23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիվանդությունը՝ մեղքի հետևանք

«Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք 38:15)

Աստվածաշունչը վկայում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծեց անմահության համար. նախաստեղծները կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ՝ միության մեջ: Աստված ինքնիշխան կամքով և փառքով էր պսակել նրանց՝ պարգևելով դրախտի վայելքը: Սակայն երբ խախտեցին արարչադիր օրենքն ու պատվիրանը՝ արգելված պտղի հետ միասին ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը: Ախտահարվեց ողջ մարդկային բնությունը՝ թե՛ հոգին և թե՛ մարմինը: Մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով, տառապանքներով և հիվանդություններով: Եվ քանի որ յուրաքանչյուր մեղք հիվանդացնում և մեռցնում է հոգին, մեր նախածնողները մեղանչումից անմիջապես հետո «մահվան մեջ հայտնվեցին խորհրդով, սակայն մարմնով մեռան բազում տարիներ անց» (սբ Գր. Տաթևացի):

Սակայն բազմագութ Աստված չլքեց Իր պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդ էակին: Մարդ էակին մեղքի ու մահվան իշխանությունից փրկելու և երկնքի արքայությունն ու անճառելի բարիքներին արժանացնելու համար Աստծո Որդին ճշմարտապես մարդացավ, խաչի անարգ մահը ճաշակեց և հարություն առավ՝ մեզ հարության հույսը պարգևելով: Սակայն մարդն իր ազատ կամքով և մեղանչական բնությամբ կամա թե ակամա անընդհատ ընկնում է մեղքերի մեջ: Ուստի կյանքում մեր գործած մեղքի արդյունքում հաճախ ենք հայտնվում ծանր փորձությունների ու նեղությունների, հիվանդությունների ու հուսահատության մեջ: Եվ թերևս մարդու համար տարատեսակ փորձություններից մեծագույնը ծանր հիվանդությունն է՝ երբեմն մարդուն ողջ կյանքում ուղեկցող: Իսկ այն, որ մարմնական հիվանդության կամ արատի պատճառը հաճախ մեղքն է, պարզ երևում է Ավետարանի որոշ հատվածներից:

Օրինակ՝ անդամալույծի բժշկությունը Տերը կատարեց մեղքերի թողության շնորհմամբ, իսկ մեկ ուրիշ անդամալույծի բժշկելուց հետո նրան ասաց. «Ահա առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան քեզ չպատահի» (Հովհ. 5:14): Ավետարանում արձանագրված բժշկության մյուս դրվագներում էլ տեսնում ենք, որ Հիսուսը բժշկում էր բոլորին՝ մեղքերից զգուշանալու հրաման տալով: Ըստ Մ. Օրմանյանի՝ «Ներքին մեղքի համար արտաքին փորձանքի հանդիպելու սկզբունքը ստույգ է, բայց բացարձակ չէ: Ոչ բոլոր արտաքին փորձանքները ներքին մեղքի համար են»: Դրա վառ ապացույցն է Հոբ երանելու օրինակը: Սբ Գիրքը վկայում է, որ նա «ճշմարտախոս էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Սակայն, երբ Աստծո թույլատու կամքով սատանան փորձեց Հոբին, վերջինս ենթարկվեց դժբախտությունների ու փորձությունների, ծանրագույն հիվանդության. «Ոտքից գլուխ չարորակ վերքերով պատված զազրելի որդերի մեջ էր, սակայն նրա մամինը սուրբ ու անարատ էր (սբ Հովհ. Ոսկեբերան): Ուրեմն Հոբի պարագայում բոլոր դժբախտություններն ու հիվանդությունները հետևանք չէին մեղքի, այլ որպեսզի նրա օրինակը մեզ ուսուցանող լինի: Հիշենք նաև ավետարանական ի ծնի կույրի բժշկության հատվածը, որտեղ աշակերտների այն հարցին, թե՝ «Մեղքն ո՞ւմն է, որ սա կույր է ծնվել…», Հիսուսը պատասխանում է. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն» (Հովհ. 9:3):

Սակայն մարդու մարմինը մեղսահակ և դյուրագայթ է, զերծ չէ մեղքից ու անօրենություններից, դրանց արդյունքում ծնվող հիվանդություններից: Մարմնական հիվանդության պատճառը հաճախ մեր հոգիների ախտահարված, հիվանդ վիճակն է: Այս առնչությամբ հիշենք նաև Նաբուգոդոնոսոր արքայի օրինակը: Աստված նրան շնորհել էր հզորություն, թագավորություն, պատիվ և փառք, սակայն գոռոզացավ նրա սիրտը, և հոգին համարձակվեց ամբարտավանանալ:

Նա պատուհասվեց Աստծուց. ընկավ իր թագավորական աթոռից. «Վտարվեց մարդկանց միջից, ինչպես արջառ՝ նա խոտ էր ուտում…, նրա մազերը երկարեցին առյուծի մազերի չափ, և նրա եղունգները՝ թռչունների մագիլների պես» (Դանիել 4:30): Դանիել մարգարեն հորդորում էր արքային. «Քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ» (Դանիել 4:24): Եվ երբեմնի ամբարտավան արքան խոնարհեցրեց իր սիրտն Աստծո առաջ, ճանաչեց, թե Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորությանը, օրհնեց և փառավորեց երկնքի արքային՝ խոստովանելով. «Նրա բոլոր գործերը ճշմարիտ են, Նրա ուղիները՝ արդար, և բոլորին, ովքեր կամբարտավանանան, Նա կարող է խոնարհեցնել» (Դանիել 4:34): Շատերիս քաջածանոթ է նաև հայոց Տրդատ Գ արքայի օրինակը:

Ուրեմն անկեղծ զղջմամբ և խոստովանությամբ, ճշմարիտ ապաշխարությամբ և հատուցմամբ բուժվում են հոգու և մարմնի վերքերը: Մեր հոգիների ու մարմինների ճշմարիտ Բժիշկը՝ Հիսուս Քրիստոսը, Ավետարանի էջերից մեզ է ուղղում Իր մարդասիրական հորդորը. «Մի՛ մեղանչիր, որպեսզի ավելի չար բան քեզ չպատահի», իմաստունն էլ զգուշացնում է. «Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը (Սիրաք 38:15):

Ըստ սբ Գր. Տաթևացու՝ «Աստված մարդուն առողջություն է տալիս, որպեսզի մարդը, այդ առողջությամբ Աստծո պատվիրանները պահելով, գտնի իր հոգին: Սակայն, երբ առողջությամբ առավել չարիք է գործում, կորցնում է հոգին, մոռանում է Աստծո օրենքները և բարիքի պատճառը վերածում չարիքի: Այդժամ Աստված մարդուն տալիս է հիվանդություն, տենդ, խոց…»: Ինչո՞ւ ենք զարմանում, երբ որևէ հիվանդությամբ ենք պատուհասվում. քննենք ինքներս մեզ, անդրադառնանք մեր ընթացքին. արդյո՞ք կյանքում ինչ-որ տեղ չենք սխալվել, սայթաքել, Աստծուն արհամարհել կամ մի՞թե ամեն օր, ամեն վայրկյան մեղքի մեջ չենք ու հաճախ չենք էլ կամենում զղջալ, ապաշխարել ու դառնալ առ Աստված՝ հայցելով Նրա ողորմածությունն ու օգնականությունը: Մինչդեռ մարդկանց մեծամասնությունը, երբ ինչ-որ հիվանդություն է ստանում, ըմբոստանում է Արարչի դեմ, բողոքի և դժգոհության ձայն բարձրացնում առ Աստված՝ զրկվելով այն օգուտից, որ կարող էր ունենալ համբերատարության շնորհիվ:

Չէ՞ որ ըմբոստության և տրտունջի արդյունքում չեն թեթևանում տանջանքները, ավելին՝ ուժեղանում են և տրտմությունը դարձնում ավելի ծանր: Աստվածաշունչն ու Եկեղեցու հայրերը հորդորում են ամենածանր իրավիճակներում անգամ շնորհակալ լինել Աստծուն, գովաբանել ու փառաբանել Նրան. «Եթե մարդը գոհությամբ է տանում հիվանդությունը, Աստված նրան վարձատրում է փոխարենը և առողջացնում, իսկ եթե նույն տկարության մեջ դժգոհությամբ և մեղքով է մնում, այստեղ էլ, այնտեղ էլ տանջում է նրան» (սբ Գր. Տաթևացի):

Շատերը, ովքեր այսօր ինչ-ինչ ծանր հիվանդությունների կրողներ են, անձնական փորձառությամբ փաստում են, որ իրենց ողջ կյանքն ապրել են առանց Աստծո՝ գործելով բազմաթիվ սխալներ և ոչ աստվածահաճո ընթացքի արդյունքում ստացել մի հիվանդություն, որը, որքան էլ ծանր ու անտանելի է իրականում, սակայն պատճառ և միջոց է դարձել խոնարհվելու, առ Աստված դառնալու, գիտակցելու գործած մեղքերն ու ու սխալները և ապաշխարելու: Ուրախալի է հատկապես այն հանգամանքը, որ նմանատիպ դեպքերում ծանրագույն (տարիներ շարունակ անկողնուն գամված) վիճակում գտնվող շատ հիվանդներ խոնարհությամբ և համբերությամբ են կարողանում կրել իրենց բաժին հասած ծանր հիվանդությունը՝ գիտակցելով, որ մարդասեր Աստված այդ կերպ է իրենց սթափեցրել, անհավատության կործանարար ճանապարհից փրկել և ճշմարիտ աստվածճանաչողություն պարգևել:

Ի հակադրություն այս օրինակների, ցավոք, շատերն այսօր հեշտությամբ հուսահատվում և ընկճվում են տարբեր հիվանդությունների պատճառով՝ չապավինելով աղոթքի զորությանը: Ս. Հակոբոս առաքյալը դիմում է այդպիսիներին. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն» (Հակ.5:14): Մեր Եկեղեցու 7-րդ սրբարար խորհուրդը՝ «Կարգ հիվանդաց»-ը, կատարվում է յուրաքանչյուր հիվանդության պարագայում. անկախ այն բանից՝ հիվանդը մահվան վտանգի մե՞ջ է, թե՞ ոչ: Խորհրդի կատարման նապատակը հիվանդի մեղքերը սրբելն է՝ խոստովանությամբ, իսկ խորհրդի կատարման հիմքը զղջումն ու հավատն է: Ըստ սբ Սարգիս Շնորհալու՝ «Երբ քահանայի աղոթքներով բժշկվում են հիվանդությունները, նրանց հետ միասին վերցվում են նաև հիվանդության պատճառ դարձած մեղքերը»:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ այս խորհուրդը կատարել է՝ միայն հավատք պահանջելով հիվանդներից ու ցավագարներից: Յուրաքանչյուր ոք բժշկվում է ըստ իր հավատի չափի, ինչպես օրինակ՝ Երիքովի կույր մուրացկանի բժշկության դրվագում ենք տեսնում: Տերը, բժշկելով մեծ հավատով Իրեն դիմած կույրին, ասում է. «Քո հավատը քեզ փրկեց…» (Ղուկ. 18:42): Մեկ այլ տեղում Ավետարանն ասում է. «Եվ ովքեր մի անգամ դիպան, բժշկվեցին» (Մարկ. 6:56): Անշուշտ, առանց հավատի որևէ մեկը բժշկություն գտնել չէր կարող: Հավատանք, որ «հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակ. 5:15): «Հոգեկան վերքեր բուժելու համար կարիք չես զգում ո՛չ սպեղանու, ո՛չ ժամանակի, ո՛չ գործիքների, ո՛չ օրըստօրե երկարաձգման, ո՛չ տարբեր դեղեր օգտագործելու, ո՛չ հերձման, ո՛չ խարման, ո՛չ վիրահատման և ո՛չ երկրավոր այլ բուժումների, որ ենթակա են միշտ էլ վրիպման, ամենասխալ ձախողումների… Մտադրվեցիր՝ իրագործված է, խոստացար՝ արված, կամեցար՝ արդեն ի կատար ածված…» (Նարեկ, Բան ԽԳ Բ): Այս կերպ աներկբա հավատով դիմելով Աստծուն՝ կստանանք մեր խնդրանքը:

Երկրավոր բժիշկներին էլ Աստված է իմաստություն շնորհել՝ բժշկություններ գործելու, սակայն տարբեր հիվանդությունների պարագայում նրանց օգնությանը դիմելուն զուգահեռ չմոռանանք նաև մեր երկնավոր Բժշկին դիմել՝ գիտակցելով աղոթքի մաքրագործող, փրկարար և բուժիչ զորությունն ու ներգործությունը: Չմոռանանք նաև սբ Հաղորդության փրկարար խորհրդի կարևորությունը մեր կյանքում: Տիրոջ կենարար Մարմնի և Արյան սբ Խորհուրդը մեր հոգիների և մարմինների հիվանդության դեմ դեղ ու ճար է, ինչպես և սբ Գր. Նարեկացին է իր Աղոթամատյանում անվանում՝ «երկնաշնորհ կենաց դեղ», «մեր անբուժելի ախտերին դարման» և այլն:

Ս. Հովհ. Ոսկեբերանը հորդորում է որևէ հիվանդության պարագայում միշտ աչքի առջև ունենալ Հոբ երանելու օրինակը: Բազում տառապանքների մեջ երանելի Հոբը ոչ միայն չհայհոյեց Աստծուն, այլև եղավ ողջ մարդկության պատմության մեջ համբերատարության դասական օրինակը: Եվ «Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը» (Հոբ 42:12): Ուստի մտաբերենք Սբ Գրքի մխիթարիչ խոսքը. «Այնտեղ այլևս մահ չկա. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցավ» (Հայտն. 21:4): Այնտեղ՝ հանդերձյալ կյանքում, Քրիստոս Աստծուց պիտի վարձատրվեն նրանք, ովքեր համբերությամբ, խոնարհությամբ կրեցին կյանքում իրենց պատահած վշտերն ու տառապանքները, փորձություններն ու հիվանդությունները՝ գիտակցելով, որ բազմագութ Աստված փորձության փոքրիկ խթանով՝ մեր սակավ պարտքերն այստեղ է վճարել տալիս, որպեսզի այդ կերպ կցորդ լինելով Քրիստոսի չարչարանքներին՝ հաղորդակից լինենք նաև փառքին (տե՛ս Հռոմ. 8:1):

Անժելա Խաչատրյան

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ