03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկեղեցի Անապատ ( «Մանդուռ»)

Արձանագրություններով հարուստ այս եկեղեցին նորահայտ է, հայտնաբերվել է 2018 թվականին։

Եկեղեցին գտնվում է Թարթառ գետի աջ ափին, մի այնպիսի վայրում, երբ գետը երեք կողմերից ողողում է արտաքուստ թերակղզու տպավորություն թողնող ոչ մեծ տարածք զբաղեցնող (ընդամենը 200 X 220մ չափերի) բարձրավանդակը, որի հարթ տարածքի վրա տեղակայված է այդ խիստ ուշագրավ հոգևոր կենտրոնը:

Այն հեռու է Սարսանգի ջրավազանից ուղիղ գծով ընդամենը 1.2 կմ, իսկ հանրահայտ Ջրաբերդից 2.4 կմ, գտնվելով վերջինից հյուսիս- արևմուտք, իսկ դրա ամենամոտ բնակավայրը Մեծ շենն է՝ 4.3 կմ արևելք:

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից`636մ է:

Եկեղեցին փոքր չափերի է, ունի 6.5մ երկարություն, 4.4մ լայնություն և 2.5մ բարձրություն:

Ներկայումս կիսաքանդ վիճակում է: Տանիքն ամբողջությամբ փլված է, իսկ մի շարք քարեր տեղահանված ու թափված են շուրջ բոլորը:

Մուտքն արևմտյան կողմից է: Կառուցված է տարբեր չափերի խառն ու անտաշ քարերով ու կրաշաղախով, իսկ որպես անկյունաքարեր օգտագործվել են նաև սրբատաշ քարեր:

Այստեղ առկա են նաև երկու տասնյակից ավելի արձանագիր խաչքարեր ու սալաքարեր, որոնք ուշագրավ տեղեկություններ են հաղորդում հուշարձանի կառուցման ու տարածաշրջանում եղած անցուդարձերի մասին:

Եկեղեցու դռան ճակատակալ քարի(բարավորի) վրայի արձանագրությունից հայտնի է դառնում, որ այն կառուցել են Սամվելը և Մարգարը՝

«Ես Սամէլ եւ Մարգարէ շինեցաք զեկեղեցիս, եւ ի կատարմանն փոխեցաւ ի ՔՍ՝ բազում աշխատութեամբ երանելին Սամուէլ եւ զմեզ անմխիթար եթող:

Որք երկրպագէք՝ յիշեցեք ի [ՔՍ]»/Հ.Պետրոսյան/: Մեկ այլ ուշագրավ 82×40×08սմ չափերի տեղահանված խաչքարի կողին՝ «Թիւ :Շ/ՀԶ: (1127 թ.):

Ես/ Յակոբ կանգեցի զխաչս եղբոր իմո Գիորգա բարէխաւս առ ԱԾ, եւ թողէ ԱԾ զմեղս Գիորգայ. ամէն»/Հ.Պետրոսյան/:

Խաչքարն ուշագրավ է նաև պատկերաքանդակներով:

Կենտրոնում մեծադիր խաչ, դրա հորիզոնական երկու թևերին մեկական խաղողի ողկույզներ, իսկ ստորին մասում՝ երեք հոգևորականների բարձրաքանդակները, որոնցից երկուսը՝ վեր պարզած խաչերով և մասամբ եղծված գրություն (<<Գրիգոր Գեորգ?...>>):

<<Յակոբ>> անձնանունը հիշատակվում է նաև մի կիսակլոր, եկեղեցուց տեղահանված քարի վրա՝ ՈԽ(1191) թվագրությամբ:

Այդուհանդերձ, մեր կարծիքով ամենաուշագրավ պատմական արձանագրությունը զետեղված է մի 92 X 60 X 20 չափերի 12 տողանոց ընդարձակ, անշուշտ եկեղեցուց տեղահանված սալաքարի վրա, որտեղ փաստորեն առաջին անգամ որպես վիմագիր հիշատակվում է <<Չարաբերդ>> բերդանունը:

Իսկ արձանագրության առաջին տողից հասկանալի է դառնում, որ այն գրի է առնվել Ո(1151)թ. Տեր Ներսեսի (Ներսես Բ, 1149-1155թթ.) ժամանակներում (<<Ի Ո Թ ի հայրապետութե Տն Ներսիսա….>>), որը միաժամանակ ցույց է տալիս, որ վերը նշված արձանագրության մեջ հիշատակվող Սամուէլ մարգարեն եկեղեցին ոչ թե կառուցել, այլև վերակառուցել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ