Վախեցեք Աստծուց, եթե նույնիսկ անաստված եք․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վախեցեք Աստծուց, եթե նույնիսկ անաստված եք
Եթե գեթ մեկ անգամ մասնակցել ես պատարագի, ուրեմն գիտես, որ պատարագը սկսվում է չարից հրաժարվելու մասին հայտարարությամբ՝ հավատացյալ ժողովուրդը եկեղեցու հոգեւոր առաջնորդի կոչից հետո՝ հրաժարվել չարից, շրջվելով դեպի արեւմուտք, կրկնում է ՝ «Հրաժարելով հրաժարիմ» , հետո, ինչպես կարգն է․ «Մեղա քեզ տեր» եւ, ապա, սկսվում է բուն պատարագը։
Կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի գնացած չարերը, մեղքի տակ թաղված էս թյուրիմացություն- ազգակործան -պատուհասները, ախր իրենք են ուղնուծուծով չար եւ մեղավոր, էդ խոսքերը որպես ի՞նչ էին լսում, որպես ի՞նչ էին հասկանում։ Տեսես հետները խունկ տա՞րել էին, իսկ ի՞նչ էին տարել։ Իրենք՝ չարի ներկայացուցիչ, իրենք՝ չար, իրենք՝ մեղքի մեջ խրված, իրենք՝ մեղավոր եւ անաստված, տեսնես, ի՞նչ էին զգում։ Հրաժա՞րվում էին իրենք իրենցից, գիտա՞կցում էին իրենց մեղքը։
Իսկ պատարագը անցկացնող հոգեւորականը տեսնես ի՞նչ էր զգում, երբ հավաքվածներին կոչ էր անում շրջվել արեւմուտք եւ կրկնել, որ հրաժարվում են չարից, որ մեղա են գալիս իրենց մեղքերի համար։ Թե՝ էդ մասերը եւս կրճատվել են՝ չարից հրաժարումը, մեղա գալը նո՞ւյնպես չեն հնչել, ինչպես չհնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Պատարագը անցկացնող հոգեւորականը իրեն ո՞նց էր զգում, իրեն ո՞վ էր զգում, ինքը չա՞րի, թե՝ Աստծո ներկայացուցիչն էր եկեղեցում, ինքը ո՞վ էր, վախ չո՞ւներ Աստծուց։
Էս գիշեր քնե՞ց թե խեղդվեց նոր մեղքերի մեջ։
Իսկ էն կանայք, որ լրագրողներին «հոշոտում» էին իրենց տգետ, ճղճղան եւ անգետ ձայնով ու խոսքով, տեսնես, երբ տուն գնացին, իրենց երեխաների ու թոռների աչքերին կարողա՞ցան նայել, չվա՞խեցան Աստծուց։
Տեսնես քպականների վախվորած/ոմանց՝ առավել լկտիացած/ տեսքը դեռ մնա՞ց, թե եկեղեցուց դուրս եկան եւ խրոխտ գնացին նոր մեղքերի մեջ թաղվելու։
Իսկ պարոն Նավասարդը գոնե մի քիչ ամոթ ո՞ւնի, մազերը ճերմակել են եկեղեցում, իրեն մարդ մնալու համար էլ ի՞նչ էր պետք՝ խայտա՞ռակվել։
Տեսնես ինքն իրեն երբ նայում է հայելու մեջ, ո՞ւմ է տեսնում, ինքը ո՞վ է։ Իսկ էն Բենթլին դեռ կա՞։
Առհասարակ՝ դրա արյունոտ ձեռքը սեղմողները տեսնես հետո ո՞րքան երկար են լվացվում, բայց ձեռքերի վրայից իրենց փոխանցված արյան հետքը չի անցնում։
Չարից հրաժարվելով հրաժարվել է պետք եւ պարտադիր է մեղա գալ, խնդրել , որ Աստված ների բոլորիս մեղքերը։
Թե ի՞նչ կանի Աստված, միայն իրեն է հայտնի, վախեցեք Աստծուց, նույնիսկ եթե անաստված եք․․․Տեսնես Աստված ի՞նչ պլաններ ունի մեր ժողովրդի հետ, գուցե այլեւս ոչ մի պլան էլ չունի․․․Մեղա քեզ Տեր, ներիր․․․»։











































