Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող զինծառայողի հայրը նրան “տնական տղա է” անվանել /վիդեո/
Գյումրիում օրերս ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում որդուն բնութագրել է իբրեւ “տնական տղա”: Նա ասել է, որ իրենք 6 երեխա ունեն, եւ Վալերին ամենափոքրն է, հետեւաբար` ամենասիրվածը:
Զաբայկալյեի Բալեյ քաղաքում բնակվող Պերմյակովները վախեցել են, թե իրեն տղան ինչպես է ծառայելու բանակում, քանի որ նա չափազանց “նրբազգաց ու քնքուշ է”:
“Բայց անհանգստանալու կարիք չկար, նա սիրով ծառայում էր”,- ասել է 6 հոգու, այդ թվում` մանկահասակ երեխայի սպանության մեջ կասկածվողի հայրը, գրում է lifenews.ru-ն:
Պավել Պերմյակովն ասել է, որ որդին իրենց հետ կապի է դուրս եկել հունվարի 7-ին, շնորհավորել է Սուբ ծնունդի առթիվ, ինչից հետո նրա հետ կապը կորել է: Տղամարդը պնդել է, որ որդին որեւէ դժգոհություններ չի հայտնել, որեւէ բանից մտահոգված չի եղել:
Վալերի Պերմյակովի ծնողները չեն հավատում կատարվածին: Նրանք ասում են, որ իրենց որդին ընդունակ չէ սպանության:
Այդուամենայնիվ, Վալերի Պերմյակովն արդեն խոստովանել է իր մեղքը:
Նշենք նաեւ, որ ռեպորտաժում lifenews-ի լրագրողը Գյումրին գյուղ է անվանում: