23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքը չի փոխվել 100 տարի անց։ Չի եղել մի կին, որ խուսափի բռնաբարությունից

Աղուն Տեր Պողոսյանի պատմությունը

1916 թ., Վան

Աղուն Տեր Պողոսյանը պատմում է, որ 1914 թ. զորահավաքին թուրքական ոստիկանությունը նրանց գյուղում, ծեծ, կողոպուտ ու ավերածություններ անելով, զորք է հավաքագրել: Որից հետո հավաքել են գյուղում մնացած մոտ 60 երիտասարդներին, որոնց գյուղից հանել են ու կոտորել: Գյուղից դուրս գետնահորերում թաքնված, զինված տղաները, կոտորածի լուրն իմանալով, գալիս են օգնության: Կանանց ու երեխաներին փակում են եկեղեցում ու մարտերեն սկսվում: Թուրքական զորքը 3000-ից ավելի էր, ու հայերի զինամթերքը վերջալու պատճառով նրանք քաշվել են սարերը. մարտերը տևել են 21 օր: Գյուղում սկսվել է ծեծն ու դաժան բռնաբարությունը: Ըստ հերոսուհու, չի եղել մի կին, որ դրանից ազատված լինի: Այնուհետև նրանց քշել են Գործոթ գյուղը, որտեղից թուրքերը փախել են հայ կամավորների գալու պատճառով, գրում է armeniangenocide100.org-ը:

Ես, Վանի նաՀանգի Բերկրիի գաւառի Գործոթ գիւղացի Աղունի Տէր Պօղոսեան, 23 տարու, այժմ կ՚ապրիմ Բագուի Հայոց գիւղի 12 Նագորնայա N 57 տանը, ինձ կ՚օգնե Գաղթ, մարմինր: 

Մեր երկրին մէջ կ՚ապրէի ես մեր … տունէ բաղկացած գիւղին մէջ մեր տանը, որ 8 անձերէ կը բաղկանար: Այժմ կը մնանք ես, ամուսինս` Գրիգոր, տալս` Մարգարիտ, սկեսուրս` Լէյլօ և տագրս` Սարգիս, ընդամէնը 5 անձ: Սպաննուած են տագրս` Կարապետ և կեսրայրս` Դաւիթ, ընդամէնը 2 անձ: Ձգած եմ աղջիկս` 4 տարու, Արուսիկս: 

1914 թուի զօրահաւաքին թիւրք կառավարութեան ոստիկանութիւնը մեր գիւղը կու գար և ծեծի ու կողոպուտի և սաստիկ աւերածութիւններու ենթարկելով զօրք կը հաւաքէին: Գիւղ մտնող ոստիկանը պարտաւոր էր առանց հաց ուտելու գիւղէն չգնալ: Կաշառակերութիւնը հաշիւ չունէր և այսպիսի կարգ մը «բարի» սովորութիւններով հաւաքեցին բոլոր զինուոր եղողները: Միանգամայն կը հաւաքէին ևս ցորեն և խոտ, որտեղից ինչքան որ ուզենային: Այս դրութիւնը շարունակուեց մինչև դեկտեմբերի զինաթափութիւնը, որմէ յետոյ մեր տղոցմէ շատերը փախան և գիւղը եկան ու կ՚ապրէին գետնափոր պահարաններու մէջ: Մնացին ևս մի քանի հոգի ամալիա, անոնք ալ պարբերաբար կր փախչէին: Այս օրերէն մի քանի օր առաջ նոյեմբերի մէջերին քիւրտ աշիրաթները եկան Արճէշի կողմէն և դէպի Պարսկաստան կռիւի կ՚երթային, մեր գիւղը մտան և կողոպտեցին ուտելիքի տեսակէտից, ծեծը նոյն օրը սովորական մի բան դարձաւ: Բերկրիի գայմագամ Ամար պէյը, վերցուցած Տէր Յուսկան Որդոյ վանքի Առաջնորդը, իր հետ առած մեր գիւղը եկաւ, հետն բերելով մի քանի հարիւր զօրքեր: Առաջին փորձով գիւղի ռէսը կանչեց իր օգնականներով և անկէ պահանջեց գիւղին զէնքերր: Ռէսը խնդրեց, որ իրան չնեղացնեն, որովհետև զէնքեր չկայ գիւղին մեջ: Ասոր վրա Ամար պէյը, բարկացած, ռէսին տաքացուցած շամբուրներով կը դաղէ մի քանի տեղէն և կը կռտեն: Անկէ յետոյ օգնականներուն կը չարչարեն: 

Այս բանը Առաջնորդին անախորժ երևալուն համար նա կուզէ թողուլ և երթալ և Ամար պէյին կըսէ, թէ եթէ դուն այսպէս պիտի ընես իմ ժողովրդեան, լաւ է, որ ես չտեսնեմ: Ամար պէյը կը պատասխանէ, այս բաներ դու ինքդ ալ պիտի տեսնես և կը հայհոյէ Առաջնորդին, որն որ կը թողնէ կերթայ և քիւրտեր անոր ևս կը տանին և կը կորսնցնեն (ինչպէս երևում է, սպաննել են): Անկէ յետոյ թիւրքերը հաւաքեցին գիւղի մէջէն բոլոր տղամարդկանց` 100-ի մօտ և ատոնց մէջէն 60 հատ երիտասարդ հսկելով, մնացածը ազատ թողուցին: Այդ երիտասարդները գիւղէն դուրս հանեցին և կոտորեցին Կարմիր քար ըսուած տեղը: Ասոնց մէջէն Կարապետ Ոսկանեան, 22 տարեկան երիտասարդ մը, ճողոպրելով ազատուեց և գիւղը գալով` գետնաբոյններու մէջ եղող մեր զինուած երիտասարդներուն մօտ գնալով պատմեց իրողութիւնը: Ասոր վրայ տղերքր այլևս չկրնալով դիմանալ, դուրս ելան իրենց որջերից և եկեղեցու մէջ դիրքեր բռնելով կռուի պատրաստուեցան, հաւաքեցին բոլոր կիները և եկեղեցու մէջ լեցուցին: 

Յաջորդ օրը Ամար պէյը մեր գիւղը եկաւ կրկին և կռիւ սկսեց, անոր օգնական ուժերը հասան և 3000-է աւելի զօրքեր ու բաշիբօզուք քիւրտեր և միլլիներով շրջապատեց գիւղը, բայց մերոնք դիմադրեցին հերոսաբար և կռիւր տևեց 21 օր: Մեր տղաներու պատրօններր լմնցան, 3 հոգի ղրկեցին Վանէն պատրօն բերելու, որոնք որ կը բերեն մինչև գիւղին մօտ և կռիւի պատահել ով կը սպաննուին ու պատրօնները կը տանին թիւրքերը: Ասոնց մէջ էր նաև տագրս` Կարապետը: Մերոնք այլևս ռազմամթերք չունենալով` որոշեցին փախնել, և 21-րդ օրը փախան կռուող տղերքը և քաշուեցան սար: Ասոնցմէ անզէն եղող մասը կոտորուեցաւ, իսկ մնացածը կարողացաւ տեսակով մը ինքզինք ազատել: 

Անկէ յետոյ թիւրք խուժանը գիլղը մտաւ և սկսեց անխնայ կոտորել տղամարդկանց 100-է աւելի անձեր: Սպանուեցին ևս գիւղի քահանան, ահագին չարչարանքով և փայտը բերանր մտցնելով: Այս օրը գիւղի միւտիլրի տղան՝ Արիջան ռէսի ձիթհանքին մէջ մտնելով սկսեց կռուել և 5 քիւրտեր սպանելէ վերջ մենակ կը բռնուի: Քիւրտերը ասոր բռնելէ վերջ աչքերը կը հանեն դաշոյնի ծայրով, փորին ետևի մասը կը ճեղքեն և ձեռքերը մեջը կը դնեն և ահագին չարչարանքներով կր սպաննեն: Այդ Արիջանը 21 տարեկան միջահասակ երիտասարդ էր, պատկանում էր Դաշնակցական կուսակցութեան, մեր գիւղի լաւ երիտասարդներէն էր: Անկարող լինելով աղատուել գիշերով, նա ցերեկով փախաւ, մտաւ ձիթահանք` մօտն ունենալով 10 պատրօն միայն: 

Քրդերը շրջապատում են նորան, սկսւում է կռիւը, նա ձիթահանքից կրակում է և սպաննում է հինգ քիւրտեր, որոնց մէջ աչքի ընկնող մեր հարևան քիւրտ բէկը, որին սպաննելով գոչում է` ահա հանեցի վրէժս: Փամփուշտները հատնելով, նա դուրս է գալիս և փախչում է: Թիւրքերը համազարկ են տալիս հետևից, նա վիրաւորւում և վայր է ընկնում: Սպանւած քիւրտի եղբայրը վերցնում է նորան և իր վրէժը հանում: 

Նոյն օրը սպաննեցին նաև կեսրայրս՝ Դաւիթ, միւս հայերի հետ փողոցում: Անկէ յետոյ մեզ բոլորս հաւաքեցին և ահագին ծեծելէ վերջ կողոպտեցին բոլորիս, մերկացուցին մեզ մի քանի գիւղի կիներուս, մեր վրայ մենակ շապիկ և վարտիկ թողուցին և հսկեցին մեր մէջէն գեղեցիկ կիները ու տարան: Բռնաբարութիւնը անտանելի էր, չեմ կարող ըսել, թէ երիտասարդ կին մը ազատած կը լինի այդ դէպքէն: Նոյն օրը Նախոյեան Մարօ անունով 18 տարու աղջիկ մը կը բռնեն և առևանգել կը փորձեն, այս աղջիկը կը դիմադրէ, առարկելով, թէ ձեզ ընկեր չեմ կարող լինել, ինձ սպաննեցէք: Քիւրտեր երկու ժամ կը ջանան ասոր առևանգել, բայց սա քաջի նման իրեն գետին կը ձգէ և կը հայհոյէ: 

Քիւրտը այլևս բարկանալով` հրացանի մի քանի գնդակներով կը սպաննէ ասոր: Յովսէփեան Ալմաստին, Մովսէսեան Հոռոմին, Հազարեան Խանէին և մի քանի իրենց ընկերներով բռնեցին ու չարչարելով տարան և մինչև այսօր ոչ մի լուր չունենք: Անկէ յետոյ մեզ Բերկրի քշեցին, ուր որ Ամար պէյը մեզ վրայ բարկանալով բոլորը վառել կուզէր և յետոյ մեզ Պստիկ գիւղ ղրկեց, ուր որ երկու օր մնալէ վերջ ղրկեցին Գործոթ գիւղը: Այս ատենն էր, որ ես չկարողացայ տանել քիւրտերու ինծի հետ արած գազանութիւններն և աղջիկս ձգեցի՝ 4 տարեկան Արուսեակս: Մեզ մի քանի օր պահեցին, ուտելու ոչինչ չէին տար, օրական մի ափ ցորեն և այսպէս ալ անցուցինք մի քանի օր ևս: Թիւրքերը փախան, եկան կամաւորները և մենք ազատուեցանք: Ամուսինս և տագրս, որ փախած էին կռուելու տղամարդկանց հետ, գիւղն էին և մեզ գտան: 

1915 թուի յուլիսեան նահանջին գաղթեցինք առանց կորուստ տալու և եկանք Բագու ու կապրինք Հայոց գիւղը: 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 472, թթ. 1-3, բնագիր, ձեռագիր:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012,էջ 203 -205:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ