Թող ըստ քո հավատքի՛ լինի քեզ
Հավատքով է պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը։ Այն մարդուն տրված պարգև է իր Արարչի հետ հաղորդակցություն հաստատելու համար։ Հավատքի մեծությունը և զորությունը ներկայացնում է Հին Ուխտը։ Մովսեսն իր հավատքով ճեղքեց, բաժանեց ծովը և փրկության առաջնորդեց իր ժողովրդին։ Հեսուն նույնպես հավատքով բաժանեց Հորդանան գետը և անցկացրեց Իսրայելի որդիներին, ինչպես Մովսեսը արեց, իր ժողովրդի համար։
Մարդկային կյանքի ողջ անկատարությունը գալիս է հավատքի պակասությունից։ Մարդիկ փորձում են հավատքը փոխարինել ամենազանազան բաներով՝ մեծ տեղ տալով իրենց գիտելիքներին, երևակայությանը, նյութին:
Սակայն Ինքը՝ Հիսուս Քրիստոս, բազմիցս մեծարեց և դրվատեց հավատքը՝ որպես մարդու հոգևոր կյանքի էական հատկանիշ։ Տիրոջ կողմից կատարված հրաշագործ բժշկությունները զուգորդված են հավատքով, Իր աստվածային սրբարար ներգործության համար Տերը մարդուց պահանջում է հավատք։
Հավատքով մարդը մասնակից է դառնում աստվածային գործերին․ հավատքով կարելի է խնդրել ու ստանալ ամեն բան և նույնիսկ գործել այն, ինչ հնարավոր չէ մարդկային բնությանը։
Ավետարանում Աստված ոչ մի բանի վրա չզարմացավ, այլ միայն մարդու զորավոր հավատքի։ Ըստ Ավետարանի՝ հավատքով է հնարավոր հասնել հավիտենական կյանքի ժառանգությանը: Այն մուտք է դեպի երկնքի արքայություն և հոգևոր բարիքներ: Հավատքով է տեղի ունենում մարդու ներքին վերափոխման հրաշքը։ Սուրբ Հակոբ Մծբնեցին գրում է․ «Եվ մեր կենարար Տերն այսպես էր ասում նրանց, ովքեր մոտենում էին Իրեն՝ բժշկություն ստանալու․ «Թող ըստ քո հավատքի՛ լինի քեզ» (Մատթ 9: 29): Եվ մարդը Նրան ասաց․ «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ թերահավատությանը» (Մատթ 9:23)։
Գրիգոր Տաթևացին հավատքն այսպես է սահմանում․ «Հավատքն առաջնային լույսից բանական հոգու մեջ հեղված մտքի լուսավորությունն է՝ հոգևոր բարիքների ճանաչողության համար»։ Այսպիսով հավատքը հոգու լուսավորվածություն և պայծառություն է, որոշակի գերագույն վիճակ կամ գերկարողություն, որ թույլ է տալիս առնչվել մարդու համար անհասանելի և անճառելի ոլորտի հետ։
qahana.am