23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ

«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։

Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը:

Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, որ դժվարությամբ է լսում ու շատ հաճախ անգամ չի էլ լսում որևէ նոր ձայն: Մարդիկ, առհասարակ, մոլի անձնասերներ են ու անհողդողդ համառությամբ են պահպանում իրենց ունեցածը և գիտեցածը, ու մանավանդ եթե խոսքը վերաբերում է հավատքի և հավատալիքի տիրույթին:

Իսրայելն իր ամբողջ կյանքով ներկայացնում է այդ աշխարհն ու այդ մարդկանց: Յահվեի բյուրատեսակ շնորհներով հեղված այդ ազգը, վստահ լինելով իր կրոնական կառույցի կատարելության և մշտնջենավորության վրա, հասել է ապականության մի վիճակի, սակայն դեռևս կարծում է, որ իր նախկին կարգավիճակից, իր գեղեցկություններից, իր շքեղություններից, իր օրենքներից ու կանոններից որևէ բան չի «պակասել»:

Եվ թերևս այդ ընտրյալ ժողովուրդն իրավունք ուներ այդպես կարծելու, քանի որ Յահվեն՝ ողջ տիեզերքի Արարիչը, Իրեն հայտնել էր միայն այդ ազգին, Իր ամենազորավոր, ամենաապրեցնող խոստումները հենց Իսրայելին էր տվել, ամենայուրահատուկ շնորհներով օժտված անձինք հենց Իսրայելի միջից են դուրս եկել՝ խոսելու և զրուցակցելու Նրա՛ հետ, Ով Ինքն է միայն միակ ու ճշմարիտ Աստվածը, Ինքն է, որ չի հանդուրժում կեղծ աստվածներին, Ինքն է, որ սերնդեսերունդ վրեժ է լուծում Իր հրամանին ու պատգամներին չհնազանդվողներից:

Բոլոր խոսքերն ու բոլոր ձայները, որոնք Յահվեի կողմից և Նրա անունով ասվել ու լսվել էին, կարծես թե «նոր» ձայնի անհրաժեշտություն չէին թողել: Չկար մի բան, որն այս երանելի ժողովրդին խոստացված կամ տրված չլիներ այնպիսի՛ անձանց շուրթերով, որոնց անձնական մեծությունն ու արժանիքները փառավորվում և մատնացույց էին արվում սքանչելիքների միջոցով:

Այսպես, Սինայի ամայությունը բոցեղեն շարժով է լցվում, Յահվեն խոսում է մի մարդու հետ, և այդ մարդն Իսրայելում երևում է իր երեսից ցայտող լուսեղեն ճառագայթներով: Մովսեսի խոսքերը նույն Ինքը Յեհովայի խոսքերն են՝ քանդակված քարե տախտակների վրա, և այդ խոսքերը Իսրայելի կրոնա-բարոյական կյանքի հիմքն են:

Մեկ ուրիշ անձնավորություն էլ այնքա՜ն բարեպաշտ է, որ երբ ամբողջ երկիրը ջրհեղեղով ջնջվում է, միայն այդ մարդն է ազատվում իր յուրայինների հետ: Մեկ ուրիշն իր վրանի մեջ հյուրընկալում է խորհրդավոր ճամփորդների, և ամլությամբ զառամած նրա կյանքը կենդանանում է զավակի պարգևի շնորհիվ, որին անհրաժեշտության դեպքում չի վարանում նույնիսկ զոհաբերության խարույկի վրա դնել՝ իր հավատքի չափը ցույց տալու համար:

Մեկ այլ անհատականություն էլ «թակարդվում» է եգիպտական կյանքի փափկակենցաղության մեջ, սակայն Յահվեին հաճելի ողջախոհություն է ցուցաբերում ու բանտի մթին խորշերում պատրաստվում է Իսրայելի զավակներին լուսավոր կյանք կտակելուն:

Մեկ ուրիշը, իր էությամբ լռակյաց ու լեռնակյաց լինելով, սակայն Յահվեի հետ խոսակցելով, դառնում է Բահաղին խայտառակողն ու երկնքի սահանքը մի քանի տարով կապել տալով՝ զորացնում է Աստծու ձայնը, որն Իսրայելում տկարացել էր:

Մեկ այլ մարդ էլ խուսանավում է Աստծու այդ ձայնը հեռավոր երկրներ տանելու և հնչեցնելու պարտականությունից ու բռնի կերպով է ծառայության կոչվում՝ ազատվելով ինքնակամ ծովահեղձությունից:

Եվ վերջապես, մեկ ուրիշն էլ առաքելության է կանչվում է Յահվեի պատգամները որոտընդոստ քարոզելու համար, ու նրա շուրթերը մաքրվում են նվիրական կրակի կայծերի միջոցով:

Ահա այսպես բոլոր մեծ մարդիկ, բոլոր մեծ անհատականությունները, բոլոր մարգարեները և, առհասարակ, Յահվեի ձայնի ու կամքի բոլոր թարգմանները գործում են մեկը մյուսից հրաշալի և նույնիսկ զարհուրելի պարագաներում ու մի նոր բան են ասում կամ էլ նորոգում են արդեն իսկ ասվածը, շեշտադրում են այլազան ձևերով և եղանակներով:

Իսրայելը, սակայն, կարծես հղփացել է աստվածային այսչափ առատությունից ու բարիքներից. ամեն ինչ խոստացված ու ապահովված է նրա համար: Իսրայելն այլևս ավելիի կարիք չի զգում: Յահվեի պատմությունն իսրայելական ժողովրդի համար իր իսկ պատմությունն է ասես:

Էլ ինչի՞ մասին կարող է խոսվել: Հակոբից, Աբրահամից ավելի մեծ մեկը կարո՞ղ է գալ այս աշխարհ (Հովհ. 4։12; 8։53): Այսպիսի համոզումը ջլատում է որևէ ժողովրդի առաջադիմության զորությունը, և այդ ժողովուրդը, «ամեն բան եղել-ավարտվել է» գաղափարականով խարսխված է մնում տգիտության գրկի մեջ, արհամարհում է նոր հայտնությունները և չի տեսնում իր տկարությունները:

Այդպիսի ժողովուրդն աստիճանաբար իջնում է իր երբեմնի բարձունքի պատվանդանի մակարդակին ու դեռ կարծում է, թե սավառնում է բարձունքներում: Իր իմացած և սերտած օրենքների ու ավանդությունների տառին և ձևին կառչած՝ վարում է իր կյանքը և ջանում է ճշգրիտ լինել իր ձևականությունների հարցում:

Նմանատիպ ժողովուրդը կատարյալ խստությամբ է կատարում իր կրոնական պարտքը, և երբ ջանք ու եռանդ չի խնայում իր ծեսերն ու արարողությունները կատարելու համար, կարծում է, թե ինքը նորոգվում և վերածնվում է: Այդ պարտքերը բեռների նման ծանրացած են նրանց ուսերին:

Իսրայելի ժողովուրդը հոգնած ու վաստակաբեկ է, սակայն չի զգում այդ բեռների ծանրությունը: Նա նմանվում է վտանգավոր հիվանդություններով ծանրաբեռնված մի մարդու, որը պատկերացում չունի իր վիճակի մասին:

Կողքից դիտող, հասկացող, անձնվեր բարեկամն է միայն զգում նրա դժբախտությունը և ցանկանում է օգնել նրան, ուզում է կազդուրիչ օժանդակությամբ արթնացնել նրան, սակայն նա դեռևս անտարբեր է, չի կամենում գիտենալ իր բուն վիճակի մասին, չի ուզում լսել Աստծու անունն այնպիսի մեկի շուրթերից, որն այդ անունն արտասանում է լեցուն գիտակցությամբ, Տիրոջը շատ մոտից ճանաչելով: Եվ վերջապես չի հասկանում Քրիստոսի ձայնը, որն ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ»:

Հիսուս այդ կոչն արեց այն ժամանակ, երբ տեսավ, որ Աստծու անունը հենց իսկ Աստծու անվամբ արհամարհվում և Երկնքի արքայությունը հալածվում է: Մովսեսի աթոռին նստողները մեծ-մեծ խոսում են, օրենքի և ավանդության բոլոր նրբերանգներն ընդգծում և դրանք ծանրագին բեռների նման շալակել են տալիս ժողովրդին, մինչդեռ իրենք իրենց մատի ծայրով անգամ չեն դիպչում դրանց:

Ինչպե՞ս պետք էր վարվել նրանց հետ, ովքեր նմանվում էին փողոցում խաղացող պատանիների: Հովհաննեսը՝ Հին Օրենքի վերջին ձայնն ու մարգարեն, որը կատարելապես ապրում էր անապատական կյանքի խստակրոնությամբ, նրանց կողմից քննադատվում էր որպես չուտող, չխմող մեկը. միայն դիվահարը կարող էր այդպիսին լինել…

Ինքը՝ Քրիստոս, որ շեշտադրում էր Հովհաննեսի մեծությունը և Իր հոգևոր տնօրինության սկզբում Ամլորդուն մատնացույց էր անում որպես մարգարեներից մեծագույնի, Ինքը, որ բոլոր մարդկանց հետ մտերիմ, ամենքի հանդեպ բարյացակամ և անձնվեր մեկն էր՝ բոլորովին Հովհաննեսի հակապատկերը, Իր կենցաղավարությամբ որակվում էր որպես «ուտող և խմող մի մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»:

Երբ մարդիկ չեն ցանկանում ընդունել իրենց տկարությունները, գործում են բարոյական ամենասոսկալի ոճիրները, աքացի են տալիս ընդդեմ խթանի՝ գիտենալով, որ «չի կարելի» այդպես աքացի տալ…

Երկնքի արքայությունը հալածել չէր կարելի, իսկ ահա քորազիններն ու բեթսայիդաներն անգամ չցանկացան մտնել այնտեղ, ուստի նրանց «վա՜յ»-ն էր սպառնում. չէ՞ որ նրանք լսել էին Փրկչի ձայնը, սակայն ականջալուր չէին եղել այդ ձայնին:

Ավելի շուտ Տյուրոսն ու Սիդոնը պիտի ճանաչեին իրենց տկարությունն ու սխալը՝ իսրայելական ազգին չպատկանելով հանդերձ: Սոդոմը պիտի ամաչեցներ Կափառնաումին ու պիտի փրկվեր, եթե ինքն էլ տեսած և վայելած լիներ Քրիստոսի գործերը:

Իսրայելի գիտուններն ու իմաստունները չէին հասկանում և ոչ էլ պիտի հասկանային Երկնքի թագավորությունը. այդ մասին գիտությունը ծածկված էր նրանց մտքի համար, և նրանք այնտեղ մուտք չէին գործում ու, դժբախտաբար, արգելք էին հանդիսանում, որ մտնել կամեցողները կարողանային մտնել…

Նրանք հագեցել էին աստվածային «ծանոթություններից»: Բայց և նրանք պատանիներ էին, այսինքն՝ այնպիսի մարդիկ, որոնք լսում էին Քրիստոսի ձայնը և փափագում էին նորոգված կյանքի, որոնք զգում էին սխալ հասկացված կրոնի տառապանքն ու իրենց՝ ողջ էությամբ ուժասպառ լինելը, իրենց կրած զրկանքները հոգևոր կյանքի վայելքների մեջ:

Այո՛, նրանց համար պահված, նրանց հայտնված էր Երկնքի թագավորությունը, որը կարող էին գտնել նույնիսկ իրենց ներսում, իրենց կրծքի տակ (Ղուկ. 17։21)՝ ըմբռնելով Քրիստոսի կոչի իմաստը. «Եկե՛ք Ինձ մոտ»:

Այս վիճակը, եղբայրնե՛ր, օտար չէ հոգևոր կյանքի համար: Եթե հրեության մեջ Քրիստոսի ներգործությամբ մերկապարանոց են արվում եղծված կյանքի ներքին կողմերը, որոնք կրաջրով սպիտակեցրած գերեզմանների նման շողոշողուն ու ամուր են թվում, քրիստոնեության մեջ առավել հստակ են երևում լավ չկառուցված հոգևոր կյանքի տկարությունները՝ ներքին փտումները:

Քանի որ Ավետարանի միջոցով նորոգված կյանքի անհոգության տակ թորշոմելը «հանգիստ» չի կոչվում և մարմնի զբաղումների մեջ բթացած զգայականությունն էլ չի կարող «բարոյական տենչանքների հանդեպ անկարոտություն» կոչվել: Կրոնական կյանքում աստվածապաշտական «մեքենայի» հիանալի կազմվածքն անվթար ու անարատ գործունեություն չի ենթադրում…

Անտարբերությունը, աշխարհի կյանքի մեջ խորասուզումը, երկար, չափազանց երկար ժամերով աշխատելը և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չգտնելու չափ բազմակնճիռ աշխատանքն ամենևին քրիստոնյա մարդու կատարելության ապացույցը չէ:

Այդ ամենը պարզապես հոգնություններ են, որոնք մարդ ինքն իր համար ստեղծում է և որոնցից երբեմն՝ գոհ, երբեմն՝ դժգոհ լինելով անցկացնում է իր կյանքի օրերն ու կարծում է, թե այդպիսով ապրում է… Մի՞թե այսպիսի դրության մեջ գտնվող հոգնածներն ու հոգնողները Քրիստոսի կենսավետ ձայնի կարիքը չունեն. «Եկե՛ք Ինձ մոտ»:

Եվ դու, ո՜վ քրիստոնյա, այս ձայնի, այս հրավերի մեջ չե՞ս զգում մի խանդաղատանք, որը երկնքի պես անսահման ու ջինջ է, լույսի նման՝ մեղմ և կազդուրիչ… որը սփռվում է քո ներսում և դյութում է ողջ էությունդ, ու դու քո հոգնությունների միջից արթնանում ես այն ճանապարհորդի նման, որն օրերով քայլել է արևի տակ ու անզգայացած ննջել է գիշերվա խավարում, և մեկ էլ հանկարծ առավոտյան սթափվում է իր ծանրություններից:

Եվ մի՞թե մարդկության վարած կյանքը, առհասարակ, այդպիսին չէ: Ուրեմն մշտապես քո՞ւնը պիտի հասնի օգնության՝ չափելու համար մարդկանց հոգնության աստիճանը, մինչև որ հասնի մեծ քնի ժամանակը՝ մարդու բոլոր հոգնություններին վերջակետ դնելու համար:

Արդյո՞ք մարդ չպիտի կարողանա իր արթնության ժամանակ, երբ խելքը գլխին է, զգալ իր հոգնությունները և, ինչու ոչ՝ նաև այդ հոգնությունների պատճառնե՛րը, որպեսզի իր սրունքների վրա վհատեցուցիչ թմբիր չզգա, երբ քիչ հետո մթին գիշերվան հաջորդի պայծառ առավոտը:

Այո՛, եղբայրնե՜ր, Քրիստոսի ձայնը նաև նրա՛նց համար, ովքեր քնում են արթնության մեջ, նրա՛նց համար, ովքեր ասում են, թե գործում և աշխատում են, վարում ու հնձում, տնկում և մշակում, ովքեր կյանքի եռուզեռի մեջ լինելով՝ նմանվում են սաստիկ հեղեղներից քշված կոճղերի ու կարծում են, թե դա է ու այդչափ իսկ է «կյանք» կոչվածն իր ամբողջության մեջ:

Այդպիսիք, սակայն, համ ու հոտ չեն առնում այդ կյանքից, որովհետև չունեն իրական վայելքը: Մարմինը ֆիզիոլոգիապես մաշվում, սպառվում է, ու ներքին քաղցր ընդարձակությունից զրկվում է այն: Նմանատիպ մարդիկ աշխարհը նեղ են համարում, քանի որ չեն անդրադառնում այդ կյանքի անփոփոխելի օրենքներին:

Նրանք երբեմն դժգոհություն են ապրում, քանի որ չեն կարողանում պետք եղածի նման բացատրել և արտահայտել այս կամ այն երևույթը. իսկ ահա դրա պատճառն էլ այն է, որ այդպիսիների ներսում գտնվող հոգեկան թմրած ուժերը մերթընդմերթ ըմբոստանում են ու այս աշխարհի մարդկանց կյանքի համար բարենշան միազդակ են տալիս, որը կարևոր նշանակություն ունի դիտող և զննող աչքերի համար. այս կյանքը կարող է ազնվանալ, կարող է բարգավաճել իր ամբողջականության մեջ…

Միայն ու միայն աշխարհով արբած այս անձանց կողքին կան զրկանքի մատնված մարդիկ էլ, որոնք զուրկ են ոչ միայն աշխարհի նյութական ճոխություններից, այլ նաև հասարակ կյանքի պայմաններից: Նրանք զրկված են այդ ամենից ճակատագրի հեգնանքով կամ իրենց իսկ զեղծարարությունների պատճառով՝ այնպիսի մի կյանքով ապրելով, որի արշալույսն ու վերջալույսը արևի մի շող անգամ չեն բովանդակում:

Նրանց կյանքը մի պարզ խարխափում է մթության, անորոշության ու ինքնամոռացության մեջ: Այդպիսի մարդկանց ներսում ևս, սակայն, չի մարել արժանապատվության վերջին կայծը և ավելի լավ կյանքով ապրելու նվաղուն հույսը: Վստահություն ներշնչող մի ձայն միայն կարող է իր անկեղծությամբ, իր ազդու հնչերանգով ու ոգևորող հատկությամբ զգաստացնել մարդկային այդ անհատականություններին: Եվ ահա Քրիստոս նրանց ունկերին նույնպես հնչեցնում է այս ձայնը. «Եկե՛ք Ինձ մոտ»:

«Ի՞նչ զորություն և ի՞նչ արժեք ունի Քրիստոսի ձայնը»,- թերևս պիտի մտածեն ոմանք: Արդյո՞ք այդ ձայնն ավելի հզոր է մամոնայի ձայնից, որը թրթռում է ոսկե և արծաթե հաղորդալարերի միջոցով, ինչի պատճառով էլ որ մարդիկ, այդ երաժշտությանը սիրահարվելով, չեն ցանկանում թարթել իրենց աչքերը, որպեսզի այդ ոսկե և արծաթե ներդաշնակության միջից հանկարծ «բաց չթողնեն» անգամ ամենատկար ու ամենանվաղուն հնչերանգները․․․

Արդյո՞ք այդ ձայնն ավելի թանկագին է, քան աշխարհը ձայնը, որն իր կողմն է գրավել մարդկանց ողջ էությունն ու նրանց հմայել է իր մատուցած շահով, իր մրցակցությամբ և իր հետաքրքրություններով…

Անտարակույս, Քրիստոսի ձայնը շատ ավելի զորեղ է, սակայն մամոնային ենթակա մարդը պիտի ծիծաղի՝ ասելով. «Կյանքում ոսկուց ու արծաթից զատ որևէ այլ իրական արժեք գոյություն չունի: Մարդու երջանկությունն ու դժբախտությունը այդ հանգամանքից է կախված, իսկ մնացյալը ցնորք և պատրանք են»:

Աշխարհի մարդը պիտի ասի. «Այս կյանքում մեր իմացածից ավելի հեռավոր հորիզոններ չկան: Ամեն բան այստեղ սկսվում և այստեղ էլ վերջանում է»: Ուրեմն ի՞նչ արժեք ունի Քրիստոսի ձայնը…

Այդ ձայնն անձնուրացության ձայնն է, այդ կոչի մեջ փայփայիչ մի բան կա: Թվում է, թե այս աշխարհում ապրելու համար միայն գործնական ուժ և միջոցներ են հարկավոր, մինչդեռ Քրիստոս նույնիսկ կարևորություն չի տալիս դրանց:

Աշխարհը հարցնում է. «Մարդ կարո՞ղ է երջանիկ լինել իր ընտանեկան հարկից դուրս»: Եվ ահա Քրիստոս վճռում է. «Ով որ իր ծնողներին, իր տունը չթողնի, Ինձ արժանի չէ»: Ու աշխարհը դարձյալ հարցնում է. «Արդյոք սա՞ է այն ձայնը, որի հետևից պետք է գնալ: Այդ հրավերը մեզ երջանիկ կդարձնի՞…»:

Արդյո՞ք իմաստուն են այդպես խորհողները: Քրիստոսի ձայնի զորությունն ու արժեքը միայն մամոնայի և աշխարհի բացարձակ ուրացումը չէ, որ պահանջում է մեզնից: Եվ դեռ ավելին, Քրիստոս այդ մասին չէ, որ ասում է մարդկանց, այլ ընդհակառակը. Նրա ձայնի մեջ կա մի շեշտադրություն, որը մարդկանց իմացածից էլ ավելի է մատնանշում մամոնայի ունեցած նշանակությունը և աշխարհի իմաստը:

Քրիստոսի համար դրամը նպատակ չէ այս աշխարհային կյանքում հաջողության հասնելու համար, այն միայն միջոց է, որը պետք է ծառայի իր բուն նպատակին: Կայսեր պատկանելիքը՝ կայսրին, Աստծու պատկանելիքը Աստծո՛ւն պետք է տալ:

Աշխարհը մի թանկագին բնօրրան է, այնտեղ է, որ մարդկային սերունդն ինքնաարտահայտվում է իր սքանչելի կարողությունների միջոցով: Այդ աշխարհը պիտի լուսավոր լինի, որպեսզի մարդկային ինքնաարտահայտումը «թերի» չլինի և մեր կարողությունների մի մասը չմնա մթության մեջ:

Մեր բարոյական ուժերն ու արժանիքները չպիտի մոռացվեն մեր նյութական ահռելի զբաղումների պատճառով, քանի որ լոկ մարմնի ուժն ու գեղեցիկ կազմվածքը, իհարկե, չեն կարող կյանքի բուն նպատակը լինել. ո՛չ և ո՛չ: Կամ ինչպե՞ս կարելի է անսպառ կարծված հարստության մեջ խեղդել մարդկային կյանքի վսեմությունը. բնավ չի կարելի այդպես անել:

Կամ մի՞թե բավական է միայն այն, որ մարդ իր բոլոր ուժերը նվիրի իր ուղեղի զարգացմանը, որքան էլ դա բացարձակապես միտված լինի գիտելիքների կուտակմանն ու դրական բնույթ ունենա. ո՛չ, ո՛չ և ո՛չ, դա ևս բավական չէ…

Մարդու համար հացի չափ կենսական կարևորություն ունի «Խոսքը»՝ բարոյակա՛ն կյանքի սնունդը: Հացը բավական չէ կատարյալ կյանքով ապրելու համար, Աստծու բերանից դուրս եկած «Բանը», «Խոսք»-ն է մեզ անհրաժեշտ՝ այդ բառի ամենալայն, ամենակարևոր, այսինքն՝ մարդու հոգեկան և բարոյական զարգացման համար պատասխանատվության իմաստով:

Քրիստոս չի ընդունում մարդկային կարողությունների՝ միակողմանի զարգացման տարբերակը: Այդպիսի կացությունը հոգնեցուցիչ և աննպատակ է, այն նույնիսկ մեղանչում է համարվում մարդկային բնության դեմ:

Եվ եթե մարդիկ որևէ այլ բաների ուշադրության ու խնամքի արժանացնելու կարիք ունեն, ապա դրանք պետք է լինեն այն ազնիվ կարողությունները, որոնք կարող են շուտով տկարանալ, բթանալ ու նույնիսկ ոչնչանալ մարդկանց հասարակ և ավելի մեծ կարողությունների չափազանց կենտրոնացված զարգացման համատեքստում:

Ուրեմն դյուրին չէ՞ ընդունել, որ Քրիստոսի ձայնը մեզ առաջնորդում է մարդկային կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ լուծելուն: Ուրեմն ինչո՞ւ կյանքի հոգսերի, հոգեկան վշտերի, տարիքի կնճիռների տակ ճնշված ու ծանրագին բեռների տաժանակրությունը զգացող քրիստոնյաները մեկ անգամ ևս ուշադրություն չդարձնեն Քրիստոսի ձայնին. «Եկե՛ք Ինձ մոտ»:

Այդ ձայնը նմանվում է հրեշտակային երաժշտության, որը մարդիկ քնելիս լսում են խոր գիշերվա մեջ: Այդ ձայնն ասես հեռվից է հնչում ու հետզհետե ավելի է զորանում, փարվում է ջղերիդ ու հաճույք է պատճառում քեզ, և դու շուտով արթնանում ես՝ կատարյալ գիտակցությամբ վայելելու այն:

Այդ ձայնը նման է կենսատու ճառագայթների, որոնք մութ գիշերը «պատռող» արեգակից առատորեն հեղվում են և դու առավոտվան հատուկ մի զվարթագին ուժ ու նորոգություն ես զգում:

Ո՜վ քրիստոնյա, այդ ձայնը Փրկչի ուխտն է, որը հաստատվել է գորովանքով և գթասիրությամբ՝ քո իսկ կյանքի անորոշությունների ու մոլորումների մեջ քեզ օգնելու համար:

Այդ ձայնն իսկույն իր արձագանքը գտավ դեռ իր բնօրրանում. ամենքս էլ ականատես եղանք, որ ողջ աշխարհը սկսեց Նրան հետևել, և դուք էլ գիտեք, քրիստոնյանե՛ր, որ Նրան հետևեցին Իսրայելի կորուսյալ ոչխարները, մեղավորներն ու մաքսավորները, տգետները և անզորները, լքվածներն ու նաև հեթանոսները, վերջապես բոլոր նրանք, ովքեր տենչում էին նորոգված կյանքի:

Ուրիշ ո՞վ է այսպիսի անկեղծ ու փրկարար հրավեր ուղղել մարդկությանը: Ո՞վ է ինքն իրեն պատարագել այս պահանջկոտ աշխարհում՝ բարոյական մի վսեմագույն կյանքի գոյության մասին վկայելու համար:

Օ՜հ, Սոկրատեսների միջոցով մատռվակված գավաթները ճշմարտության անխորտակելի հաղթություններով արբեցրին մարդկանց, և աշխարհը մեծապես պարտական է ուղղամիտ համոզմունքների ու հայտնի ճշմարտությունների այդ մարտիրոսներին:

Քրիստոսի բաժակը, սակայն, տարբերվում էր… դա մեծագույն Ճշմարտության գավաթն էր: Ուրեմն ո՞րն էր Քրիստոսի գերազանցությունը, երբ Նա հայտարարում էր, թե Ինքը աշխարհ է եկել «Ճշմարտությունը» վկայելու համար: Այդ խոսքերին ունկնդիր՝ հռոմեացի դատավորը չի հապաղում հարցնել՝ «ի՞նչ է Ճշմարտությունը»:

Արդարև, կարծես թե մարդկային հավիտենական ճշմարտություններն այլևս որևէ արժեք չունեին, և Սոկրատեսները զուր էին ցմրուր ըմպել իմաստության բաժակը… Ինչպիսի՜ վաղաժամ մոռացում, որքա՜ն շուտ էր մոռացվել այդ մարդկային «ճշմարտությունը»:

Մարդիկ, որոնք ճշմարտություն են սիրում, փնտրում են այդ ճշմարտությունն ու ասում են, թե իրենք գիտեն՝ որ է այդ ճշմարտությունը կյանքի մեջ, այդ մարդի՛կ է, որ պիտի ըմբռնեն Քրիստոսի խոսքի զորությունն ու արժեքը: «Եկե՛ք Ինձ մոտ»:

Եվ դուք էլ, ո՜վ քրիստոնյաներ, չնայած որ շատ դարեր շարունակ ազգեազգ ու սերնդեսերունդ լսել եք Փրկչի ձայնը և հետևել եք Նրան, չպիտի՞ ցանկանայիք մեկ անգամ ևս անդրադառնալ այս պատվիրանին՝ «Եկե՛ք Ինձ մոտ», և չպիտի՞ կամենայիք հետևել այդ կոչին:

Այո՛, դո՛ւք, որ ճանաչում եք քրիստոնեությունը, գնացե՛ք դեպի Նա: Ձեզնից, իբրև գիտուններից ու իմաստուններից, ծածկված չէ այդ հրավերի իմաստը: Հիսուս Իր խոսքերը քարե տախտակների վրա չի փորագրել և Մովսեսի նմանողությամբ դրանք փշուր-փշուր անելով՝ չպիտի խորտակի՝ ականատես լինելով ձեր տկարությունների, ձեր մոռացումների և ձեր անհամբերության «ոսկե հորթին»:

Քրիստոս կամենում է ձեր քրիստոնեությունը, ձեր գիտությունն ու իմաստությունը տեսնել ձեր կյանքի հայելապատկերում, որպեսզի ուրիշներն էլ այդ տեսնեն և փառավորեն Հորը, որ երկնքում է:

Գնացե՛ք Նրա մոտ դուք ամենքդ, որ սիրում եք մամոնային և այս աշխարհից անդին այլ աշխարհ ու իրականություն չեք ցանկանում տեսնել, դո՛ւք, որ հավատում եք, թե այս աշխարհի գիտությունը, այս աշխարհի կյանքն ու գործունեությունը սկսվում և ավարտվում են այս իսկ աշխարհում: Դա դուք դավանում եք եթե ոչ ձեր խոսքերով, սակայն գոնե, ցավոք սրտի, ձեր ապրած կյանքով…

Արդ Հիսուս ջրհեղեղի սարսափով չի քարացնելու ձեր էությունը: Նա ձեզ մատնացույց է անելու բարի սամարացուն՝ ազնվատոհմիկության հավակնությունից զուրկ այդ ինքնաբեր քրիստոնյային. դուք ինքնե՛րդ պիտի հասկանաք, թե ի՛նչ է կյանքը, ո՛րն է քրիստոնյայի վարքը:

Գնացե՛ք Նրա մոտ դուք ամենքդ, որ միմիայն ձեր սեփական անձի համար եք ապրում: Հիսուս ձեզ պիտի սովորեցնի մի բաժակ սառը ջրի հարգը, այն մեկ լումայի արժեքը, որը սահում է այրի կնոջ մատների միջով, և ձեզ ցույց պիտի տա չկամությամբ տրված տասանորդի դատապարտությունը:

Առատաձեռնություն, վսեմություն և վեհանձնություն պիտի ուսանես հյուրընկալությանդ մեջ, որովհետև կարող է այնպես ստացվել, որ ցնցոտիների տակ «թաքնված» մեծապատիվ ճամփորդների ընդունելու լինես քո հարկի տակ (Եբր. 12։2):

Գնացե՛ք Նրա մոտ դուք ամենքդ, որ տառապում եք բարոյական կյանքի ստվերի ներքո: Նա խտրականություն չի դնի ձեր միջև: Ձեր ինքնությունն ու եղբայրությունը հայտնելու համար Նա ձեզ չպիտի չարչրկի, ինչպես Հովսեփին: Նա Իր սիրո գավաթը ծածկաբար չի թաքցնի Բենիամինների քուրձերի տակ, այլ Իր իսկ ձեռքով ձեզ կմատուցի Իր զոհաբերության գինին: Նրա մահով դուք կկենդանանաք, անմխիթար չեք մնա: Նրա մահը քրիստոնյայի կյանքն է:

Գնացե՛ք Նրա մոտ դուք ամենքդ, որ ավելի շատ սիրեցիք աշխարհի բահաղներին ու շլացաք մամոնայի տեսքով: Դո՛ւք, որ ձեր խունկերն ու մոմերը, ձեր ձեթը և նվերները, ձեր աղոթքներն ու գոհաբանությունները բոլորովին նյութականացրիք: Նա, սակայն, ձեր կորստյան միջնորդը չէ, ինչպես Եղիան:

Նրա Հայրն Իր անձրևները չի դադարեցնում մեղավորների վրա, և ոչ էլ Իր արևից է զրկում նրանց: Արդարն ու մեղավորը հավասարապես վայելում են աստվածային բարիքները, բնության պարգևներն ու առատությունները:

Քրիստոս Իր բարությամբ հաղթում է մեղավորին և չի կամենում, որ այդ մեղավորը մեռնի, այլ ցանկանում է, որ նա ճանաչի ինքն իրեն ու փրկվի: Գնացե՛ք Նրա մոտ դուք ամենքդ, որ հեռացած եք Ավետարանից, դո՛ւք, որ աղարտել եք ձեր լուսավորության կնիքը:

Հիսուս Հովնանի նման չի խուսափում Իր ձայնը հնչեցնելուց. Նա ինքնամատույց քարոզիչ է: Օ՜հ, Նա Փրկիչն է, Որը դդմենու չորացումով չի դատում Իր Հոր ամենակարող զորությունը և անսպառ գթությունը, ու Հովնանի նման չի վշտանում՝ տեսնելով, որ Իր խոսքերը ազդում և արդյունավորվում են, իսկ մարդիկ էլ սկսում են հետևել կյանքի լուսավոր շավիղներին:

Գնացե՛ք Նրա մոտ դուք ամենքդ, որ մեծ ճշմարտությունը և ճշմարտությունները հայտնելու կարողունակ շուրթեր եք փնտրում: Նրա շուրթերը, Եսայու շուրթերի նմանողությամբ, միայն Իր երկրային կյանքի մի հանգրվանում չէ, որ մաքրվել են հին զոհասեղանի նվիրական կայծերով, այլ Նա սկզբից ևեթ օծված ու պատրաստված է եղել այդ մեծ սպասավորությանը (Ղուկ. 4։17-19):

Քրիստոս լույսի նման պայծառ է, նույն ինքը Լույսն է, «որ լուսավորում է բոլոր մարդկանց»: Ա՛յն Լույսը, Որի դեմ խավարը որևէ բան անել չի կարող: Հիսուս ինքը սերն իսկ է, աստվածային հայտնությունը, որը բացահայտվում է մարդասիրության ու ընկերասիրության մեջ: Քրիստոս կյանքն իսկ է, և Նրա կյանքով է, որ մարդ երջանկանում է:

«Եկե՛ք Ինձ մոտ». ինչպիսի՜ ձայն է սա, և այս ձայնն ու հրավերը որքա՜ն են տարբերվում Հին Ուխտի ձայներից և հրավերներից: Աղքատներն ու սգավորները Քրիստոսի ձայնով են հարստանում և մխիթարվում: Հեզերն ու քաղցած-ծարավածները ժառանգում են երկիրը և կշտանում են:

Ողորմածներն ու սրբերը ողորմություն են գտնում և Աստծուն են տեսնում: Խաղաղարարներն Աստծու զավակներ են դառնում: Դյուրին չէ, սակայն, այդ վիճակին հասնելը: Այդ ճանապարհին կա նախատինք, կա հալածանք ու կա մահ, սակայն այդ ճանապարհը դեպի Երկնքի թագավորություն է տանում:

Ուրեմն առա՛ջ, քրիստոնյանե՜ր, և այս ձայնը, որն ասում է «Եկե՛ք Ինձ մոտ», թո՛ղ որ արձագանքի ձեր սրտերի խորքերում: Գնացե՛ք Նրա մոտ, որպեսզի թեթևացնեք մարմնի ու աշխարհի զբաղումներով բեռնավորված ձեր էությունը: Այլապես ո՛չ անտարբերությունը, ո՛չ էլ մեքենայական ավանդապահությունը հանգիստ չեն տա ձեր հոգնություններին:

Եթե ապավինեք միայն մկրտությամբ ստացած ձեր քրիստոնեական կնիքներին և ասեք, թե «Տե՛ր, մի՞թե Քո անունով չմկրտվեցինք, Քո անունով չմարգարեացա՞նք», այդժամ չպիտի կարողանաք մուտք գործել հարսնատուն:

Եթե ձեր տաճարների ու եկեղեցիների շքեղություններով պարծենաք, օ՜հ, Քրիստոս էլ ձեզ պիտի ցույց տա Սիոնի բարձունքը և Գարիզինի լեռները՝ հանդիմանելու համար ճշմարիտ աստվածգիտության մասին ձեր փայփայած մոլորությունները:

Քրիստոնյան մոտեցած չէ շոշափելի լեռանը, որը վրեժխնդիր է Սինայի նման: Կրակի, մառախուղի և մթության միջից ահ ու երկյուղ էր ցայտում Սինայում և նույնիսկ անբանական գազանն էլ սատկում էր՝ նրան մոտենալով: Քրիստոնյան վեր, շա՜տ վեր, կենդանի Աստծու քաղաքի՛ն է մոտեցած, ուր ամեն բան հրեշտակային է: Քրիստոնյան մոտեցած է հարություն առածներից Անդրանիկին ու Նպատակին, Նոր Ուխտի Միջնորդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Որի արյան հեղումն Աբելի արյունից ավելի խոսուն է (Եբր. 12։18-24):

Չլինի թե այս աշխարհի իմաստության ձեռքբերման համար մեր գործադրած ջանքերն ու հոգնությունները մի կողմից, հոգևոր կյանքի պետքերի համար սկզբնապես որդեգրված բազմադիմի օրենքները մյուս կողմից սահմանափակեն ձեր կյանքի նպատակը, նեղացնեն նրա հորիզոնը և արգելք դառնան՝ թույլ չտալով, որ մենք լսենք Քրիստոսի ձայնը, որն ասում է․ «Եկե՛ք Ինձ մոտ․․․ Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես հանգիստ կպարգևեմ ձեզ»։

Գիտության անհատնում բարիքներով լիացած այս աշխարհում մարդկային միտքը զարգացնելու համար հաստատված այլազան դյուրությունների մեջ, երբ մարդիկ և մանավանդ քրիստոնյաները շատ ու շատ հարմարություններ ունեն՝ տարբերակելու համար բարին ու վնասակարը, և այո՛, երբ սրտի ու մտքի այսչափ պաշարներ ունենալով՝ մարդիկ ավելի դյուրությամբ կարող են ճշտել իրենց նյութական և հոգեկան պետքերի չափն ու աստիճանը, հարկ է ավելի մեծ ուշադրությամբ և մանավանդ սիրո՛վ արձագանքել Քրիստոսի հրավերին․ «Եկե՛ք Ինձ մոտ»։

Ճշմարիտ քրիստոնյան, որը Պողոսի նման շատ մոտիկից լսել է Քրիստոսի ձայնը և գիտակցաբար հետևում է Նրան, իրենում հավասարապես միաձուլում է աշխարհի ու Քրիստոսի կյանքը՝ կործանելու համար բարոյական կյանքի իմացության ու Ավետարանի լույսի դեմ ընդվզած հպարտության ամբարտակները (հմմտ․ Բ Կորնթ․ 10։3-5)։

Դա մեծ զարգացման, մեծ գիտության հետևանքն է, քանի որ Քրիստոսի ձայնը հասնում է ինչպես աշխարհի արհամարհված ու զրկված անկյունները, այնպես էլ լսելի է դառնում բարիքների ու առատությունների մեջ լողացող զանգվածներին։

Ինչպես որ այդ ձայնը նորոգում է մեղավորների տառապալից կյանքը և սփոփում է տանջված հոգիները, այդպես էլ լուսավորում է լարված կյանքի մեքենայականությանն անշեղորեն հետևող կենցաղասերների վարքը։ Այդ ձայնը և՛ լուսավորում է բարի ու ազնիվ քրիստոնյաների էությունը, և՛ զորացնում է Իր խոսքերի քարոզությանը նվիրված սպասավորներին։

Ուրեմն Նրա մո՛տ գնացեք ձեր հոգու ողջ խոյանքով, ձեր ազնիվ ձգտումների ողջ ուժգնությամբ, ձեր բարոյական ու նյութական տկարությունների ողջ անկեղծությամբ, ձեր քրիստոնեական առաքինության ողջ թափով։ Այո՛, գնացե՛ք դեպի Նա, գնա՛նք դեպի Նա, Ով Իր հրավերի, Իր ձայնի ճշմարտացիությունը հաստատեց Խաչի մահվամբ, Նա՛, Ով Իր ողջ սիրով ասաց․ «Եկե՛ք Ինձ մոտ», Նա՛, Ով Իր արյամբ փրկագնեց մեզ, որպեսզի մենք լինենք Հայր Աստծու որդեգիրները և փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։

Բաբկեն ծ. վրդ․ Կյուլեսերյան (Կ. Պոլիս), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ․ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ