23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե միայն մեր անձերի համար աղոթենք, անձնասեր և անողորմ կլինենք»

Ամեն տարի Մեծ պահքի ժամանակաշրջանում Տերը աղոթքի, խոկման, ինքնաքննության, զղջման և բարեգործության հնարավորություն է տալիս բոլորին: Տերը կոչում է բոլորին ապաշխարության, որ աստվածային մեծ պարգև է, և այս կոչին արձագանքողները ջանում են այդ պարգևին արժանի պտուղներ տալ:

Ապաշխարության ոգուն համապատասխան պտուղներից է միմյանց համար աղոթելը: Կան խնդիրներ, որ մարդը միայնակ չի կարող լուծել, պարզապես բավարար չեն ուժերը և օգնության անհրաժեշտություն կա: Աստվածային պարգև է, երբ մարդն իր կողքին ունի մտերիմ մարդիկ, որ լսում, հասկանում ու աջակցում են իրեն և որոնց հետ հնարավոր է կիսել վիշտն ու ուրախությունը: Իսկ առավել մեծ արժեք ունի, երբ Քրիստոսի հետևորդները, հանուն մերձավորի, հանուն հայրենակիցների, միավորվում են աղոթքի շուրջը: Ցանկացած գործ ավելի հաջող և արդյունավետ է ընթանում, երբ միասնական է արվում: Իսկ երբ որևէ խնդրանքի շուրջը միասնական աղոթք է արվում, աղոթքի ուժը աճում է և մեծանում:

Փետրվարի 26-ին՝ Մեծ պահքի երկրորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, հանուն Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության, գերեվարված ու անհայտ կորած զինվորների վերադարձի, ուխտի մեկնեց Հաղարծնի վանական համալիր: Մինչ ճանապարհ ընկնելը ուխտավորները, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար աղոթեցին: Հասնելով սրբավայր՝ ուխտավորները մասնակից եղան Սուրբ Պատարագին, որի ավարտին հոգևոր զրույց ունեցան Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի հետ: Ուխտավորներն իրենց աղոթքի ուղին եզրափակեցին սիրո ճաշով և հոգեպես նորոգված ու զորացած վերադարձան Երևան:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ընդհանրական և միասնական աղոթքի օրինակ ցույց տվեց՝ աղոթելով ոչ միայն մենության մեջ, այլև ժողովրդի առջև (Հովհ. 11:41), Իր աշակերտների մեջ (Հովհ. 17): Վերջին Զատիկը Նա նշեց Երուսաղեմում, ուր եկել էր մասնակցելու ընդհանրական աղոթքին (Հովհ. 12:27-28), ինչպես որ հարկն էր:

«Եթե միայն մեր անձերի համար խնդրենք, անձնասեր և անողորմ կլինենք, ուստի անհրաժեշտ է նաև այլոց համար աղոթել: Առաջին հերթին պետք է խնդրել թագավորների և աստվածասեր իշխանների համար: Որպեսզի խաղաղությամբ կատարենք մեր աստվածպաշտությունը: Պետք է աղոթել նաև հոգևոր առաջնորդների համար: Պետք է հայցել նաև խաղաղություն և միաբանություն՝ համայն աշխարհի և եկեղեցու համար, օդի բարեխառնության, անձրևի ու բերքի առատության, ինչպես նաև պատուհասների և մարդկանց միջից ամեն տեսակ խռովությունների վերացման համար» (Ս. Գրիգոր Տաթևացի):

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ