Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Թեբայեցիների ծերերից մեկն ասաց. «Ես կուռքերի տաճարապետի որդին էի, և երբ փոքր էի, նստում էի տաճարում և բազմիցս տեսնում էի իմ հորը՝ կուռքերին պատարագներ ու զոհեր մատուցելիս: Մի անգամ ծածուկ եկա նրա հետևից և տեսա՝ սատանան նստած, իսկ նրա առաջ՝ նրա ողջ զորքը, և ահա մի իշխան առաջ գալով` երկրպագեց նրան, իսկ սատանան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»:
Եվ նա ասաց. «Այսինչ երկրում կռիվ գցեցի, խռովություններ և արյունահեղություններ հրահրեցի և այժմ եկա քեզ պատմելու»:
Սատանան հարցրեց. «Եվ որքա՞ն ժամանակում կատարեցիր այդ»: Ասաց. «Երեք օրում»: Հրամայեց գանահարել նրան և ասաց. «Այդքան ժամանակում ա՞յդ է քո վաստակը»: Եվ ահա մեկ ուրիշը եկավ և երկրպագեց:
Հարցրեց. «Դո՞ւ որտեղից ես գալիս»: Եվ դևն ասաց. «Ծովում էի. մրրիկներ և ալեկոծություններ հարուցեցի, նավերը խորտակեցի և բազում մարդկանց սպանելով` եկա պատմելու քեզ»: Հարցրեց նրան.
«Որքա՞ն ժամանակում արեցիր այդ»: Եվ դևն ասաց. «Քսան օրում»: Նրան ևս հրամայեց գանահարել և ասաց. «Ինչո՞ւ այդքան օրում միայն դա ես արել»: Ահա երրորդը ևս եկավ և երկրպագեց նրան, և սրան նույնպես հարցրեց. «Դո՞ւ որտեղից ես գալիս»: Եվ դևն ասաց. «Այսինչ քաղաքում հարսանիք կար, հարս ու փեսայի ձեռքով մեծ արյունահեղություն և պատերազմ սարքեցի, և եկա քեզ պատմելու»: Եվ նա ասաց. «Քանի՞ օրում արեցիր այդ»: Ասաց. «Տասն օրում»:
Եվ հրամայեց սաստիկ ծեծել նրան: Սրանցից հետո եկավ մեկ ուրիշը և երկրպագեց նրան: Նրան էլ հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»: Եվ նա ասաց. «Այս քառասուն տարի է` անապատում էի, մարտնչում էի մի կրոնավորի դեմ, և այս գիշեր գցեցի նրան պոռնկության մեջ»: Այս լսելով` վեր կենալով համբուրեց նրան և վերցնելով իր պսակը՝ դրեց նրա գլխին և իր աթոռի կողքը նստեցնելով՝ ասաց. «Որովհետև այս գործը կարողացար գլուխ բերել, արժանի ես սրան»:
Այս տեսա և ասացի. «Այսպե՜ս մեծ է կրոնավորների դասը, և հաճությամբ Աստծո, որ կամեցավ իմ փրկությունը, դուրս ելա և դարձա մենակյաց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
surbzoravor.am