23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրբ Անանիա առաքյալ

Սուրբ Անանիա առաքյալը (եբր. חנניה, հուն. ανανίας, նշանակում է Աստծո ողորմություն, շնորհ, կամ մեկը, ում Աստված տվել է իր շնորհը) Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր1: Սակայն բացի Քրիստոսին աշակերտ լինելուց նա նաև համարվում էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը:

Անանիա առաքյալի մասին առաջին անուղղակի հիշատակությանը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանի տասներորդ գլխում (Ղուկ. 10:1-24), երբ Քրիստոս իր առաքյալներին ուղարկում է քարոզչության: Սակայն նրա մասին առավել մանրամասն հիշատակմանը հանդիպում ենք Գործք Առաքելոցի 9-րդ գլխում, որտեղ Ղուկաս ավետարանիչը գրում է «Եւ էր ոմն աշակերտ ի Դամասկոս Անանիա անուն. ասէ ցնա Տէր ի տեսլեան, Անանիա: Եւ նա ասէ, Ահաւասիկ եմ, Տէր: Եւ ասէ ցնա Տէր, Յոտն կաց եւ գնա ընդ փողոցն որ կոչի Ուղիղ, եւ խնդրեսցես յապարանսն Յուդայ Սաւղոս անուն զՏարսոնացի.զի կայ դեռ յաղօթս» (Գործք Առաքելոց 9:10-19):

Այստեղ ներկայացվում է Պողոս առաքյալի դարձի պատմությունը, որտեղ Անանիա առաքյալը հիմնական գործող անձն է: Տերը հենց նրան է հրամայում, որ գնա Սողոս Տարսոնացու մոտ և բժշկի նրան: Այնուհետև, երբ Տերը նրան կանչում է, Անանիան պատասխանում է. «Ահաւասիկ եմ, Տէր»: Եվ նա Աստծուց հրաման է ստանում, որ գնա և օգնի Սողոսին: Անանիան պետք է գնար Ուղիղ2 կոչվող փողոցով: Սա մի մեծ փողոց էր, որ ձգվում էր Դամասկոս քաղաքում արևմուտքից արևելք, ու բաժանված էր երեք մասի՝ կենտրոնական, որը նախատեսված էր փոխադրամիջոցների համար, և դրա երկու կողմերում մեկական փողոց՝ նախատեսված անցորդների համար: Այդ փողոցների տարբեր հատվածներում վաճառականները զբաղվում էին առևտրով:

Անանիա առաքյալը, երբ Աստծուց լսեց իրեն ուղղված խոսքը, իր ժամանակակիցների նման կարող էր անմիտ քայլ համարել և այսպես ընկալել. «Գնա՛ և գտի՛ր այն մարդուն, ով ուզում էր ձեռբակալել կամ նույնիսկ սպանել քո հավատակիցներին և քեզ»: Սակայն Անանիան մեկն էր, ով հավատում և վստահում էր Աստծո ամեն խոսքին. նա Տիրոջ հաճելի ծառան էր, ով առանց երկմտության և առանց որևէ դժգոհության անսաց Տիրոջ խոսքին, գնաց և բժշկեց Սողոսին: Ինչպիսի մեծ համարձակություն և առ Աստված ուղղված որդիական խոնարհություն էր անհրաժեշտ այս ամենն անվախ կատարելու համար: Այստեղ տեսնում ենք քրիստոնեական սիրո լավագույն դրսևորման օրինակներից մեկը. Անանիան

հանդիպում է Սողոսին, նրա վրա իր ձեռքը դնելով, ջերմ ողջունում է նրան և ասում. «Սաւու՛ղ եղբայր, ի վե՛ր հայեաց, Տէ՛ր առաքեաց զիս, Յիսուս, որ երեւեցաւն քեզ ի ճանապարհին յորում գայիրն, որպէս զի տեսցես եւ լցցիս Հոգւով Սրբով» (Գործք 9:17): Աստվածային սիրո առկայությունն էր, որ առաքյալը կարողացավ կատարելապես ներել քրիստոնյաներին հալածող թշնամուն:

Պողոս առաքյալը հետագայում՝ իր քարոզչության ժամանակ, այս ամենի մասին մեծ հպարտությամբ պատմում և վկայում էր հրեաներին Անանիա առաքյալի մասին. «Անանիա ոմն այր երկիւղած ըստ օրինացն, վկայեալ յամենայն բնակչաց որ ի Դամասկոս հրեայքն էին» (Գործք. 22:12)

Սուրբգրային այս պատումներից մենք մի քանի կարևոր նյութեր ենք արձանագրում առաքյալի մասին: Առաջին հերթին դրանք օգնում են կարծիք կազմելու առաքյալի անձի մասին: Նա իր կյանքով և սրբությամբ արժանացավ Աստծո համար ընտրյալ անոթ լինելու մեծ շնորհին: Այս հատվածից է, որ տեղեկանում ենք, թե Անանիա առաքյալը եղել է Դամասկոս քաղաքից, սակայն վարքագիրների նշած այն փաստը, թե Անանիա առաքյալը եղել է Դամասկոսի եպիսկոպոսը, բացակայում է Նորկտակարանյան այս հատվածից:

Թեև Դամասկոսի առաջնորդ լինելը հիշատակվում է միայն վարքագիրների մոտ, այնուամենայնիվ այդ փաստը ներկայումս քննարկման չի դրվում և համարվում է հստակ իրողություն, սակայն, դեռ միջնադարում, շատերի կողմից է քննարկման դրվել նրա նվիրապետական աստիճանի հարցը: 10-րդ դարում ապրած, ազգությամբ հույն եպիսկոպոս Եկումենեոս Թրակացին3 Անանիային որպես սարկավագ է հիշատակում, սակայն նշում է, որ այդքան էլ հավանական չէր, թե Պողոս առաքյալը նրան որպես սարկավագ թողներ: Ի վերջո հանգում է այն ենթադրությանը, թե հավանաբար կյանքի վերջին տարիներին Պողոս առաքյալի կողմից եպիսկոպոս է ձեռնադրվել:

Ինչպես տեսանք, Սուրբ Գրքում եղած տեղեկությունները սահմանափակվում են միայն վերը նշված երկու հատվածներով (Գործք 9:9-19, 22:12-17):

Անանիա առաքյալի մասին առավել ընդարձակ կերպով տեղեկություններ ենք քաղում նրա վարքագիրներից: «Եւ էր Անանիա փառացի մարմնով, այլ յոյժ հեզ և հանդարտ սրտիւ, լի հոգւով Աստուծոյ, առատ ի բանս և զուարթ ի գործս»4:

Ինչպես արդեն նշել ենք, մինչև հավատի Վեմի կողմից Դամասկոսի եպիսկոպոս ձեռնադրվելը Անանիա առաքյալը եղել էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը և բազում հարցերում օգնել նրանց: Ենթադրվում է, որ հենց Դամասկոսն է Անանիա առաքյալի ծննդավայրը:

Թեպետ Սուրբ Անանիա առաքյալի աթոռը Դամասկոսում էր, սակայն նա Ավետարան քարոզելու համար հաճախ էր շրջում ասորիների և պաղեստինցիների երկրներով: Այդ քարոզչության ժամանակ Քրիստոսի անունով բազում հրաշքներ էր կատարում, սակայն հեթանոսների և հրեաների հալածանքները շարունակ հետևում էին նրան: Երբ քարոզչության նպատակով մեկնել էր Հելևթերուպոլիս (հունարենից թարգմ.՝ «ազատ քաղաք»), որը հայտնի էր բազում կռապաշտներով5, հեթանոս ավազակների մի խումբ նրան բռնում է և տանում կանգնեցնում դատավորի առջև: Լիկիանոս (Ղուկիանոս) անունով դատավորը Քրիստոսի անվանը հակառակվող և բազում չաստվածների պաշտող մի այր էր:

Ինչպես վարքագիրներն են նշում, դատավորը սկզբից փորձել է քաղցրությամբ խոսել Սուրբ Անանիայի հետ. «Ո՛վ այր դու, տեսանեմ զքեզ սքանչելատեսիլ՝ իմաստուն և հանճարեղ. արդ եթե լուիցես ինձ, բազում բարութեանց հանդիպիս դու…»6 և այս կերպ ցանկացել է համոզել առաքյալին, որպեսզի հետ կանգնի Աստծո խոսքի քարոզելուց: Սուրբ Անանիան պատասխանել է՝ «Կուռքերին զոհ չեմ մատուցի, և խուլ ու համր բագիններին չեմ երկրպագի, որոնք բնակարանն են դևերի, այլ կերկրպագեմ Հիսուս Քրիստոսին՝ իմ Տիրոջը, և ճշմարիտ Աստծուն, Որը մեզ համար եղավ գիտության լույս և Որին մեր իսկ աչքերով տեսանք, քանզի Նա մարմնով եկավ աշխարհ և մեզ ազատեց կուռքերի մոլորությունից, ինչի համար և ես պատրաստ եմ տանջանքների և մահվան, քան թողնեմ ճշմարտությունը և մոլորվեմ խաբեությամբ»:

Դատավորը այս խոսքերից հետո սաստիկ բարկացել է և ասել. «Կարծում եմ, թե մարմնիդ մեծության և զորության վրա հույս դնելով աշխատում ես արհամարհել տանջանքները, որով և քո իմաստությունը քեզ անմտության է մղում»: Ապա դահիճներին հրամայել է, որ Սուրբ Անանիային մերկացնեն և դաժան ծեծի ենթարկեն:

Առաքյալը հասկանալով, որ հասել է իր նահատակության ու սուրբ պսակին արժանանալու ժամը, աչքերը և ձեռքերը երկինք հառելով, աղոթում է. «Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Աստուած զօրութեանց, մի՛ երբէք ի վարմս իւր թակարդեսցէ զիս թշնամին, այլ արժանի եղէց և ես չարչարիլ վասն Քո, և զարդարիլ պսակաւ Քով, համադասեալ ընդ ընտրեալ աշակերտս Քո կենօք և մահու»7: Այս խոսքերից հետո դատավորի հրահանգով դահիճները սկսում են արջառաջլերով անողորմաբար հարվածել սրբին, միաժամանակ նրան հրամայելով, որ զոհ մատուցի իրենց չաստվածներին, սակայն առաքյալը չէր պատասխանում դատավորին: Անպատասխան մնալով դատավորն էլ ավելի սաստիկ տանջանքների մատնեց սրբին. հրամայեց կախել փայտից, քերել տվեց նրա մարմինը, այնուհետև ջահերով խանձել տվեց վերքերը: Իսկ այդ ամենից հետո քարկոծեցին սուրբ առաքյալին:

Սուրբ Անանիայի մարմինն այս չարաչար տանջանքներից հետո այլևս չէր կարող դիմադրել: Զգալով իր երկրային կյանքի ավարտը, սուրբ առաքյալը իր վերջին աղոթքն է ուղղում առ Աստված. «Ո՛վ Թագավոր թագավորների, Տե՛ր տերերի, ընդունի՛ր իմ անձը որպես Քեզ պատարագ, որպես ընդունելի զոհ՝ ի փառս Քո սուրբ անվան», և այդպես ավանդում է հոգին:

Հոգին ավանդելուց հետո իր աշակերտներն ու ծանոթները վերցրեցին սրբի մարմինը և թաղեցին իր հայրենի երկրում՝ Դամասկոսում, 70 թվականին: Վարքագրության մեջ Անանիա առաքյալի բնակավայրը նշվում է, որ Դամասկոսն է: Նրա նահատակությունից հետո Դամասկոսում եկեղեցի է կառուցվում հենց իր՝ Անանիա առաքյալի անունով, սակայն հետագայում այլադավանները այդ եկեղեցին մզկիթի են վերածում: Իսկ Սուրբ Անանիայի հրաշագործ մասունքների մի մասը թողնում են Դամասկոսում և մեկ այլ եկեղեցի կառուցում8, մյուս մասն էլ տանում են Հռոմ, որտեղ սուրբ առաքյալի գլուխը նրա այլ մասունքների հետ երբեմն ի ցույց էին դնում Ս. Պողոսի տաճարում: Հետագայում նրա մասունքների մի մասը թողեցին Սուրբ Պողոսի տաճարում, իսկ գլուխը փոխադրեցին Բոհեմ քաղաքում գտնվող Սրբուհի Բրասկետայի եկեղեցի:

Դա տեղի ունեցավ Կառլոս IV-րդ կայսրի ժամանակ (1316-1378թթ.): Վերջինս, ով նաև Բոհեմի արքան էր, խնդրեց ու Հռոմից վերցրեց Սուրբ Անանիայի գլուխը, ոսկով և արծաթով զարդարեց այն, ապա ընծայեց Բրասկետայի եկեղեցուն9: Հետագայում Սուրբ Պետրոսի տաճարում մնացած մասունքները նույնպես տեղափոխում են Բոհեմ: Եւ մինչ այժմ էլ Բրասակետայի եկեղեցում փոքրիկ ավանդատուն-խորանի մեջ պահվում են Սուրբ Անանիայի մասունքները (գլուխը և սրունքները): Այդ պահարանի մեջ դրված մասունքների վրա կարդում ենք՝ “Caput S. Ananiae Discipuli Domini” որ թարգմանաբար նշանակում է՝ «Տիրոջ աշակերտ Սուրբ Անանիայի գլուխը»:

Մեզ է հասել նաև այն տունը, կամ մատուռը, որտեղ Անանիա առաքյալը մկրտել է Սողոսին (Պողոս առաքյալին): Ինչպես գիտենք այդ վայրը այժմ գտնվում է Դամասկոսի քրիստոնեաներին պատկանող հատվածում՝ Սիրիայում, Ուղիղ կոչվող փողոցում: Մասնագետներն այն կարծիքին են, որ մատուռը ժամանակին կառուցվել է հռոմեական հին փողոցի հարթությանը հավասար, սակայն այժմ գտնվում է գետնից 5 մետր խորության վրա: Մատուռը այդ քաղաքի քրիստոնյաների համար եղել է հավաքատեղի և այժմ էլ շարունակում է մնալ Քրիստոսի քարոզչության լույսը սփռող օջախ: Եվ չնայած, որ շատ անգամներ է վերանորոգվել, պահպանել է վաղ քրիստոնեական շրջանի շունչն ու միջավայրը: Ներսից շատ պարզ, հաստ պատերով ճարտարապետական մի կառույց է՝ բաղկացած 2 սենյակներից: Շատ ճոխ զարդարանքներ չկան, այլ միայն մի քանի սրբապատկերներ են, որոնք պատմում են Սողոսի դարձի մասին: 1921 թվականի հնագիտական պեղումների արդյունքում մատուռում հայտնաբերեցին 5-6-րդ դարերի պատկանող վաղ քրիստոնեական-բյուզանդական ոճի կառույցի մնացորդներ, ինչը ևս մեկ անգամ հաստատեց մատուռի, առաջին դարից հետո, հավաքատեղի լինելու փաստը:

Եւ հուրախություն մեզ Հայաստանն էլ անմասն չի մնացել հրաշագործ Սուրբ առաքյալ Անանիայի մասունքներից: Ըստ ավանդության, Սուրբ Անանիայի մասունքները այստեղ են բերվել դեռևս Անանիա առաքյալի նահանակությունից շատ քիչ ժամանակ անց: Մասունքներն ամփոփում են Երևանում, և այդ վայրում կառուցում են մի գեղեցկազարդ մատուռ, որը կոչում են «Անանիայի դամբարան», այնուհետև այդ վայրում վանք է կառուցվում և տարածքը կոչվում է «Անանիայի անապատ»:

Այս մասին առաջին տեղեկությանը հանդիպում ենք պատմիչ Առաքել Դավրիժեցու (Թավրիզեցի) գրած «Գիրք Պատմութեանց» աշխատության մեջ. «Կայր ի վաղեմի ժամանակաց վայելուչ մատուռ մի շինեալ ի վերայ դամբարանի Սրբոյ առաքելոյն Անանիայի, որ էր ի հիւսիսային կողմանէ քաղաքին Երևանայ ի մէջ այգեստանացն»10:

Կան նաև այլ տեսակետ, ըստ որի մասունքները Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը: Մատուռ-դամբարանը դարերի ընթացքում տարբեր փոփոխությունների է ենթարկվել, և Աստծո օրհնությամբ դիմակայելով տարբեր արհավիրքներին հասել է մեր օրերը:

Այս անապատը ժամանակ առ ժամանակ եղել է ծաղկուն վանք, տարբեր շրջանների և հեռավոր երկրների հայ վաճառականները իրենց ճանապարհին միշտ այցելել են Ս. Անանիա վանքը, տեսել կատարված աշխատանքները և նվերներ տվել վանքին՝ այն առավել ծաղկեցնելու համար:

Հակառակ այն հանգամանքին, որ վանքը Երևանում շատ հայտնի է եղել, սակայն քիչ չեն եղել դժվարություններն՝ ավազակային հարձակումներն ու ավերածությունները: Բայց, ի հեճուկս այս ամենի, Սուրբ Անանիայի մասունքները մշտապես անապատում են մնացել: Այդ մասին են վկայում նաև Թովմա Մեծոփեցին, Ղևոնդ Ալիշանը, Մաղաքիա արք. Օրմանյանը և այլք:

Անանիա առաքյալի մատուռ – դամբարանը գտնվում է ներկայիս Երևանի ԶորավորՍուրբ Աստվածածին եկեղեցու մոտ (եկեղեցուն կից ): Մինչև 1889 թվականը Անանիա առաքյալի դամբարանի մուտքը եղել է եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմից, սակայն, երբ Սուրբ Անանիայի դամբարանի վրա գտնվող մատուռը վերակառուցում են, այդ ժամանակ փակում են հին դուռը և արևմտյան կողմից մատուռ դամբարանի համար մի նոր դուռ են բացում:

Այս մասին հիշատակությունների ենք հանդիպում նաև մի շարք օտարազգի հեղինակների աշխատություններում: Ռուս ճանապարհորդ Մուրավյովը գրում է. «Հայաստանում ես գտա քրիստոնեական ժամանակաշրջանի մի գանձ, որի մասին նույնիսկ շատ հայաստանցիներ չգիտեին: Այն գտնվում էր Երևան քաղաքի ծայրում, գրեթե քաղաքից դուրս, և եկեղեցին կոչվում էր Զորավոր: Եկեղեցու ներսից աստիճաններով՝ ինչպես Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե վանքերում է, ճանապարհ կար դեպի ներքև, որտեղ էլ գտնվում է Սուրբ Անանիա առաքյալի դամբարանը: Թե ինչ ճանապարհով և երբ են Սուրբ Անանիայի մասունքները հասել Հայաստան, ես չկարողացա հաստատապես ճշտել, սակայն եկեղեցու հոգևորականներն ասացին, թե մասունքները նվիրել են սբ. Գրիգոր Լուսավորչին, ով էլ իր հետ բերել է Հայաստան»11: Շարունակելով պատմել իր ճանապարհորդության մասին, հեղինակն ավելացնում է, որ այդ ժամանակ դամբարանում եղել է ևս մեկ գերեզման, որը չի կարողացել ճշտել, թե ում է պատկանում: Հետագայում հավանաբար այդ գերեզմանը տեղափոխվել է եկեղեցու հարակից տարածք և մատուռ-դամբարանում մնացել են միայն Սուրբ Անանիայի մասունքները: Վերը նշված տեղեկությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Սուրբ Անանիայի դամբարանը պատմական տարբեր ժամանակներում ենթարկվել է բազում փոփոխությունների, սակայն հակառակ այս ամենի նրա հրաշագործ մասունքներն եկեղեցում անխախտ են մնացել:

Բացի մատուռ-դամբարանից Անանիա առաքյալից ևս մեկ մասունք է մեզ հասել, որն այժմ գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում: Այն ամփոփված է աջաձև մասունքարանի մեջ:

1874 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կազմում է թանգարանի Մայր Տումարը12, որտեղ մանրամասն նկարագրված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում եղած սրբություններն ու այլևայլ իրերը: Այս տումարում հանդիպում ենք Անանիա առաքյալի մասունքով աջի նկարագրությանը. «Աջ Անանիա Առաքելոյ արծաթապատ ոսկիզօծ, յիրկուս ծայրս բազկին միակարգ ապարանջանաձև գույնզգույն ակունք, ի բթամատն և ի ճկուտն մատանի զանազան ակամբք, և ի ծայր բազկին գրի՝ Աստուած օրհնէ Սաւրի գեղցի Մատթէոսն ճրեց»:

Սուրբ Անանիայի հիշատակությունը Հայ եկեղեցում կատարվում է Խաչի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Ամեն տարի այդ օրը մեծ շուքով է նշվում Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: 2013 թվականի այդ օրը առավել նշանավորվեց, քանի որ առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից բերվեց Սուրբ Անանիա առաքյալի մասունքով աջը, այնուհետև մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին ներկա հավատավոր ժողովուրդը հնարավորություն ստացավ հաղորդ լինելու Սուրբ աջի օրհնությանը:

1 – Բացի Աստվածաշնչից նրան հանդիպում ենք նաև Հիպոլիտոս Հռոմացու (ապրել է՝ 170-235թթ. և եղել է Իրենիոսի և Պողիկարպոսի աշակերտը) 72 առաքյալների ցուցակում:

2 – Այս փողոցը մոտ 1500 մետր երկարություն ուներ և սկզբնային 2 հատվածներում մեծ դարպասներ:

3 – Եկումենեոս Թրակացին (հուն. Οικουμeνιος) եղել է Թեսաղոնիկեի Թրակիա քաղաքի եպիսկոպոսը, ըստ պատմիչների գրել է Նոր Կտակարանի մեկնություն, որից միայն պատառիկներ են մեզ հասել: Մահացել է 945 թվականին: (համացանց – https://ru.wikipedia.org/wiki/Икумений_Триккский 18.08.2014թ.)

4 – Մկրտիչ վրդ. Ավգերյան «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» 1813 թ., Վենետիկ, Հատոր Է, էջ 51: Այսուհետ՝ «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց»:

5 – Նույն տեղում, էջ 51:

6 – Նույն տեղում, էջ 53:

7 – «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց», էջ 54:

8 – Հուդայի ապարանք կոչվող վայրում, որտեղ այդ ժամանակ ապրում էր Պողոս առաքյալը:

9 – «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց», էջ 56:

10 – Առաքել Դավրիժեցի, «Գիրք պատմութեանց՚ Երևան, 1990 թ. էջ 245 (այսուհետ Ա. Դավրիժեցի, «Պատմություն»):

11 – Муравьев Н. Н §Грузия и Армения¦, часть II, 1848 г. стр. 108-109:

12 – «Մայր Տումար պահպանեալ ի թանգարանի», ձեռագիր, 2 օրինակից, Էջմիածին, 1874թ.:

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ