«Հայերի կոտորածն այժմ ո՞վ է հիշում». նամակ Անգլիայի արքայազն Չարլզին

Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատրյանը ապրիլի 24-ին Թուրքիայի իշխանությունների կողմից Դարդանելում կազմակերպվելիք միջոցառումներին Անգլիայի արքայազն Չարլզի և որդու` Հարրիի մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, գրում է Ermenihaber.am-ը:
Արքայազն Չարլզին և նրա որդուն ուղղված նամակ-հայտարարության մեջ արքեպիսկոպոս Ասատրյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի ունեցած պատասխանատվության մասին: Այս մասին գրում է Թուրքիայում հրատարակվող «Ագօս» հայկական շաբաթաթերթի կայքը:
Հայ բարձրաստիճան հոգևորականը նամակում նշել է, որ ապրիլի 24-ին տեղի ունենալիք միջոցառումներն իրականում ոչ թե միտված են Դարդանելի ճակատամարտի հիշատակմանը, այլ դրանք մի ռասայի հիշողությունները ոչնչացնելու օրինակ են:
Ասատրյանը, ով Դարդանելում կազմակերպվելիք միջոցառումները որակել է որպես անգթության և ժխտողականության հաղթանակ, հիշեցրել է, որ դաշնակից պետությունները (Անտանտ) 1915-ի դեպքերը ճանաչել են, որպես մարդկության դեմ ուղղված հանցանք:
Արքեպիսկոպոսն ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Ուինսթոն Չերչիլը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նշել է. «Անգլիան, որ խոստացել էր պատժել ցեղասպանության մեղավորներին, այժմ` 21-րդ դարում, պարգևատրում է մի ազգի բնաջնջման պատասխանատուներին»:
Նամակի վերջում հիշեցվում է Ադոլֆ Հիտլերի «Հայերի կոտորածն այժմ ո՞վ է հիշում» արտահայտությունը և արքայազնին հորդոր հղվում չմասնակցել նշյալ խոսքերը հիշեցնող միջոցառումներին: