կամ թռչուններին, որոնք վերին ջրերում, օդում, սլանալով խայտում են, այլ Սուրբ Հոգու զորությամբ մարդկային ազգը եկավ հրեշտակների նմանության, և Ադամի որդիները՝ Աստծո Որդու:

Տեսնո՞ւմ ես երկրորդ արարչության համեմատությունը առաջինին և նրա գերազանց լինելը առաջինից:

Քանզի այն օրինակ էր, և սա` իսկություն:

Քանզի որպես զորացրեց Աստված Կույսի բնությունը` ծնվելու նրանից, նույնպես և Նա զորացրեց ջրի բնությունը մկրտել նրանում:

Որպեսզի ջրերը կարողանան ծնել մեզ հոգով` Աստծուց որդեգրության համար:

Եվ Հոր ձայնը վկայեց Որդու մասին Հորդանանում, թե.

«Դա´ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթեոս 3.17):

Ով այսօր ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, Նա և այսօր մկրտվում է Հորդանանում Հովհաննեսից:

Ինչի մասին և Դավիթ մարգարեն է ասում Աստծո առջև.

«Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»» (Սաղմոս 2.7):

Նույնը և այսօր Հորդանանում ասաց (Մատթեոս 3.17):

Ում վկայությանը և մենք ենք հավատում, որովհետև Ով սկզբից Իր պատկերով ստեղծեց մարդուն, այսօր դարձյալ եկավ նորոգելու նրան ու առաջին փառքին հասցնելու:

Քանզի Ով ստեղծեց Ադամին երեսնամյա, նույնպես և Ինքն երեսնամյա եկավ մկրտվելու, որպեսզի ամեն ինչ բերի Իր արարչության նույն պատկերին և դարձյալ նորոգի հանդերձյալ աշխարհում` հավիտենական կյանքի համար:

Որին և մեզ արժանի դարձնի` անտրտում կյանքին ու անվերջ ուրախությանը ի փառս Քրիստոսի մեր Աստծո:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ