22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որտե՞ղ, ինչպե՞ս պիտի մխիթարվեն նրանք

Տերը նախ երանի տվեց հոգևոր ախտերից աղքատացած հոգիներին (հոգով աղքատներին), այնուհետև`սգավորներին, «որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4):

Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը շեշտում է, որ Քրիստոս այստեղ երանի է տալիս «ոչ թե դատարկ բաների համար սգացողներին, այլ նրանց, ովքեր սգի մեջ են իրենց մեղքերի պատճառով. որովհետև խստորեն արգելված է այն սուգը, որ աշխարհի կյանքի համար է»: Առաքյալը ևս ասում է, որ «տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթ. 7:10):
Տեղին է մեջբերել սուրբ Ներսես Շնորհալու գեղեցիկ ու պատկերավոր օրինակը. «Երբ երկու մարդ` մեկը` ի ծնե կույր, մյուսը` աչյա, արգելափակված են խավար բանտում, նույն կերպ չեն սգում եղածի համար: Ի ծնե կույրն անտրտում է բանտում` խավարին սովոր լինելով, և անհոգ ծերանում է այդ վիճակում` եղածն իր համար բարիք համարելով: Իսկ նա, ով տեսել է այս լույսի գեղեցկությունը և գիտի ինչից է զրկվել, չափազանց սգում է խավար արգելարանում բնակվելու համար և շարունակ ցանկանում ու հնար է փնտրում` դարձյալ հասնելու այն լույսի վայելմանը, որից զրկվել է:

Նույն կերպ էլ, ով ճշմարիտ բարին, որից մեր բնությունը զրկվել է, կարողանում է տեսնել և ապա մտածում է մեր բնության այժմյան թշվառության մասին, շարունակ սգո և տրտմության մեջ է լինում: Ուստի այս խոսքը («Երանի սգավորներին…») ոչ միայն հոգևոր տրտմության կիրքն է երանության արժանացնում, այլև մեր կորցրած բարու գիտության փափագը»:

Եվ որքան ավելի ենք հասկանում մեր կորցրած բարու մեծությունը, այնքան ավելի ենք սգում, որովհետև մարդկային այժմյան բնության բազում չարիքներից` հոգևոր ախտերից ու մարմնի հիվանդություններից ոչ մեկին մեր մարդկային բնությունը ծանոթ չէր սկզբում: Ուրեմն` ով մտքի աչքերով տեսնում է այդ վերերկրային և խոսքերով չնկարագրվող ուրախությունը, նայում նաև տրտմություններով լի մեր այժմյան կյանքին և սգում իր և մեր ընդհանուր բնության` աստվածային կյանքից զրկված լինելու համար, նա՛ է արդարև երանելի սգի մեջ, որի պտուղը Սուրբ Հոգու մխիթարությունն է: «Իսկ ովքեր անզգա են այս ամենի հանդեպ` ոչ անցյալն են քննում, թե ինչ էինք, ոչ այժմյան տառապանքները և ոչ էլ ապագան, թե ինչ ենք լինելու, նման են ի ծնե կույրին` ըստ նախասացյալ օրինակի, և չեն տարբերվում անբան անասուններից, որոնք երբ կերակրով հագենում են, ուրախանում են, իսկ երբ կերակուրը պակասում է` թախծում»:

Ոչ միայն մեծ դժբախտություն, վիշտ ու կորուստ ունեցողներն են սգավոր լինում, այլև` մարդիկ, ովքեր ինչ-որ բան չափազանց կամենում են ունենալ, սակայն չունեն: Մարդ սգավոր է դառնում, տրտմում, քանի որ, հասկանալով երկրային բարիքների անցողիկությունը, երկնայինն է ցանկանում` ամենը, որ բարի է, առաքինի, Աստծուն հաճելի, սակայն ինքը չունի, այլ հակառակը` ունի մեղքեր, վատ սովորություններ, տգեղ արարքներ, որոնք իր համար դժբախտություն են:

Իսկ որտե՞ղ, ինչպե՞ս պիտի մխիթարվեն նրանք:

«Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ պիտի մխիթարվեն»,- ասում են հայրերը: «Եթե անգամ բյուրապատիկ տրտմությունների փոթորիկներ թափվեն քեզ վրա, բոլորից վեր կլինես, եթե Աստված մխիթարի քեզ: Աստված քո չարչարանքից շատ ավելի մեծամեծ բաներ կտա: …Ինքն այնքան մարդասեր է, որ իբրև պարգև՝ բավական չի համարում նրանց՝ տանջանքներից ու մեղքերից ազատվելը, այլ երանելի և մեծ մխիթարության արժանի էլ է դարձնում: Իսկ սգալ հրամայում է ոչ միայն սեփական անձի, այլ նաև ուրիշների համար, ինչպես սրբերի հոգիներն էին» (սբ. Հովհան Ոսկեբերան): Մխիթարիչը` Սուրբ Հոգին (Հովհ. 14:26) տեսնում է մեր տրտմությունն ու ապաշխարությունը, և անտեսանելիորեն գալիս է մեզ մոտ, պարգևում մխիթարություն ու բերկրանք, որ վերերկրային է և անսահման տարբեր` սովորական երկրային ուրախություններից:

Մեզ համար լավ օրինակ է աստվածաշնչյան հարուստի և աղքատ Ղազարոսի պատմությունը. «Հիշի՛ր,– ասում է Աբրահամը հարուստին,– որ քո կյանքում դու բարիքը ստացար, իսկ Ղազարոսը` չարչարանքը: Ուստի հիմա նա այստեղ մխիթարվում է, և դու այդտեղ` պապակում ես» (Ղուկ. 16:25): Այսինքն` հնարավոր չէ մասնակցել երկնային տոներին այլ կերպ, եթե ոչ` մարմնի նեղությամբ ձեռք բերվող առաքինությամբ և մաքուր վարքով: Ըստ հայրերի` քանի դեռ մարդը մեղքերի մեջ է, հոգով մեռած է և առաքինության վարքի հանդեպ անզգա, բայց երբ կամովին հրաժարվում է դրանցից, հիշում հավիտենական տանջանքներն ու անշեջ գեհենը, հաճելի ախտերից ընդարմացած հոգին վերստանում է զգաստությունը և դեպի լավը փոփոխմամբ երանելի դառնում:

Մարիամ Ավետիսյան

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ