Ուխտաձոր
Ուխտաձոր (Էդիլլու) գյուղը գտնվում է Հադրութի շրջանի հարավ – արևելյան մասում։
Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան մասում։
Հադրութի կենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 72 կմ հեռավորության վրա։
Մակար Բարխուդարյանը գյուղը կոչում էր Իտելեցիք:
Նա նշում էր, որ «գյուղի բնակիչք բնիկ են, հողն բեկական, անջրդի, սակայն հացատու»։
19 րդ դարի վերջերին գյուղում կար 60 տուն, 500 բնակիչ։
Խորհրդային շրջանում գյուղը կոչվել է Էդիլլու։
Հետպատերազմյան շրջանում գյուղը վերանվանվել Ուխտաձոր։
Ուխտաձորի տարածքում պահպանվել են պատմամշակութային նշանակության հուշարձաններ՝ Քմախաչ, Ըխտածյոր, Պառավ խաչ, գերեզմանոց, Ս․ Աստվածածին եկեղեցին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում։
Ըստ շինարարական արձանագրության՝ կառուցվել է թվին ՌՃԽԱ (1692):
14,5 մետր երկարությամբ, 7,3 մետր լայնությամբ, 4,5 մետր բարձրությամբ եկեղեցին միանավ բազիլիկ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և երկու ավանդատներով։
Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։
Միակ մուտքը բացվում է հարավից, լուսավորությունը ստանում թվով փոքր լուսամուտներից։
Սրբատաշ շքամուտքը զարդանախշ է՝ մայր հողն ու երկրագունդը խորհրդանշող շրջանակներով։
Բարավորը զարդարված է խաչային հորինվածքներով։
Պատերի մեջ ագուցված են խաչաքանդակ սալեր և խաչքարերի բեկորներ։