Հրեա գործարարը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հունվարի 28-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու վիշտը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Իսրայելի նախագահի այդ հայտարարությունը տարատեսակ շրջանակներում մեծ աղմուկ էր առաջացրել: Օրինակ` ազգությամբ հրեա գործարար Դողան Քասադոլուն թուրքական «հուրհաբեր» լրատվականի հետ զրույցում Ռիվլինի Հայոց ցեղասպանության հայտարարության մասին, ասել է. «Իսրայելի նախագահը նշել էր, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախ կարտահայտեմ իմ անձնական կարծիքը: Թուրքերը երբեք հայերի նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել, քանի որ ցեղասպանություն իրականացնել` նշանակում է արմատախիլ անել մեկ ամբողջական էթնիկ տարր»:
Պատասխանելով լրագրողի հարցերին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը, Քասադոլուն ասել է. «Ցեղասպանությունը որևէ էթնիկ խմբի ծրագրված և հաշվարկված ոչնչացման գործողություն է: Մենք` հրեաներս, այժմ կողք-կողքի ապրում ենք ազգությամբ հայ քաղաքացիների հետ: Այդ իսկ պատճառով ոչ մեկը չի կարող պնդել, որ թուրքերը հայկական էթնոսը իսպառ վերացնելու մտադրություն են ունեցել: Իսրայելի նախագահի ելույթը դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ»:
Դողան Քասադոլուն կարծիք է հայտնել նաև , որ Իսրայելի նախագահի այս հայտարարությունը որոշ չափով դիվանագիտական քայլ կարող էր լինել` ուղղված Թուրքիային` հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունը:
Վերջում գործարարը շեշտել է, որ հրեաները միայն մեկ ցեղասպանություն են ընդունում և դա Հոլոքոստն է:
Ermenihaber.am