12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հիշում եմ արյունոտված Եփրատն ու Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումն Էջմիածնում

Աղավնի Մկրտիչի Մկրտչյանի վկայությունը

1909 թ., Բիթլիս

Աղավնի Մկրտչյանը բնիկ բիթլիսցի էր: Նրանց ընտանիքում մինչև ջարդերը յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Թուրքերըսպանել են նաև Աղավնիի Հորը, իսկ մայրը մահացել է Էջմիածնում` խոլերայից:Ականատեսը ներկայացնում է իրենց անցած գաղթի ճանապարհը` պատմելով արյունոտված Եփրատի ու Հովհաննես Թումանյանի հետ ճակատագրականհանդիպման մասին, գրում է armeniangenocide100.org-ը:

Մենք բնիկ բիթլիսցիներ ենք: Ես Մուխսի Վարդանի թոռն եմ: Մեր տունը թուրքերը քանդեցին: Մեր տանը յոթանասուն հոգի էինք: Մեր ընտանիքում յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Հիմա մեր մեծ գերդաստանից միայն ես եմ մնացել, մեկ էլ Միսաքը, որ Մոսկվայում գեներալ է:

Նախքան մեզ տեղահանելը, 1914 թ. եկան մեծ եղբորս թուրքի բանակ տարան, օնբաշի դարձավ: Մի անգամ եկավ մեզ տեսնելու, հայրս ասաց. – Խոսրո՜վ, լաո՜, մի՛ գնա:

Եղբայրս ասաց. – Ո՞նց չգնամ, ես օնբաշի եմ, եթե չգնամ, թուրքերը ձեզ կվառեն:

Գնաց ու ետ չեկավ: Մի քանի հայ զինվորներ որոշել են փախչել, թուրքերը կրակ են բացել, բայց մի քանիսը իրենց գցում են Արազը, փրկվում են, անցնում են ռուսի բանակը:

Հայրս փախել էր թուրքական բանակից, մտել էր մեր տան մոտի դարմանի դեզի մեջ: Օսմանյան թուրքերը եկան դուրս քաշեցին, նրան սպանեցին: Մենք մնացինք որբ:

Մեր հարևանը` թուրք Յուսուֆ էֆենդին, մեղքացավ մեզ, տարավ իր տունը: Քրդական համիդիեի զինվորները եկան, հարցրին մորս. «Ու՞ր են ոսկիներդ»: Մայրս վախից ասաց. «Հրեն, գյուգյումի մեջն են»: Թուրքերը առան ոսկիները, գնացին: Էդ թուրք հարևանը, որ մեզի պահել էր, մորս վրա նեղացավ, թե ինչու իրեն չտվեց, ու մեզ դուրս հանեց իր տնից: Դուրս եկանք, փողոցները ամբողջ սպանվածների դիակներ էին, բոլոր հայերին կոտորել էին: Մնացածներիս քշեցին` ու՞ր, չգիտենք: Ճամփին` աղմուկ, աղաղակ, իրարանցում: Թուրք ոստիկանները սվիններով խփում էին ետ մնացողներին: Գիշերները գալիս աղջիկ-կնիկներին փախցնում էին: Մորս էլ տարան բռնաբարեցին, ետ բերեցին: Լավ է հայրս սպանված էր` չտեսավ իր պատվի արատավորումը:

Հիշում եմ, գաղթի ճամփին մեր սայլը շուռ եկավ ջրի մեջ: Եփրատ գետում շատերը ողջ-ողջ խեղդվեցին, շատերին էլ սպանում ու գցում էին գետը: Այնպես որ, Եփրատ գետը ամբողջ արյուն էր:

Ոտքով քայլելով-քայլելով եկանք հասանք Կարս: Լորիս-Մելիքովի արձանը տեսանք` մի մարդ արծվի վրա էր ոտքը դրել: Էնտեղից ոտքով եկանք Իգդիր: Գաղթականների հետ եկանք Էջմիածին: Գաղթականները հիվանդ, հյուծված, ուժասպառ փռված էին վանքի պատերի տակ. ծեր, ջահել, բոլորը հիվանդ, մահամերձ: Երկու մարդ եկան, հաց ու ձու բաժանեցին երեխաներին: Մորս մի ձու և հաց տվին: Մերս ասաց. – Ես երկու ձագուկ ունեմ:

Նրանք մի ձու էլ տվեցին, ու մենք կերանք: Դու մի ասա` դրանցից մեկը Հովհաննես Թումանյանն էր: Մեկ էլ սկսվեց հորդ անձրևը: Բոլոր գաղթականները մնացին անձրևի տակ: Մերս մի մուշամբա գցեց մեզ վրա, որ չթրջվենք:

Հովհ. Թումանյանը ղրկեց ժամկոչին կաթողիկոսի մոտ, որ աբեղաների խուցերի բանալիները տա, որ գաղթականները պատսպարվեն, բայց նա հրաժարվել, ասել էր, որ խուցերը կկեղտոտվեն: Էդ ժամանակ Հովհաննես Թումանյանը վերցրեց կացինը, սկսեց խուցերի դռները կոտրել և գաղթականներին ներս առնել ու ասաց. – Գնացեք ասեք, որ ամենայն հայոց կաթողիկոսը մերժեց, բայց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը կացինով կոտրեց դռները և գաղթականներին ներս մտցրեց:

Մերս մուշամբան մեր վրայից քաշեց, վրայի ջուրը թափեց, մեզ տարավ, մտցրեց էն խուցերը` տաքացանք: Բայց առավոտյան շատերը մահացել էին արդեն: Խոլերան ահավոր չափերի էր հասել: Իմ խեղճ մերս էլ խոլերայի փայ դարձավ ու մեռավ: Ես մնացի լրիվ մենակ ու անտեր: Գաղթականների հետ եկա հասա Երևան: Երևանում մեզ լավ չընդունեցին: Մեզ «գաղթական» էին ասում:

Երևանում սովորեցի Աբովյանի անվան դպրոցում: 1933 թ. ավարտեցի Գյուղատնտեսական ինստիտուտը, որը այն ժամանակ համալսարանի ֆակուլտետն էր: 1933-1936 թթ. Ստեփանավանում աշխատել եմ գյուղատնտես: Ծանոթացել եմ Աղասի Խանջյանի հետ, իսկ Մացակ Պապյանը մեր կոլխոզի նախագահն էր: Ստացել եմ Վաստակավոր գյուղատնտեսի կոչում: Պատերազմի տարիներին թիկունքում ծառայել եմ ու պարգևատրվել: Հիսունհինգ տարի աշխատել եմ հացամթերումների նախարարությունում, որպես գլխավոր մասնագետ, ունեմ մի շարք պատվոգրեր ու գովեստագրեր:

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ,Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 20, էջ 111-112:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ